ԱՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՆՉՈՎ
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ք. Ասկերան
Հայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը` սրբազան զգացողություն։ Հայրենասիրությունը մարդու արյան մեջ է և ուղեկցում է նրան ողջ կյանքում։ Եվ պատեհ առիթ է պետք, որպեսզի այն նորովի բռնկվի՝ բոցավառելով սիրտ ու հոգի։ Արմատների կանչը ոչ քիչ թվով մարդիկ է Հայրենիք բերել։ Չկա ավելի քաղցր զգացողություն, քան կանգնել այն հողին, որտեղ ծնվել, ապրել, պայքարել, մաքառել, կյանք ու կռիվ են տվել քո նախնիները։ Ասում են` հայրենասիրությունը նաև նախնիների հիշատակը վառ պահելն է։ Աշխարհի որ անկյունն էլ ճակատագիրը նետած լինի, այդ սրբազան զգացողությունը քեզ Հայրենիք կբերի, որովհետև սաստիկ ուժեղ է արյան կանչը…
Այդ կանչով օրերս Ասկերանում էին Դահրազ գյուղի բնակիչների հետնորդներ՝ արգենտինաբնակ Կարինե Գիրգորյանն ու Հայաստանի Հանրապետության ԳԱԱ գիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Նոնա Շահնազարյանը։ Նրանց ընդունել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Ծավալված անմիջական զրույցի ընթացքում Կարինեն և Նոնան ցանկություն են հայտնել գնալ պապական գյուղ՝ Դահրազ, գտնել հարազատների տները՝ դրանք վերանորոգելու նպատակով։
Նրանք ճանապարհվեցին հայրենի գյուղ։ Տոթակեզ արևն ու խորդուբորդ ճանապարհներն արգելք չհանդիսացան հազարավոր կիլոմետրեր կտրած-անցած մեր հայրենակիցների համար, համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ, լինելու իրենց պապերի կառուցած գյուղում։ Որտեղ որ մեքենան անզոր էր անցնել, ոտքով քայլեցին, համտեսելով անուշահամ մոշն ու ըմպելով սառնորակ աղբյուրի ջուրը։ Եղան գյուղի եկեղեցում, աղոթք մրմնջացին առ Աստված՝ պահպանիչ ու ապավեն լինել հայ ժողովրդին, որպեսզի Հայրենիքի կարոտը և ոչ մի հայի սրտում չմնա։
Արահետները հետզհետե նեղանում ու անհետանում էին։ Ո՞վ գիտի, վերջին անգամ ո՞վ է այս կածաններով քայլել, որ տանում է դեպի Սումանց և Շահնազարանց գերդաստանների տները։ Կար ժամանակ` գյուղում կյանքը եռում էր, ամռան ամիսներին քաղաքներից գալիս էին հովեկները, վայելում հարազատ գյուղի մաքրամաքուր օդն ու անեղծ բնության բարիքները։
Նոնա Շահնազարյանի հիշողություններում, ով Արցախում էր ամուսնու ուղեկցությամբ, դեռևս վառ է պապիկի տան ամեն մի անկյունը։ Փոքր ժամանակ հաճախ էին գյուղում լինում, գնում Սումանց աղբյուր, Հռիփսիմեի կտուր, հավաքում բնության պարգևած բարիքները՝ մոշ, հոն, ուրց...
-Այդ տարիներին կյանքն այստեղ շատ կենսունակ էր, աշխուժություն էր տիրում ամենուր։ Այստեղ թութ էինք թափ տալիս, այստեղ դոշաբ եփում։ Իսկ ահա այստեղ վայր եմ ընկել և ցավը հիմա էլ եմ զգում, ցավ այն բանի համար, որ այս աստիճանները, որտեղով իմ նախնիներն են քայլել, այժմ խոտածածկ են։ Այս ամենը տեսնելով, սիրտս մղկտում է։ Ու ես մեծ մուրազ ունեմ՝ պապենական տունս վերականգնել։ Պատկերացնում եմ հայրս ոնց կուրախանար, իմանալով որ հայրական օջախի ծուխը կրկին վեր է բարձրանում,- ասում է Նոնան ու հավելում, որ սա իր 3-րդ այցն է Արցախ։ Առաջին անգամ հետպատերազմյան Արցախում եղել է 2001-ին, ապա 2013-ին։ Այս անգամ հստակ նպատակով է այստեղ՝ վերականգնել պապական տունը։
Բուենոս Այրես-Կրասնոդար-Արցախ. Հայրենիք հասնելու համար երկար ճանապարհ է անցել Կարինե Գրիգորյանն իր որդու հետ:
-Սրտի անհուն թրթիռով եմ կանգնած այս հերոսական հողի վրա, և շուրջս ամեն ինչ խորհրդավոր է։ Իհարկե, ցավալի է այս ավերակները տեսնելը, սակայն ուրախ եմ, որ իմ պապերի հողի վրա եմ: Զգացողություններս խառն են. մի կողմից ուրախ եմ, որ գոնե այս պատերը կան, որ այստեղ հայեր են ապրում ու այս տարածքներն այժմ էլ գտնվում են հուսալի ձեռքերում։ Ուրախ եմ, որ այստեղ ինձ հետ են իմ ընկերները, իմ տղան, ով և ժառանգորդը կհանդիսանա այս ամենի։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի վերականգնել իմ նախնիները տունը։ Իսկ դատելով տան ամուր հիմքից, միանգամայն հասկանալի է դառնում, որ պապիկս ոչինչ չի խնայել ամուր տուն կառուցելու համար։
Ես իմ Հայրենիքում եմ, իմ տանը, ու չկա ավելի ուժգին զգացողություն, քան իմանալ, որ դու քո տանն ես, շրջապատված սիրելիներով։ Լիահույս ու վստահ եմ, որ ես այստեղ եմ ապրելու։ Ու տա Աստված, որպեսզի այստեղ ապրեն նաև իմ թոռները...,- հուզմունքը մի կերպ թաքցնելով ասում է Կարինեն։
Հանդիպելով նման մարդկանց, մեկ անգամ ևս համոզվում ես, որ ինչքան էլ մարդ ապրի, արարի օտար ափերում, միևնույն է` նրա սիրտն ու հոգին Հայրենիքում են։ Թող կարոտն առ Հայրենիք երբեք չմարի նրանց սրտերում, թող միշտ հիշեն և օրերից մի օր վերադառնան։ Քանզի օտարի հողը Հայրենիք չի դառնա, այնտեղ միայն ներկան է, իսկ անցյալն ու ապագան` Հայրենիքում: