ԱՆԲԱՍԻՐ ԱՆՈՒՆ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
(դիմանկարի փոխարեն)
2019-ի հոկտեմբերին լրացավ Արցախի մայր բուհի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու Հեղինե (Լենա) Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը (նա մեզանից հեռացել է 67-ի մեջ)… 3 տարի է, ինչ ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնում բացակայում է նրա ազնվացնող, դասախոս-գիտնականի կոչումն իր բարձրության վրա պահել պահանջող և զգաստացնող ներկայությունը…
Նա անձնական օրինակով է (անցյալ ժամանակով չեմ կարող արտահայտվել) դաստիարակում իր սանուհիներին և շրջապատին։ Ճշմարիտ մտավորական է, բազմազավակ մայր, անձնվեր հայուհի, օրինակելի դասախոս։ Առողջ հումորի բնածին օժտվածություն ունի և ստեղծագործելու ձիրք։ Ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ գրիչ, Հեղինե Գրիգորյանն ունի իր մոլորակը, որն ինքնատիպ է և անկրկնելի։
Երբեք չխաթարեց մարդու և մանկավարժի իր անբիծ նկարագիրը։ Արհամարհեց նյութն ու նյութամոլությունը։ Անընդհատ ինքնակատարելության էր ձգտում: Կեղծիքի ներկայությունը նրան հանում է հունից և առանց կեղծ քաղաքավարության, իրերին իրենց անուններն է տալիս… Ամբոխին հաճոյանալը խորթ է նրա կերտվածքին։ Չի վախենում հոսանքին հակառակ գնալուց։- Ձայն բազմացը միշտ չէ ձայն ճշմարտության,- ասում է։ Առանց չափազանցնելու, փաստում եմ, որ բոլոր առումներով, աստվածային լինելու չափ, անաղարտ է Լենա (Հեղինե) Գրիգորյանը։
Չերկնչեց և եղավ Արցախի ազատագրական շարժումը կազմակերպողներից մեկը, ամուսնու՝ Կոմիտաս Դանիելյանի հետ։ Հարկ չկա ասելու, կարծում եմ, որ ազգայինն արմատախիլ անող ԽՍՀՄ բռնատիրության ժամանակներում, հիրավի, խիզախություն է լինել ազգային-ազատագրական պայքարը կազմակերպողների շարքում… Երբ պատմական ճշմարտությունը վերականգնելու և մայր Հայաստանին վերամիավորվելու՝ արցախահայության արդար պահանջին, մեր երբեմնի ՙեղբայրական՚ Ադրբեջանը Սումգայիթի ու Բաքվի նախճիրով պատասխանեց և պատերազմ պարտադրեց Արցախին, Հեղինե Գրիգորյանի ուսանող առաջնեկը՝ Նարեկը, առաջին կամավորականներից եղավ… և չունեցավ հայրենի հողում ամփոփվելու բախտը… համարվեց անհայտ կորած։ Իր ռոմանտիկ սիրո անդրանիկ պտուղ Նարեկի նման կորուստը կսկիծով լցրեց մոր փխրուն սիրտը. Սակայն Տերը, ում խոնարհ ծառան է Հեղինե Գրիգորյանը, ՙտառապանքից լույս քամելու առեղծվածն էր՚ շնորհել նրան և ցավից ծնվեցին հերթական գրքերը, որոնք հետմահու ամբողջացրեց և միհատորյակ կազմեց, ցավոք, արդեն, նույնպես լուսահոգի Կոմիտաս Դանիելյանը։ Սույն հոդվածի նպատակը, նոր լույս ընծայված միհատորյակը գրախոսելը չէ. դա, անկասկած, կանեն մեր գործընկերները։
Բարոյական պարտքս եմ համարել, որպես Հեղինե Գրիգորյանի նախկին սանուհի, իսկ այնուհետև ՝ գործընկերուհի և հոգեկից, ուրվագծել նրա դիմանկարը…
Մարդու և մտավորականի՝ նրա հազվագյուտ տեսակի նկատմամբ ունեցած խորին հարգանքը մղեց ՝ գրիչ վերցնելու և ոգեկոչելու մեզնից անժամանակ հեռացած սիրելի դասախոսի պայծառ հիշատակը, ով ոչ միայն իր հեղինակային գրքերով, այլև իր առինքնող կերպարով կերտել է անմահության իր հուշարձանը…
;