ԽՆՁՐԻՍՏԱՆ. ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ, ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղը խորհրդային տարիներին ինքնաբավ համայնք էր` սեփական զարգացումն ու կենսագործունեությունն այգեգործությամբ ու հողագործությամբ ապահովող բնակչությամբ: Երկար տարիներ այստեղ գործում էր Ղարմետաքսկոմբինատի մասնաճյուղը։ Դպրոցը միշտ էլ միջնակարգ է եղել, գործել են ակումբ, տեղամասային հիվանդանոց, գրադարան, փոստի բաժանմունք, մանկապարտեզ։ Հանրապետության բազմաթիվ այլ համայնքների պես Խնձրիստանում այսօր հոգսերն ու խնդիրները քիչ չեն, լուծման ուղիները` դժվար հասանելի:
Վերջերս հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում գյուղապետ է ընտրվել Ալեքսեյ Ավանեսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր գյուղի մերձակայքում գտնվող ՙԱնի պարադիզ՚ հյուրանոցի գործադիր տնօրենի պաշտոնը: Նորընտիր ղեկավարը գտնում է, որ համայնքն իրեն է հանձնվել բարվոք վիճակում. բոլորովին վերջերս ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և կառավարության օժանդակությամբ գյուղում շահագործման է հանձնվել համայնքային կենտրոնը, որտեղ տեղակայված են գյուղապետարանը, բուժկետը, հանգստի ու ժամանցի կենտրոնը և մեկհարկանի հանդիսությունների սրահը` նախատեսված 250 հոգու համար: Երկար տարիներ համայնքը ղեկավարած Արթուր Ավանեսյանն այս ընտրություններին ձեռնպահ էր մնացել իր թեկնածությունն առաջադրելուց:
243 տնտեսություն ունի գյուղը և 870 բնակիչ: Ըստ նորընտիր գյուղապետի` համայնքը խնդիրներ շատ ունի` ճանապարհներ, փողոցային լուսավորություն, մշտական ջրի բացակայություն և այլն: Հատկապես գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման հարցն է հրատապ, որը պիտի արվի գյուղացիների համատեղ ջանքերով: Գյուղապետի համոզմամբ` եթե դա արագ չկազմակերպվի, ճանապարհների մեծ մասը մեքենաների համար առաջիկա ձմռանն անանցանելի է դառնալու: ՙՋրի պակաս ունենք, սա ևս լուծման կարոտ հարցերի շարքում է: Խնդիրներ շատ կան, նորընտիր ավագանու հետ պիտի հավաքվենք, քննարկենք, լուծման ուղիներ գտնենք,-ասում է նա: -Պետք է մտածենք փողոցների գիշերային լուսավորության ցանցն ընդարձակելու մասին, այժմ միայն կենտրոնական փողոցն է լուսավորված, նաև աղբահանության խնդիր ունենք՚: Այդ և կենսական նշանակության այլ ծրագրերի իրականացմամբ, ինչպես հավաստում է համայնքի ղեկավարը, հիմնովին լուծում կստանան գյուղի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները:
Գյուղում շատ են լքված տները, որոնք տարիների ընթացքում խարխլվել ու վթարային վիճակում են հայտնվել: ՙԱյդպիսի մի տուն նորակառույց համայնքային կենտրոնի հարևանությամբ ունեինք,-պատմում է մեր զրուցակիցը,- որը լրիվ խաթարում էր պատկերը: Ռուսաստանում ապրող տերերի հետ կապվեցինք` քանդելու թույլտվություն ստանալու համար, իսկ նրանք եկան ու կարճ ժամանակում վերանորոգեցին տունը՚: Ինչպես մնացած այլ բնակավայրերում, երիտասարդ ընտանիքները բնակարանային խնդիր ունեն, որի լուծումը գյուղապետը տեսնում է բարեփոխված վարկային ծրագրերի ու գյուղի տիրազուրկ տներն այդ նպատակին ծառայեցնելու համար միջոցներ գտնելու մեջ:
Խնձրիստանին հարակից ձորակով հոսում է Կարկառի վտակը, որը գյուղի մուտքի մոտ լճակի է վերածված: Այն առաջներում օգտագործվում էր կոլտնտեսության այգիներն ու բանջարանոցները ոռոգելու համար, հիմա վարձակալված է անհատ ձեռներեցի կողմից: Ըստ գյուղապետի` ցանկության դեպքում կարելի է այնտեղ բանջարանոցներ հիմնել ու ջուրն օգտագործել այդ հողատարածքների համար:
Յուրաքանչյուր տան դիմաց բավականին ընդարձակ տնամերձեր կան` բերքատու ծառերով, երևում է, որ այստեղ բանջարանոցներով քիչ են զբաղվում: Փոխարենը` գյուղում 7-8 խանութ կա, վաճառվում է ամեն ինչ` սնունդ ու հագուստից մինչև թարմ բանջարեղեն: Դպրոցի հարևանությամբ գտնվող խանութի վաճառողուհին` Իրինա Գրիգորյանը, ով նաև խանութի տերն է, դժգոհ չէ իր գործից, պարտքերի ցուցակն էլ որ մի քիչ կարճ լինի, մեր գործն ավելի կհեշտանա, ասում է նա:
Խնձրիստանը բարդ ու թեքադիր տեղանքում է գտնվում, գյուղի կենտրոնական ճանապարհի մի մասը սալապատված է աղյուսով, իսկ վերևում անմխիթար վիճակ է` հեղեղատներով ու փոսերով: Ասում են` ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում. եթե նորընտիր գյուղապետը մեզ հետ զրույցում ապագա անելիքներն է հստակեցնում, ապա գյուղն ամբողջ 18 տարի ղեկավարած Արթուր Ավանեսյանը, ով մինչ այդ Խնձրիստանի և հարևան Հիլիսի միասնական տնտեսության գյուղխորհրդի նախագահն է եղել, մանրամասն ներկայացնում է սեփական գյուղն իր ձեռքբերումներով ու դժվարություններով: Ըստ նախկին գյուղապետի` վերջին տարիներին արվածը քիչ չէ. պետական միջոցներով գյուղում դպրոց, առանձին մարզադահլիճ են կառուցվել, գործում է ՙՍոսե՚ մանկապարտեզը, էլեկտրական հոսանք ապահովող ցանցն է վերանորոգվել, գյուղի փողոցների մի մասի լուսավորության հարցն է լուծվել: Փոխվել է ջրամատակարարման ներքին ցանցը, մաքրվել են բոլոր ջրամբարները: Չնայած դրան` ամռան ամիսներին ջրի խնդիր են ունենում: Գյուղի վերևում գտնվող կապտաժային կառույցները վերանորոգելու հարցով դիմել են կառավարությանը: Ա. Ավանեսյանն այգեգործությունն ու անասնապահությունը եկամտաբեր ճյուղեր է համարում, ըստ նրա` մի քանի մենատնտեսներ գյուղի ներքևի գոտում մոտ 4000 մանր եղջերավորների և 300-400-ի հասնող խոշոր եղջերավորների ֆերմաներ ունեն, որոնք ամռանը սարում են պահում: Ըստ նախկին համայնքապետի` գյուղում աշխատանքի խնդիր գոյություն ունի միայն կանանց համար: Տղամարդկանց գերակշիռ մասը ծառայում է ՊԲ-ում, ՙԱրցախ ալկոյի՚ այգիներում, այլ անհատ ձեռնարկատերերի մոտ ևս մշտապես աշխատանք կա, բացի այդ, շինարարական բրիգադներ կան գյուղում, կանանց մի մասն աշխատանք է գտել նախկին Մետաքսկոմբինատի կարի արտադրամասերում:
ՙԱրել եմ այն, ինչ հնարավոր է եղել, անգամ սեփական միջոցներով եմ սկսածը շարունակել: Ինչ չեմ կարողացել անել, իմ մեղքով չի եղել,-անկեղծանում է նա:- Սկսել ենք գյուղի փողոցները աղյուսապատել, ավելի քան մի տարի է` աղյուս չեն մատակարարում, ընկերության արտադրանքի որակի հետ կապված իրավական գործընթաց էր սկսվել, այդ պատճառով աշխատանքները դադարել են, իսկ գյուղացիների մի մասի համար միակ մեղավորը դարձել է գյուղապետը: Աղքատիկ համայնքային բյուջեով ճանապարհներ չես սարքի: Մենք ինքնաբավ համայնք չենք, պետության դոտացիայի հաշվին էլ մեծ քայլեր չես կարող անել՚:
Մի քանի տարի առաջ գյուղի խնդիրները լուծելու գործում նյութական աջակցություն է ցուցաբերել ամերիկաբնակ Իդա Մելիք-Միրզախանը, ով արմատներով Խնձրիստանից է: Տեղադրվել է երեք աղբյուր, որոնց ջուրը միացվել է ներքին ջրատարին, նաև գյուղի աղբահանության խնդիրը պիտի լուծվեր, սակայն բարերարը մահացել է, մոր սկսած գործը խոստացել է շարունակել դուստրը:
Գյուղի 5 և ավելի երեխաներ ունեցող 5 ընտանիք երկու տարի է` սպասում է բնակարանի կառուցմանը, ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն դեռևս հուսադրող նորություն չկա, սպասում են:
135 աշակերտ ունեցող գյուղի միջնակարգը բարվոք վիճակում է, կառուցվել է 2003թ.` պետական միջոցներով: Փոխտնօրեն Ռոմելա Ղուլյանի տեղեկությամբ` Հիլիսում նաև տարրական դասարաններով դպրոց-մասնաճյուղ է գործում: Դպրոցն ապահովված է բոլոր մասնագետներով: Առանձին մարզադահլիճ ունեն, սակայն միջոցառումների համար դահլիճ չի նախատեսվել: Հին դպրոցի անմխիթար պայմաններում գտնվող շենքում գրադարանի ու տարբեր խմբակների համար է օգտագործվում: Փոխտնօրենը դպրոցական ամենամեծ խնդիրն աշակերտների առաջադիմության ցածր մակարդակն է համարում. վերջին տարիներին խնձրիստանցի աշակերտները տարբեր առարկաների գծով կազմակերպվող օլիմպիադաներում չեն երևում:
ՀՕՄ-ի միջոցներով ՙՍոսե՚ մանկապարտեզը գործում է 2007թ.-ից: Տնօրեն Սուսաննա Հակոբջանյանի տվյալներով` նախակրթարանը երկու խումբ ունի` 45 երեխայի ընդգրկմամբ ու երկու դաստիարակով: Նաև հարևան Հիլիսից են երեխաներ ընդգրկված: Մանկապարտեզը տեղակայված է նախկին հիվանդանոցի շենքում, ոչ տիպային է, պարբերաբար շենքում խնդիրներ են առաջանում, ամռան արձակուրդին նախկին գյուղապետի աջակցությամբ վերանորոգվել է խոհանոցի հատակը:
Գյուղի փողոցներով շրջելիս կիսաքանդ տներից մեկում հնչող մուրճի ու էլեկտրական սղոցի ձայնը մեզ ստիպեց մտնել բակ: Մինչև վերջերս տիրազուրկ համարվող տունը սեփական միջոցներով կարողացել է ձեռքբերել դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդող Սամվել Ենգիբարյանը: Երիտասարդ, աճող ընտանիք են, սպասում են երրորդ երեխային: ՙԵրկու եղբայրներով ծնողների հետ էինք ապրում, տուն կառուցելու համար լավ հողատարածքներ չկան, իսկ մեր գյուղում մի 50 դատարկ տուն կա: Այս տունը գնելու համար օգտվել ենք հնարավոր բոլոր վարկերից: Դեռ լավ է` արտոնյալ պայմաններ են գործում երիտասարդ ընտանիքների համար: Հիմա մեր ուժերով ենք վերանորոգում՚,- ասում է նա: