[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԿԱՆ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Արցախում սեպտեմբերի 8-ին կայացած  ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի  գլխավորությամբ: Երեկ նրանք  ասուլիս հրավիրեցին` ներկայացնելու իրենց դիտարկումները:

Պատվիրակությունը եղել է Արցախի մի շարք բնակավայրերում, այդ թվում և  հեռավոր գյուղական  համայնքներում, այցելել է 37 ընտրական տեղամաս: Պատվիրակության բոլոր անդամները փաստեցին, որ ընտրությունների ընթացքից բավականին տպավորված են, նույնիսկ հիացած,  ինչը, սակայն, չի նշանակում, որ  չէին սպասում  նման ազատ, ժողովրդավար, կազմակերպված ընտրություններ: Որոշ դեպքերում արդարացրել էին սպասումները, բայց անակնկալ փաստերը նույնպես քիչ չէին, հատկապես հեռավոր գյուղերում ընթացող ընտրական գործընթացի վերաբերյալ: Վլ. Վարդանյանը ևս տեսակետ հայտնեց, որ  այն անցել է շատ կազմակերպված, ժողովրդավար և միջազգային չափորոշիչներին համապատասխան:

ՙՍա, իհարկե,  չի նշանակում, որ այն անթերի էր. կային մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք կապված են  առավելապես  օրենսդրական  կանոնակարգումների հետ՚,-ասաց նա, հավելեվ, որ արձանագրված խնդիրները  հնարավոր է լուծել, ընդ որում ` տեսանելի ապագայում, բայց կան խնդիրներ էլ, որոնք  ոչ թե դիտավորության, այլ չիմացության, իրազեկվածության պակասի հետևանք էին:  ՙԸնդհանուր  առմամբ, ինչ մենք տեսանք Արցախի Հանրապետության մայրաքաղաքում և շրջաններում, իրոք, բավականաչափ ոգևորիչ էր, որովհետև  տեսանք քաղաքացիական իրենց պարտքի հանդեպ պատասխանատվության գիտակցություն բոլոր տարիքային խմբերի, սեռի  ընտրողների մոտ: Հատկապես տպավորվել են տարեցների ակտիվությունից, որոնց մեջ մարդիկ կային, որ ընտրատեղամասը փակվելուց հետո տուն չէին շտապում, այլ սպասում էին  տվյալների  նախնական  հաշվարկի ավարտին:  Դիտորդներն ընդգծեցին, որ ընտրական գործընթացն այն ժողովրդավարական հենքն է, որ ընկած է Արցախի  պետականության հիմքում: Պատվիրակության ղեկավարը  նշեց, որ, ինչպես ինքը, այնպես էլ պատվիրակության մյուս անդամները, միակարծիք են` Արցախում տեղական ինքնակառավարման ավանդույթները ավելի խորքային  են, քան ՀՀ տարածքում, երևի նաև այն  դրական փորձի շնորհիվ, որ ունեցել են Արցախի մելիքությունները Արցախի բնակչության ներքին կյանքի կազմակերպման առումով: ՙՍա  մեծ ժողովրդավարական կապիտալ է ստեղծում հետագա գործընթացները կազմակերպելու համար՚,-համոզված են նրանք:

Պատգամավորներն անդրադարձան առկա խնդիրներին, որոնց մեջ առանձնացրին  մի քանիսը: Մասնավորապես, նշվեց, որ  արդյունավետ կլիներ, եթե քվեատուփերը լինեին առանձին.  ասենք` համայնքապետի և ավագանու անդամների թեկնածուների  քվեների  համար, ինչը թույլ կտա  դյուրին դարձնել ընտրությունների ամփոփման փուլի աշխատանքը: Օրենսդրական կանոնակարգման կարիք ունի  քվեները ծրարավորելու գործընթացը, ինչը քվեարկության արդյունքների գաղտնիության ամենաբարձր երաշխավորության շեմ  կարող է ապահովել: Այս մեթոդը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում, այն կբացառի ասեկոսեները, քննարկումները գաղտնիությունը չպահպանելու մասին:

Դիտորդները խնդիր են համարում չհրկիզվող պահարանների բացակայությունը ընտրասրահներում, դրանք, որպես կանոն, եթե նույնիսկ առկա են, գտնվում էին կամ տնօրենների սենյակներում, կամ ընտրասրահից դուրս մեկ այլ վայրում:  Անհրաժեշտ համարեցին ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստում անցկացնել դրանց նախապատրաստական փուլում` առավել պրոֆեսիոնալ աշխատելու համար, ցանկություն հայտեցին ավելի շատ կանանց տեսնել ինչպես թեկնածուների, այնպես էլ ընտրվածների մեջ:  Ցանկալի կլիներ նաև որևէ կերպ, ասենք` գույնով, տարբերակվեին դիտորդների, ԶԼՄ ներկայցուցիչների ու հանձնաժողովի անդամների անվանաքարտերը, հավատարմագրման վկայականները, ինչը նույնպես անհրաժեշտ գործոն է ընտրական գործընթացում: Դիտորդները հույս հայտնեցին, որ այս և առկա մյուս թերությունները կվերացվեն և չեն լինի արդեն հաջորդ ընտրությունների ընթացքում:

ԿԸՀ նախագահին փոխարինող  Եղիշե Արզումանյանը տեղեկացրեց, որ  Արցախի ԿԸՀ-ն   մշակում է նոր ընտրական օրենսգիրք, որը կազմելիս  հաշվի են առնվել ընտրական գործընթացներում առկա թերացումները: Արցախը հաջորդ տարի նախատեսվող համապետական ընտրություններին կգնա արդեն նոր Օրենսգրքով: Առկա թերությունները վերացնելու, այդ թվում և  մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու հարցում  ՀՀ խորհրդարանականները  խոստացան  օժանդակություն  և Արցախի ԿԸՀ-ին   ներկայացրին իրենց առաջարկները: Նշվեց, որ ընտրական օրենսդրության կատարելագործման հիմքում պետք է դրվեն  այն իրական խնդիրները, որոնք արձանագրվել են ընտրությունների դիտարկման ժամանակ: