ՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ
Զորամասերում սննդի կազմակերպման գործընթացում բնակիչների հետ հնարավոր համագործակցության հնարավորությունները և ներուժը քննարկելու նպատակով ՙԵրեմյան Փրոջեքթս՚ ընկերության ներկայացուցիչները այցելել են Հադրութ և հանդիպել շրջանի համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանը։
Հանդիպումը մի նպատակ էր հետապնդում. ներկայացնել ծրագրեր, որոնք կառնչվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և տեղական արտադրանքի սպառմանը։ Ժիրայր Միրզոյանը նշեց, որ սա կարևոր խթան է գյուղատնտեսության երկու ճյուղերի` անասնաբուծության և բուսաբուծության համար։ ՙՄենք Արցախում չունենք երաշխավորված իրացում, իսկ դա գյուղատնտեսության ծրագրավորման համար կարևոր հանգամանք է։ ՙԵրեմյան Փրոջեքթս՚ ընկերությունը Հայաստանում գործող լավագույն կազմակերպություններից մեկն է, որը բավականին լուրջ և հուսալի կարգավիճակ ունի և պատրաստվում է ներկայանալ արցախցիներին։ Գարնանացան մշակաբույսերի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով, կապված այս նախաձեռնության հետ, կատարել ենք որոշակի փոփոխություններ։ Իրականացվելու է աշխատանքի պլանավորում, և գործընթացը սկսվելու է աշնանը՚,- նշել է Ժիրայր Միրզոյանը։
ՙԵրեմյան Փրոջեքթս՚ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում կբացվի 300 աշխատատեղ` 180 000-200 000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում տարբեր մասնագետների։ ՙԲացի այդ Հադրութում ունենալու ենք ընդունման կետ, որտեղ մարդիկ կարողանալու են շուկայական գներով իրացնել իրենց իսկ արտադրած գյուղմթերքը։ Որակը վերահսկվելու է շատ խիստ, լինելու են հատուկ ստանդարտներ։ Գնվող մթերքների ցանկը ներկայացվելու է բնակիչներին՚,-նշել է Դավիթ Երեմյանը։
Հանդիպման մասնակիցներն առաջադրեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղմթերքների իրացման հնարավորություններին, ժամկետներին, ինչպես նաև պատրաստվող մասնագետներին և վերապատրաստման դասընթացներին։ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ՙԵրեմյան Փրոջեքթս՚ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը պատասխանեցին ներկաների հուզող հարցերին։