ՙԸՆԴՈՒՆԵՔ ՄԵՐ ՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԼԸ, ԲԱՅՑ ՄԻ՜ ԵՂԵՔ ԱՆՏԱՐԲԵՐ...՚
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Օրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՙՈրոշում քաղաքացիական նախաձեռնություն՚ և ՙԱրցախի կույրերի միություն՚ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում` նվիրված Հաշմանդամների պաշտպանության միջազգային օրվան։ Ներկա էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը, հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման, առողջապահության, քաղաքաշինության, կրթության, գիտության և սպորտի նախարարությունների ու շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
ՙՈրոշում քաղաքացիական նախաձեռնություն՚ ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանի խոսքով՝ հաշմանդամների պաշտպանության ոլորտում դեռևս կան չլուծված խնդիրներ, և այդ ամենը պետք է բարձրաձայնել ու տալ համարժեք լուծումներ։ Միջոցառման նպատակն էր անդրադառնալ սահմանափակ կարողություններով անձանց խնդիրներին, մասնավորապես՝ առողջապահական, սոցիալական, կրթական և կենսական այլ նշանակության հարցերին ու համատեղ փնտրել դրանց լուծման արդյունավետ տարբերակները։
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը քննարկվող խնդիրների վերաբերյալ ներկայացրեց մի քանի դիտարկումներ։ Նրա պարզաբանմամբ՝ նման քննարկում կայացել էր նաև անցյալ տարի, սակայն համատեղ քննարկված խնդիրների մի մասը միայն որոշ չափով է լուծում ստացել։ ՙԱնկեղծ ասած որպես Մարդու իրավունքների պաշտպան և հաշմանդամություն ունեցող անձ` ես բավարարված չեմ բարձրացված խնդիրների այս մեկ տարվա լուծումներով, քանի որ էական փոփոխություններ համակարգում տեղի չեն ունեցել։ Դա նաև մեր` հաշմանդամներիս, ինչպես նաև ՀԿ¬ների պասիվ աշխատաոճի, պետական կառույցների իներցիոն գործունեության պատճառով է՚,¬ նշեց Ա. Բեգլարյանը։ Անդրադառնալով սահմանափակ կարողություններով անձանց հիմնախնդիրներին ու սոցիալական իրավունքին` օմբուդսմենը նշեց, որ դրանք իրար հետ փոխկապակցված են. այսպես, ֆիզիկական միջավայրի մատչելիության և տրանսպորտի խնդիրները բացասական կերպով են ազդում հաշմանդամների սոցիալական ներառմանը, կրթության իրավունքի իրացմանը, զբաղվածության խնդիրներին։ Տարվա ընթացքում ՄԻՊ-ի աշխատակազմն իրականացրել է հաշմանդամների ֆիզիկական միջավայրի մատչելիության համապարփակ հետազոտություն, պարզելու, թե Արցախում ինչ խնդիրներ կան վարչական, կրթական, առողջապահական, մշակութային, հին և նոր կառուցված շենքերի մատչելիության առումով։ Հետազոտություններն ամփոփման փուլում են, և մինչև տարեվերջ արդյունքները ՄԻՊ¬ը կներկայացնի հանրությանը։ Դիտարկված վարչական, ուսումնակրթական և 74 այլ շենքերի ճնշող մեծամասնությունը բացարձակապես մատչելի չեն եղել հաշմանդամների տեղաշարժի համար։ Միայն Հանրապետական բժշկական կենտրոնի շենքն էր լիովին մատչելի սահմանափակ կարողություններով անձանց համար։ Դիտարկումները փաստում են, որ հաշմանդամները ֆիզիկական լուրջ խոչընդոտներ ունեն լիիրավ կյանքի, զբաղվածության, կրթության և ըստ այդմ էլ` հասարակությանն ինտեգրվելու համար։ Հաշմանդամների հարցերի արդյունավետ լուծման համար դեռևս բավարար պայմաններ չկան։ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից հաշմանդամների համար իրականացվող պետական ծրագրերը բավարար չեն առկա խնդիրները լիարժեք լուծելու համար։ Նրանցից շատերին հաշմանդամները նույնիսկ տեղյակ չեն։
ՙՄենք պետք է օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց հաղթահարելու հոգեբանական պատնեշները և ձեռք բերելու համապատասխան կարողություններ ու հմտություններ, որովհետև բարձրագույն կրթությունը երբեմն հավասար պայմաններով հասանելի չէ հաշմանդամներին։ Կարևոր է նաև հաշմանդամների հիմնախնդիրներին վերաբերող ծրագրերի և այլ հարցերի քննարկումների ժամանակ մասնակից դարձնել հենց շահառուներին, որովհետև շատ հաճախ տեսական ծրագրերը մշակվում են առանց սահմանափակ կարողություններով անձանց մասնակցության։ Իսկ դա չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին՚,¬ նշեց օմբուդսմենը։ Այս և այլ հարցերի ճշգրիտ լուծմանը կարևոր դերակատարում ունեն շահագրգիռ կառույցները, հասարակական կազմակերպությունները և հենց իրենք՝ հաշմանդամները, որպեսզի պահանջատեր լինեն պետական լիազոր մարմիններից՝ նշյալ հարցերն իրենց մասնակցությամբ քննարկելու համար։ ՙՈրոշում քաղաքացիական նախաձեռնություն՚ ՀԿ խորհրդի նախագահ Սևակ Հակոբյանն անդրադարձավ հաշմանդամների հիմնախնդիրները կարգավորող օրենսդրության որոշ թերություններին, դրանցից բխող խնդիրներին։ Նա հույս հայտնեց, որ երբևէ կունենանք պետական ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ, որ ԱՀ¬ի պետական պաշտոնյան, ինչպես նաև հասարակության յուրաքանչյուր անդամ հայրենասիրությունն ու մարդասիրությունը կապացուցի գործնականորեն։ ՙԵլարան՚ ՀԿ¬ի հիմնադիր Մարինե Մկրտչյանն իր հերթին ներկայացրեց կառույցի մեկ տարվա կատարած աշխատանքները։ Յուրահատուկ խնդիրներով երեխաների հարցերով զբաղվող կազմակերպությունում արդեն 15 երեխա հատուկ ադապտացիոն ծրագիր է անցնում համապատասխան մասնագետների օգնությամբ։ Մ. Մկրտչյանը խոսեց քաղաքացիական հասարակության կայացման, ներառական կրթության, ՀԿ¬ների դրամաշնորհների թափանցիկ ու ճիշտ բաշխման, հաշմանդամ երեխաների ծնողների իրավունքների և այլ հարցերի մասին։ Մարդու իրավունքների պաշտպանը հավաստեց, որ այդ և մյուս, հատկապես ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհների ճիշտ բաշխման հարցով զբաղվել և այսուհետ էլ բարձրաձայնելու է։ Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը կարևորեց նման քննարկումները և նշեց, որ դրանք պետք է լինեն պարբերաբար ու հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող յուրաքանչյուր հասարակական կառույց հաշվետվությամբ հանդես գա տարվա ընթացքում կատարած աշխատանքների համապարփակ վերլուծությամբ։ Նա կոչ արեց քննարկմանը մասնակից շահագրգիռ կառույցներին միավորվել, մեկ կամ երեք ամիսը մեկ, քննարկել ոլորտի հիմնախնդիրները, փնտրել արդյունավետ լուծման տարբերակները և դրանք առաջնահերթության կարգով ներկայացնել լիազոր մարմիններին, պետական կառույցներին։ Ներկաները ողջունեցին առաջարկությունը և հույս հայտնեցին, որ այսուհետ համատեղ ուժերով հետևողական աշխատանք կտանեն։ Քննարկման ընթացքում մասնակիցներին խորհելու տեղիք տվեց հաշմանդամ Արփինե Հարությունյանի կյանքի ուղին ու ձեռքբերումները, հաշմանդամների խնդիրների լուծման նրա պատկերացումները և հնչեցրած արտահայտությունը. ՙԸնդունեք մեր տարբեր լինելը, բայց մի՜ եղեք անտարբեր՚: Օմբուդսմենը հավելեց, որ հաշմանդամների խնդիրների մի մասն էլ գալիս է մեր բոլորի ընկալումներից, դրանք պետք է փոխվեն, և հաշմանդամներն էլ իրենց հերթին լինեն ակտիվ, տեղեկացված ու նախաձեռնող։ Ամեն դեպքում նշյալ խնդիրների լուծումները պահանջում են համակարգային բարեփոխումներ։