ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԿՈԼԽՈԶԱՇԵՆ
Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
Մարտունի-Կարմիր շուկա ավտոմայրուղուց ճանապարհը թեքվում է աջ և զառիվեր բարձրանում: Քարքարոտ ճանապարհը տանում է հինավուրց Կոլխոզաշեն գյուղ: Պատմական աղբյուրները վկայում են, որ Կոլխոզաշենը հարյուրամյակների պատմություն ունի: Գյուղի տարածքում պահպանվում են 15-17-րդ դարերի տապանաքարեր, խաչքարեր, ինչպես նաև 19-րդ դարի կառույց Սբ. Աստվածածին եկեղեցին:
-Այստեղի բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին և հարազատ օջախին,- ասում է համայնքի ղեկավար Սևակ Բաբայանը:
Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 216 մարդ, որից 106-ը մնացել է մարտի դաշտում: 1969թ. զոհերի հիշատակին կառուցվել է հուշակոթող, իսկ 1971թ.՝ կոլխոզաշենցի, ԽՍՀՄ հերոս, հրետանու գենարալ-գնդապետ Միքայել Պարսեղովի տուն-թանգարանը, որը 2007թ. համալրվել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների և մասնակիցների մասին պատմող առանձին բաժանմունքով: Կոլխոզաշենցիներն ակտիվորեն մասնակցել են Արցախյան ազատագրական պայքարին: 1988-89թթ. գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ 17 կոլխոզաշենցի մարտիկ կյանքը դրեց հայրենիքի ազատության զոհասեղանին: Նրանցից երկուսը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և մեկը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:
Ծննդով Կոլխոզաշեն գյուղից է գրող-հրապարակախոս Հրաչյա Բեգլարյանը: Նրա անունն է կրում գյուղի միջնակարգ դպրոցը: Ս.Բաբայանի խոսքով՝ բավականին մեծ է Հ.Բեգլարյանի ներդրումը գյուղի բարգավաճման գործում:
Շրջանում ձևավորված ավանդույթի համաձայն՝ Կոլխոզաշեն համայնքի օր է ընտրվել մայիսի 11-ը: Օրվա խորհուրդը կապված է Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանի բացման օրվա հետ: Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով, օրվան նվիրված միջոցառում չկայացավ, մինչդեռ համայնքի օր նշելը լավ առիթ է տարբեր բնակավայրերում համագյուղացիներին համախմբելու և առօրյա հոգսերից կտրվելու համար:
Մեր զրույցը Ս.Բաբայանի հետ Կոլխոզաշենի ներկայի ու ապագայի շուրջ էր: Ներկան բնորոշ է բոլոր փոքր գյուղերին, իսկ ապագայի նկատմամբ Ս.Բաբայանը լուրջ մտահոգություններ ունի:
Շրջկենտրոնից 30կմ, իսկ մայրաքաղաքից 50կմ հեռավորության վրա գտնվող համայքնում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 42 աշակերտ, աշխատում՝ 19 ուսուցիչ: Աշակերտների քանակը տարեցտարի նվազում է: Դպրոցի շենքն ունի կապիտալ վերանորոգման խիստ կարիք, մարզադահլիճը գտնվում է վթարային վիճակում:
Համայնքն ավտոերթուղով կապված է մայրաքաղաքի և շրջկենտրոնի հետ:
2020թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքում հաշվառված է 52 ընտանիք՝ 204 բնակչով:
-Նախորդ տարվա համեմատությամբ բնակչության թիվը նվազել է՝ այլ բնակավայրեր տեղափոխվելու հետևանքով,- ասում է համայնքի ղեկավարը և հավելում,- համայնքում ունենք չամուսնացած երիտասարդներ՝ հիմնական պատճառը բնակարանային խնդիրն է: Ընդհանրապես, մեր գյուղից ընտանիքները կենցաղային պայմանների պատճառով են հեռանում: Գյուղը գազաֆիկացված չէ, խմելու ջրի սակավությունն ամռան շրջանում մեծ խնդիր է դառնում: Ճանապարհներն անբարվոք վիճակում են, չկա հանդիսությունների և ակումբի շենք՝ միջոցառումները կազմակերպում ենք թանգարանի շենքում: Մեր օրերում նման պայմաններին հարմարվելը բավականին բարդ է:
Համայնքի ղեկավարը նշում է, որ նախորդ տարվա գարնանացան մշակաբույսերը երաշտից տուժել են, իսկ այս տարի տեղացած վերջին ձյունը նույնպես զգալի վնաս է հասցրել հողօգտագործողներին:
Գյուղտեխնիկայի առումով վիճակը համեմատաբար բավարար է, առկա է 4 հերկի տրակտոր, 2 հացատիկահավաք կոմբայն և 1 շարքացան: Անհրաժեշտության դեպքում օգտվում են հարևան գյուղերի տեխնիկայից:
Կոլխոզաշենում քիչ չեն անասնապահությամբ զբաղվողները: Ճյուղի զարգացումը մեծ նախադրյալներ ունի: Ս.Բաբայանի խոսքով, եթե գյուղաբնակները կարողանան վարկավորումից օտվել /գրավի առարկան խնդիրներ է առաջացնում/, ապա անասնապահությամբ զբաղվողների թիվն էլ ավելի կմեծնա, նաև՝ անասնագլխաքանակը: Անասնապահության և հողագործության հետ մեկտեղ կոլխոզաշենցիները զբաղվում են նաև մեղվաբուծությամբ:
Առկա խնդիրները հաշվի առնելով, մանավանդ ընտանիքների այլ բնակավայրեր տեղափոխվելու փաստը, հարց է առաջանում. իսկ ո՞րտեղ է լուծումը։
- Պետական աջակցությունը և մատչելի պայմաններով գյուղաբնակներին վարկեր տրամադրելը,- պատասխանում է հաջողություններ ակնկալող համայնքի ղեկավարը: