ԽԱՉԵՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՎԱԽԵՑՈՂ ՉԿԱ...
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Վերջերս Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում էինք։ Գյուղն արցախցիների շրջանում ավելի շատ հայտնի է Սեյդիշեն անունով ու…սեյդիշենցիներին վերագրվող ՙՕր կա՝ յէր հընցեր՚ արտահայտությամբ, իբրև նրանց անհյուրասեր լինելու վկայություն։ Իրականում գյուղի պատմությունը բոլորովին այլ է, իսկ նրանք` Խաչենի բնակիչները, ամենևին էլ անհյուրընկալ չեն։ Նրանք արդարացիորեն վիրավորվում են սխալ մեկնաբանված այդ արտահայտությունից, քանի որ Արցախի բոլոր գյուղերի բնակիչները պատրաստ են հյուրի հետ վերջին կտոր հացը կիսելու, և Խաչենը բացառություն չէ։ Իրականում Սեյդիշեն` Սեյիդի շեն, նշանակում է ուսուցչի գյուղ։ Ինչպես մեզ հետ զրույցում գյուղի պատմությունը ներկայացրեց Խաչենի դպրոցի ֆիզկուլտուրայի թոշակառու ուսուցիչ, դպրոցի նախկին տնօրեն Գրիշա ՂԱԶԱՐՅԱՆԸ, գյուղում կիրթ, խելոք, ուսում առած մարդիկ շատ էին, իսկ նրանց ժողովրդի շրջանում ընդունված էր ուսուցիչ, հարգված մարդ ասել։
ՙԵղել է ժամանակ, երբ մեր գյուղից 5-6 ուսուցիչ է դասավանդել հարևան գյուղերից յուրաքանչյուրում,-ասում է մեր զրուցակիցը։- Խաչենը երկու ակադեմիկոս է տվել հայությանը, երկու ականավոր գիտնական՝ Սերգեյ Սարինյան, Սևակ Արզումանյան։ Նրանց պատվին թանգարան կա այստեղ, իսկ գրադարանը կրում է Ս. Արզումանյանի անունը։ Մտերիմ էի երկուսի հետ էլ և կարող եմ ասել, որ նրանք ոչ միայն ականավոր գիտնականներ էին, այլև հրաշալի մարդիկ՚։ Նա հպարտությամբ է նշում, որ Ռուսաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Սերժ Սարումյանը, ով ցուցահանդեսներով հանդես է գալիս խոշոր, համաշխարհային նշանակության մշակութային կենտրոններում, հաճախ է լինում հայրենի Խաչենում, և իր բնանկարներում պատկերում է իր փոքրիկ հայրենիքը։
Մինչ Խաչենի դպրոցը ղեկավարելը, Գ. Ղազարյանը 15 տարի աշխատել է հարևան Խնձրիստանի դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1987-92 թվականներին Ծաղկաշատի միջնակարգ դպրոցի տնօրեն էր։ Այնուհետև, մինչև 2012 թվականը ղեկավարել է Խաչենի դպրոցը։
Երբ 1989 թվականին (հայկական գյուղերի, որոնք խորհրդային տարիներին Ղարաբաղում վարվող ադրբեջանական քաղաքականության արդյունքում թուրքական անուններ էին ստացել), վերանվանման գործընթաց էր սկսվել վերածնվող Արցախում, առաջարկվել էր Սեյդիշենը անվանակոչել Աղայան, ի պատիվ հայտնի գրող Ղազարոս Աղայանի, ով իր ՙԻմ կյանքից՚ գրքում հիշատակում է, որ իր ծնողներն Արցախի Խաչեն գյուղից են, 1800-ական թվականներին Վրաստանի Բոլնիս Խաչեն են գաղթել։ Գ. Ղազարյանն առաջարկում է գյուղը հենց Խաչեն վերանվանել, իսկ Աղայանի անունը կրում է գյուղի միջնակարգը։ Ասում են, որ Աղայանների տունը եղել է կոլտնտեսության նախագահի նստավայրը, երկար տարիներ ծառայել է որպես գյուղապետարանի շենք։ ՙՄինչև հիմա մեզ ասում են Խաչենի մահլից եկածներ՚,-հիշում է Գ. Ղազարյանը։
Գ. Ղազարյանը հիմա թոշակառու ուսուցիչ է, բայց առանց գործի նստել չի սիրում. վոլեյբոլի, շախմատի և սեղանի թենիսի թիմերն է մարզում, որոնք, ի դեպ, հաճախ են հաջողություններ գրանցում տեղական ու հանրապետական նշանակության մրցումներում։ ՙԽաչենը սպորտային գյուղ է։ Մեր պատանիները և մեծահասակները հաճախ են հաղթող դուրս եկել զանազան մրցումներում և բարձր պահել հարազատ բնօրրանի պատիվը։ Այս տարի մեր պատանիներից Սեյրան Մկրտչյանը շախմատի գծով հանրապետական մրցույթում երկրորդ տեղն է գրավել։ Նա առաջին տարին է մասնակցում, այնպես որ` կարող է առաջիկայում ավելի բարձր արդյունքներ գրանցել՚,-հպարտությամբ ասում է նա։
Գյուղում գործում է ակումբ, այն բացվում է ժամը 19:00-ին, երբ գյուղացին ավարտում է օրվա գործերը և անցնում վաստակած հանգստի։ ՙԱկտիվ են մեր գյուղացիները, իսկ ակումբը ձևական բնույթ չի կրում՝ գործող է։ Բիլիարդ, թենիս, շախմատ, նարդի` երեկոյան ակումբում հավաքվողների մշտական զբաղմունքն են՚,-ներկայացնում է մեր զրուցակիցը, հավելում, որ հաճախ նրանց միջև ակումբավարի նախաձեռնութամբ առաջնություններ են կազմակերպվում։ Լավագույններին նույնիսկ պարգևատրում են։
Խաչենը վերանորոգված դպրոց ու մարզադահլիճ ունի։ Վերջինիս բացման առիթով ընկերական խաղեր էին կազմակերպել. Արցախի խորհրդարանական թիմը մրցել է գյուղի երիտասարդների հետ։ ՙԴե, իհարկե, հաղթել է Խաչենը՚,-ծիծաղելով ասում է Գ. Ղազարյանը։ Ստացել են պարգևավճար, որով միասին լավ քեֆ են արել։ ՙՓորձում ենք մասսայականացնել սպորտը, ինչն անչափ կարևոր ենք համարում երեխաների կրթադաստիարակչական մեթոդաբանության մեջ։ Այն համայնքում, որտեղ նրա ղեկավարները սիրում են սպորտը, այն կզարգանա, եթե ոչ՝ դժվար է՚,-համոզված է նա։ Բազմամյա մանկավարժական փորձ ունեցող Գ. Ղազարյանը կրթական համակարգի բարեփոխման անհրաժեշտություն է տեսնում։ Իսկ որպեսզի կրթությունն արդյունավետ լինի, երեխաներն ուզենան սովորել, զարգանալ, պետք է խթանել, որ դպրոցում դասավանդեն բարձրակարգ մանկավարժներ։ Դրա համար պետք է խրախուսել հենց լավագույններին, նրանց, ովքեր իսկապես արժանի են։ Բոլորին նույն ձևով արժևորելը ճիշտ չի համարում, ուսուցիչներն, ինչ խոսք, պետք է լավ վարձատրվեն, բայց ըստ կատարած աշխատանքի։ Նրանք էլ պետք է ձգտեն ինքնակրթվել, վերապատրաստվել, քանի որ հենց մրցակցության մեջ է ծնվում լավ մասնագետը։
Արցախյան պատերազմին մասնակցել է գյուղի ողջ երիտասարդությունը, 10 զոհ ունի Խաչենը։ Նրանց և Հայրենական մեծ պատերազմում զոհված խաչենցիների պատվին հուշարձան է գյուղում կանգնեցված։
Խաչենը շրջանի միջին մեծության համայնքներից է, բնակչության թվաքանակը 330 է, իսկ տնտեսությունների քանակը` 92. Խաչեն համայնքի քարտուղար Քրիստինե Գրիգորյանն է հաղորդում պաշտոնական տեղեկատվությունը` նորընտիր համայնքապետը դաշտում էր։
Բնակչության մոտ 80 տոկոսն աշխատունակ է։ Ավելի քան 100 հոգի աշխատում է համայնքային գերատեսչություններում՝ դպրոցում, ակումբում, գրադարանում։ Կան ՊԲ ծառայողներ նույնպես։ Խաչենում հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Վարելահողերը հիմնականում սեփականաշնորհված են, մոտ 45 հա էլ վարձակալված վարելահող ունեն։ 13 երեխա մանկապարտեզ է հաճախում, 46-ը՝ դպրոց։ Այդ երկու կրթօջախում էլ շենքային պայմանները լավ են, դպրոցը կառուցվել է 2001 թվականին, իսկ մանկապարտեզն ակումբի և բուժկետի հետ տեղակայված է համալիր շենքում, որը 2008 թվականին է շահագործվել։ Նոր ջրագիծ ունեն գյուղում, որի շնորհիվ ջուրը մշտական է, եկեղեցին ևս վերջին տասնամյակում է վերանորոգվել։ Համայնքը գազիֆիկացված է, ընդամենը երկու տնտեսություն է, որ կապույտ վառելիքից չի օգտվում գիծը հեռու լինելու պատճառով։ Կա ինտերնետ և բջջային կապ, երթուղայինները ապահովում են մայրաքաղաքի ու շրջկենտրոնի հետ տրանսպորտային կապը։ Խնդիրներից համայնքապետարանում առանձնացրին անբարեկարգ գյուղամիջյան ճանապարհները։ Դրանք, ճիշտ է, տարին մեկ անգամ համայնքի միջոցներով փորձում են խճապատել, բայց սելավների պատճառով այն երկար չի ծառայում։
Բայց Խաչենում խնդիրներից չեն վախենում, գիտեն` լուծելի են։ Անհրաժեշտ կլինի ընդամենը աշխատել, աշխատել ու էլի աշխատել։ Իսկ Խաչենում աշխատանքից վախեցող չկա։