ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020թ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է տարեկան և եռամյա ծրագրերի համաձայն։ ԱՀ կառավարության ներկայացմամբ` ԱԺ-ի կողմից հաստատվում են նշյալ եռամյա ծրագրերը: Դրանցով սահմանվում են պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, բնապահպանական բնագավառների։ Ընդ որում, այդ ուղղություններն ապահովող միջոցառումները սահմանվում են տարեկան ծրագրով, որն էլ հաստատում է պետական վիճակագրական խորհուրդը։ Հունվարի 16-ին ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում կայացավ վիճակագրական պետական խորհրդի նիստը, որտեղ էլ հաստատվեց 2020թ. ԱՀ ազգային վիճակագրական ծառայության 2020թ. աշխատանքների ծրագիրը։
ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի պարզաբանմամբ՝ ծրագիրը հաստատելիս հաշվի են առնվել ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման, տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափության և այլ սկզբունքներ։ Ամեն տարի այս ծրագիրն ընդունվում է տվյալ տարվա պետական բյուջեի հաստատումից հետո՝ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ հաշվի են առնվում նաև այն ռեսուրսները, որոնք հատկացվում են Ծառայության աշխատանքների իրականացման և ցուցանիշների կայուն պարբերականության ապահովման համար։ Բացի դրանից, նիստի օրակարգում ներառված էին նաև անհատական բնակարանային շինարարության դիտարկման հարցաթերթերը հաստատելու մասին, ինչպես նաև գործող վիճակագրական հաշվետվություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը։ Վիճակագրական պետական խորհրդի անդամները նախօրոք տեղակացված էին օրակարգի հարցերին և համատեղ առաջարկությունների, քննարկումների արդյունքում միաձայն քվեարկել են նշյալ ծրագրի ու դրույթների ընդունման օգտին։
Մ. Մինասյանն անդրադարձավ ծրագրի հիմնական դրույթներին, նշելով, որ նախագծի աշխատանքներն սկսել են անցյալ տարվա հուլիս¬օգոստոս ամիսներին։ Նոյեմբերին նախագիծը տեղադրված էր Ծառայության պաշտոնական կայքէջում, որպեսզի աշխատակազմն ու արտաքին սպառողները հնարավորություն ունենան ծանոթանալու և ներկայացնելու իրենց դիտողություններն ու կարծիքները։ Վերջին 1,5 ամսվա ընթացքում աշխատանքներն ընթացել են հավաքագրված այդ կարծիքների ու դիտողությունների հաշվառումով։ 2020թ. ծրագիրը կազմվել է ՙՊետական վիճակագրության մասին՚ ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի և ՙԱրցախի Հանրապետության 2018-2020թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին՚ օրենքի դրույթներով սահմանված պահանջներին համաձայն։ Այն ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական աշխատանքների ցանկը։ Ընդհանրապես ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա։ Անդրադառնալով ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովմանը` ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը նշեց, որ իրենց աշխատանքներն իրականացնելիս մշտապես փորձում են հետևել միջազգային մեթոդաբանությունում կատարված փոփոխություններին, որովհետև հաշվարկվող ցուցանիշները ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին սպառման համար են։ Ընդհանուր առմամբ՝ վիճակագրական ծառայության կողմից 2020թ. նախատեսվում է տարբեր պարբերականությամբ իրականացնել շուրջ 330 վիճակագրական աշխատանք, որի հիմքում ընկած է լինելու տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հավաքագրվող շուրջ 200 նմուշի վիճակագրական հաշվետվությունների մշակում և ամփոփում, որոնց արդյունքներն էլ կհրապարակվեն։
2020թ. Արցախում առաջին անգամ կիրականացվի համատարած հաշվառում գյուղատնտեսության ոլորտում։ ՙԱյս աշխատանքը բավականին բարդ ու պատասխանատու է` նկատի առնելով ոլորտի ներկայիս վիճակը, աշխատանքների ընդգրկվածությունը։ Այն պետք է իրականացվի բոլոր համայնքներում։ Հիմնական աշխատանքը կկատարվի հոկտեմբերի 11-31-ն ընկած ժամանակահատվածում, բայց 2019թ. 2-րդ կեսից այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվել երեք համայնքում։ Նշյալ հաշվառման արդյունքները կհրապարակվեն 2021թ.՚,¬ տեղեկացրեց Մ. Մինասյանը։ Նիստի ընթացքում քննարկեցին նաև հետազոտական 5 աշխատանքների ծավալները, որոնցից աշխատուժի շուկայի հետազոտությունը նույնպես կկատարվի առաջին անգամ։ Այն կիրականացվի ողջ տարվա ընթացքում, որի արդյունքում կլինեն աշխատաշուկայի վերաբերյալ ավելի իրատեսական ցուցանիշներ։ Այս և մյուս ծրագրերը ֆինանսավորվում են պետբյուջեով (18,8 մլն դրամ)։ Հաստատված ծրագրով այս տարի նույնպես կշարունակվեն տնային տնտեսությունների կենսամակարդակի ընտրանքային հետազոտությունը, սպառողական գների ինդեքսների հաշվարկը (հանրապետության 7 բնակավայրերում իրականացվում են սպառողական ապրանքների և ծառայությունների գների դիտարկումներ)։ Այս և այլ հետազոտական ծրագրերի շնորհիվ ըստ ոլորտների և ճյուղերի ամբողջացվում են բոլոր ցուցանիշները։ Ծառայության աշխատակազմի հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանի պարզաբանմամբ՝ արդեն մի քանի անգամ իրականացվել է անհատական բնակարանային շինարարության հետազոտությունների ծրագիրը, որի նպատակն է ամբողջացնել կատարվող շինարարության ծավալը, որովհետև երբեմն այս կամ այն պատճառով անհատական բնակարանային շինարարությունը որպես կանոն չի ընդգրկվում կամ ուշ է դիտարկվում ցանկում։ Հետազոտություններն անց են կացվելու հունվար¬փետրվար ամիսներին, որոնց արդյունքները ևս կհրապարակվեն։
Մ. Մինասյանը հավաստիացրեց, որ ծառայության աշխատանքների արդյունքները պարբերաբար կշարունակվեն տարբեր ձևաչափերով ներկայացվել հանրությանը։ 2020թ. հրատարակվելու է 16 վիճակագրական ժողովածու, որոնցից 2 խոշորները՝ եռալեզու, իսկ մյուսները կտպագրվեն երկլեզու։ Դրան զուգահեռ կհրապարակվեն 9 տեղեկագիր, վիճակագրական և վերլուծական տարբեր զեկույցներ։ Սակայն վիճակագրական ծառայության խնդիրներից մեկը կատարված աշխատանքների թվայնացման հարցն է, ինչը հատուկ ծրագիր ու ռեսուրս է պահանջում։ Ամեն դեպքում վիճակագրական ծառայության նախագահը հավաստիացրեց, որ հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն անհրաժեշտ ու հետաքրքիր հետազոտությունների արդյունքները։