ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Ստեփանակերտի մամուլի ակումբի և ՙՀանրային օրակարգ՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված ՙՔաղաքացիական լրագրություն` չաշխատող կանանց համար՚ ծրագրի ավարտի կապակցությամբ օրերս կազմակերպվեց միջոցառում, որի շրջանակներում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ հանրության դատին էլ ներկայացվեց նրանց մեկական հոդվածներից կազմված ժողովածուն։ Ներկա էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ծրագրի կազմակերպիչները, մարզիչներ, մասնակիցներ։
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը շնորհավորեց ՙՔաղաքացիական լրագրություն՝ չաշխատող կանանց համար՚ նախագծի 3-րդ խմբի մասնակիցներին և ողջունեց արդեն ձևավորված 4-րդ խմբի անդամներին։ Ամփոփելով ծրագրի արդյունքները` Գ. Բաղդասարյանը հույս հայտնեց, որ մասնակիցները կլինեն իրազեկ ու գիտակից քաղաքացիներ՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ։ Նախագծի 10 ամսվա (ամսական երկու անգամ) սեմինար- դասընթացները վարել են փորձառու լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք հիմնականում անդրադարձել են ժողովրդավարության հենասյուներին, մարդու հիմնարար իրավունքներին, գենդերային հարցերին և, ընդհանրապես, քաղաքական ու հասարակական կարևորագույն թեմաներին։ Մրցութային կարգով ընտրված 10 կանանց հնարավորություն է ընձեռվել մտքեր փոխանակել, բանավիճել և արծարծված թեմաների շրջանակներում արտահայտել իրենց ուրույն կարծիքը, ինքնադրսևորվել ու ճիշտ արձագանքել հասարակական այս կամ այն խնդրի վերաբերյալ։ ՙԴասընթացների ընթացքում փորձում ենք օգնել, որ մասնակիցների մոտ ձևավորվի այլընտրանքային հայացք, որ կյանքի տարբեր երևույթներին, իրավիճակներին նրանք փորձեն նայել լայն մտահորիզոնով, այլ տեսանկյունից։ Իսկ թե ինչ է ստացվել արդյունքում, թողնում ենք սույն ժողովածուի ընթերցողների դատին։ Ամեն անգամ շեշտել ենք, որ ծրագիրը լրագրողական դպրոց չէ, ինչը շատ ավելի դժվար գործ է, որովհետև կայացած լրագրող դառնում են համալսարանական կրթությունից հետո` երկար տարիների ընթացքում։ Պարզապես նախագծի մասնակիցներին ներկայացնում ենք քաղաքացիական լրագրության հիմքերը և օգնում, որ նրանց մոտ ամրապնդվի քաղաքացիական դիրքորոշումը, կեցվածքը՚,-նշեց Գ. Բաղդասարյանը։
Երեք խմբերում էլ դասավանդել են արհեստավարժ մարզիչներ։ Ծրագրի համակարգող Ալբերտ Ոսկանյանը տեղեկացրեց, որ նույն օրը կայացել է 4-րդ խմբի առաջին դասընթացը, որը վարել է մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը։ Դասընթացավար Ժաննա Կրիկորովան հույս հայտնեց, որ նախագիծը մասնագիտական ու անհատական զարգացման լայն հնարավորություններ կստեղծի կանանց համար։ ՙԱյս նախագիծը հավանում եմ հատկապես այն բանի համար, որ կանանց է ընդգրկում, որովհետև իրականում մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ իգական սեռի ներկայացուցիչներին անհրաժեշտ է ինքնաարտահայտվել, իսկ հասարակությունը հաճախ հնարավորություն չի ընձեռում նրանց ներուժը բացահայտելու համար։ Կարծում եմ, այս դասընթացներն օգտակար եղան նրանց՚,-ասաց Ժ. Կրիկորովան։ Ծրագրի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ, անկախ ամեն ինչից, նշյալ խմբերի անդամները կլինեն իրազեկ ու գիտակից քաղաքացիներ՝ գտնելով իրենց արժանի տեղն ու դերը մեր հասարակությունում։