ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՈՎ…
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ
Արցախի ամենաերիտասարդ համայնքներից է Վազգենաշենը. կազմավորվել է 2000 թվականին և պատվով կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։ Հիմնադրման օրերին գյուղում կառուցվել է ջրամատակարարման համակարգ, ինչը տարիների ընթացքում մաշվել էր։ Ինչպես համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանն է ասում՝ առանց այն էլ սակավաջուր գյուղում ջրի կորուստը մեծ էր. ՙՋրացանցը չէր արդարացնում իրեն՝ փականներն ամբողջությամբ չէին գործում։ Հնամաշ երկաթե խողովակներն էլ ջուր էին բաց թողում։ Իսկ հիմա ամբողջը փոխարինվել է նորով, ի դեպ, պոլիէթիլենային խողովակներով՚։շ
Արցախի Հանրապետության կառավարության, շվեյցարական ՙՍեդրիկ Մարտեն՚ և ֆրանսիական ՙSPFA՚ հիմնադրամների համագործակցությամբ խնդիրը վերջնական լուծում ստացավ։ Ի նշան շինարարության ավարտի՝ գյուղի կենտրոնում տեղադրվել է ցայտաղբյուր: Իսկ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանին և շվեյցարական ՙՍեդրիկ Մարտեն՚ հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Պրիվային։
Կատարված աշխատանքի համար վազգենաշենցիները երախտագիտության խոսքեր են հղել բարերարներին, նաև նրանց, ում օգնությամբ բարեգործությունը հասել է համայնք։ Ֆրանսիական ՙSPFA՚ հիմնադրամը ներկայացնող Ժակ և Սոնա Մաթոսյաններն ուրախ են, որ համատեղ ջանքերով աջակցում են Արցախի գյուղերին։ Ասում են, որ տարիներ շարունակում կազմակերպում են հանգանակություններ, որ կարողանան նպաստել հայրենիքի շենացմանը։
Համայնքի ղեկավարի խոսքով` մնում է գյուղը շուրջօրյա ջուր ունենա։ Խնդիրն այն է, որ ակունքում անհրաժեշտ ծավալի ջուր չկա։ Այս պատճառով գյուղում դժվարությամբ են զբաղվում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։ ՙFյուղը ջուր է ստանում ժամերով, օրվա ընթացքում միջինը 2-3 ժամ։ Առանձին օրերի 4 ժամ ենք կարողանում ջուր ապահովել։ Շուրջօրյա ջուր հիմնականում լինում է գարնանային և ձմեռային ամիսներին՚,- իրազեկում է Ա. Բաբայանը։
Վազգենաշենում հուսով են, որ մի օր իրենց գյուղն էլ մշտական ջուր կունենա։