ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՀԻՆ ՀՈԳՍԵՐԻՆ
ՆՈՒՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հադրութի շրջանի գեղատեսիլ վայրերից մեկում է գտնվում Ջրակուսը։ Իշխանագետի աջ ափին տեղակայված համայնքն իր կենսագրության անգամ ամենալավ տարիներին աչքի չի ընկել մեծությամբ, ունեցել է յոթամյա կամ ութամյա դպրոց, տասնամյակներ շարունակ շրջակա մի քանի գյուղերի հետ միավորված էր Տողի խաղողագործական խորհտնտեսության հետ։ Գյուղում պահպանված սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին, ըստ գյուղացիների՝ հենց այդ ժամանակահատվածը կարելի է համարել Ջրակուսի հիմնադրման տարիներ։
Մեր այցելության պահին գյուղում ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում, որոնք արդեն գյուղի կենտրոն էին հասել։ Քիչ հեռու, երկար գերանի վրա տեղավորված, գյուղի երիտասարդների աշխատանքին էին հետևում վաստակած հանգիստը վայելող տարեց ջրակուսցիները։ Բարձրաձայն նկատելով, որ հիմա ամեն գյուղի կենտրոնում նստարաններ, սեղաններ կան, փորձում եմ նրանց լուսանկարել։ ՙՀիմա ո՞ր գյուղում են թոնիրներում հաց թխում, ո՞ր գյուղում են նախիր քշում, իրենց բակում հարսանիք անում, մեր գյուղում դեռ էդ հետամնաց բաները պահպանվում են, գյուղում գերանի վրա նստելն էլ ավանդույթ է՚,-կատակելով քաղաքավարի մեզ սաստում ու մեր դիտարկումը անիմաստ է դարձնում նախկին մանկավարժ Վոլոդյա Բալասանյանը։ Անհանգիստ մարդիկ են ապրում Ջրակուսում, սիրում էր կրկնել վերջերս կյանքին հրաժեշտ տված ջրակուսցի հայտնի արվեստագետը՝ ճանաչված ինքնուս քանդակագործ ու բանահավաք, արվեստի վաստակավոր գործիչ ու դարի լավագույն մանկավարժ Մելիք Վարդանյանը, ով մի առանձնահատուկ սիրով ու նվիրումով էր կապված իր գյուղին։
ՏԻՄ վերջին ընտություններին ջրակուսցիները երիտասարդ համայնքապետ են ընտրել. Վարդան Վարդանյանը հանրապետության ամենաերիտասարդ համայնքապետերից է, ընդամենը 32 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավաբան, հասցրել է աշխատել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ԱՀ քննչական մարմիններում։ Ավելի քան 4 տարի բնակվել է ՌԴ Գեորգիևսկ քաղաքում, այնտեղ աշխատել ու տուն է ձեռքբերել, սակայն որոշել է վերադառնալ։ Ընտանիքի միակ որդին է. պետք էր, որ վերադառնայի, ասում է նա։ Խոստովանում է՝ գյուղացիների խնդրանքով էր իր թեկնածությունը դրել։
Տասնամյակներով կուտակված խնդիրների մի մեծ թնջուկ ունի գյուղը, որոնց լուծման համար ոչ միայն պետական միջոցներ ու բարերարներ, այլև նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Վարդանը լավատեսորեն է տրամադրված ծննդավայրի ապագայի հանդեպ։ Բնությունը շռայլ է գտնվել Ջրակուսի ու ջրակուսցու նկատմամբ՝ զուլալ ու առատ ջուր, անտառը՝ երկարած ձեռքի հեռավորության վրա, բնական կանաչ տարածքներ ու բերրի հողեր՝ ինչքան սիրտդ տա։ Միայն պետք է արարել ու ապրել։ Սրանք զուտ խոսքեր չեն, այլ՝ կարգախոս, որով առաջնորդվում է երիտասարդ գյուղապետը։ Գյուղամիջում հավաքված տարեցները գոհունակություն են հայտնում նրա աշխատանքից, նոր է ընտրվել բայց արդեն նոր ճանապարհ է սարքել մինչև անտառի փեշին գտնվող Խաչ աղբյուրը։ Նրա ջանքերով գյուղին մեքենա են հատկացրել, այժմ հիվանդ տեղափոխելու կամ որևէ անհետաձգելի հարցով շրջկենտրոն հասնելու համար կարելի է օգտվել այդ մեքենայից։ Բացի այդ, նախկին ակումբի տեղում՝ Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում զոհվածների հուշակոթողների տարածքում, որոշել է զբոսայգի հիմնել։
Ժողովրդագրական վիճակի առումով գյուղում թեկուզ դանդաղ, բայց առաջընթաց գրանցվել է. 64 տնտեսություն ու 256 բնակիչ ունի գյուղը: Վերջին տարիներին համայնքում մի շարք հարցեր լուծում են ստացել։ Դեռևս 2015թ. կառավարության ծրագրով երկու արտեզյան ջրհոր է փորվել գյուղի ստորոտում, վերանորոգվել ներքին ջրատար ցանցը, տեղադրվել ջրաչափիչներ։ Ամեն թաղում վարար աղբյուրներ կան, չնայած դրան՝ վերջին տարիներին սովորական դարձած անանձրև ամառներին երբեմն ժամային ռեժիմի են անցնում։ Գյուղում մեկնարկած՝ ներհամայնքային ճանապարհների բարեկարգման ծրագրով, նախատեսվում է սալապատել բոլոր փողոցները։ Բարեկարգման կարիք ունի նաև գյուղ մտնող ճանապարհը։
Համայնքն ընդգրկված է Ուխտաձորի ենթաշրջանի համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագրի մեջ, որի շրջանակներում մի շարք հարցեր լուծում են ստացել։ Վերանորոգվել են գյուղապետարանի և բուժկետի շենքերը։
Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: 1153 հա հողերից 927,4 հա-ն գյուղատնտեսական նշանակության են։ Վարելահողերի ընդհանուր չափը 360 հա է, որից 108,3 հա¬ն սեփականաշնորհված է գյուղացիների կողմից։ Վերջին տարիների հացահատիկայինների ցածր բերքատվությունը ստիպել է համեմատաբար խոշոր արտատերերին ուսումնասիրել այգեգործության ու բանջարանոցային կուլտուրաների աճեցման հնարավորությունները։
Արմեն Գրիգորյանը համեմատաբար խոշոր հողատերերից է, նրա գյուղտեխնիկան նաև գյուղացիներն են օգտագործում, բացի ցորենից, նաև եգիպտացորեն ու հնդկաձավար է ցանել, զբաղվում է անասնապահությամբ, կինն ուսուցչուհի է, սակայն ձեռք է մեկնում ամուսնուն։ Ընտանիքը նաև խաղողայգի ունի, մինչև 15 տոննա խաղող են ստանում սեփական այգուց, նաև խնձորենու մեծ այգի են հիմնել։ Ծնողների աշխատասիրությունը զավակներին է փոխանցվել, որդիները սեփական ուժերով տունն են վերանորոգում։ Եվ, սակայն, ըստ երիտասարդ համայնքապետի՝ այս ընտանիքի օրինակը բացառիկ կարելի է համարել, չի կարելի ասել, որ ջրակուսցիները աշխատասեր են, հատկապես՝ երիտասարդները։ Գյուղամերձ տարածքներում յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է բանջարանոցային ոռոգովի տարածք, որտեղ, սակայն, հիմնականում տարեցներն են աշխատում։
ՙՄեր գյուղը տղաներով հարուստ է, 32 երիտասարդ ունենք, չեն ամուսնանում,-ասում է գյուղի դպրոցում 40 տարի դասավանդած Սվետլանա Հարությունյանը,- այսօրվա երիտասարդը հողի հետ գլուխ չունի, հեշտ աշխատանք է ուզում ու լավ աշխատավարձ, խորհրդային տարիներին դա հնարավոր էր, մարդիկ պետության խաղողայգիներն էին մշակում, հիմա գյուղի միակ աշխատատեղը դպրոցն է դարձել, ժամանցի ու հանգստի պայմանների մասին էլ չեմ խոսում։ Դրա համար երիտասարդները իրենց ապագան գյուղի հետ չեն ուզում կապել։ Ակումբը քանդել են, պատերն են մնացել, հանդիսությունների մի սրահ ունեինք, տասնամյակներ առաջ են գյուղացիների ուժերով կառուցել, ոչ քանդում են, ոչ նորն են կառուցում։ Դպրոցի վիճակը ևս նախանձելի չէ, հին, միհարկանի շենք է, դասասենյակները չեն հերիքում։ Տղաս ու հարսս մանկավարժներ են, երեք որդի ունեն, մեծ թոռս ամուսնացել, Ստեփանակերտում է բնակվում։ Ուսուցչի աշխատավարձով էսօր ո՞վ կարող է տուն կառուցել զավակի համար՚։ Տուն կառուցողներ, սակայն, կան Ջրակույսում, վերջին տարիներին պետությունն է տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակում 5 տուն կառուցել, երկու երիտասարդ ընտանիք օգտվել է համապատասխան ծրագից՝ ստանալով 3 միլիոն դրամ և ավարտին հասցրել տան շինարարությունը։ Բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ կան, որոնք ևս ցանկություն են հայտնել պետության աջակցության դեպքում առանձնատներ կառուցել։
Գյուղապետը դժվարացավ պատասխանել, թե գյուղում քանի դատարկ տուն կա, սակայն համոզված է, որ դրանք շատ են հին ու անհնար է վերանորոգել, եթե անգամ նախկին տերերը համաձայնեն վաճառել կամ նվիրել որևէ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքի։ Համայնքային կենտրոնի երկար սպասված շինարարությունը խոստացել էին մի քանի տարի առաջ սկսել, սակայն հարևան գյուղի ղեկավարությունն ավելի ՙպնդաճակատ՚ է գտնվել։ Նախընտրական հանդիպումներին այժմ արդեն ընտրված նախագահ Արա Հարությունյանը խոստացել է ընթացիկ տարվա վերջին սկսել աշխատանքները։ Ըստ գյուղապետի՝ նման շենքի առկայությունը կլուծի գրադարանի, ակումբի ու հանդիսությունների սրահի խնդիրը։ Իսկ մինչ այդ խորհրդային տարիներին որպես խանութ օգտագործվող ու հետագայում վերանորգված ու գյուղապետարանի վերածված միահարկ շենքում է տեղակայվել թե գրադարանը, թե փոքրիկ միջոցառումների համար օգտագործվող դահլիճը։ Չամուսնացող երիտասարդների թվում է նաև գյուղապետը։ ՙԿամուսնանանք, հիմա արդեն պիտի շտապեմ,-կատակում է նա,- գյուղապետը պիտի օրինակ ծառայի՚։
Վարդանի միակ ցանկությունն է, որ իր գյուղն ամառանոց չդառնա, որ հեռացածների ժառանգները գնահատեն իրենց ունեցածն ու վերադառնան, շենացնեն ու նոր գույներ հաղորդեն Ջրակուսին։ Հուսանք, որ նա կհաջողի իր ծրագրերում։