ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՐԱՆԳՆԵՐԸ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն ամռան առաջին, այլ նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրով։ Այն սահմանվել է Ժնևում, երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում։ Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան։ Ամեն տարի այդ օրը քաղաքը լցվում է նրանց ուրախ ճռվողյունով։
Թագավարակի բռնկման պահից, սակայն, աշխարհն առճակատվեց առողջության և անվտանգության հետ կապված բարդ խնդիրների հետ, ինչի արդյունքում սահմանափակեցին նաև մարդկանց սոցիալական կյանքն ու տեղաշարժը։ Ամենախոցելի խմբում են նաև երեխաները։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված կտրուկ սահմանափակումներ, տնային նստակյաց կենսակերպ, հեռավար ուսուցում, իրավիճակով մտահոգ դյուրագրգիռ ծնողներ... Միանշանակ, այս ամենի համար երեխաները վճարում են հոգեբանական ՙբարեկեցության՚ կորստով։ Անառողջ պայմաններում առողջ սերունդ դաստիարակելն իսկապես խնդիր է։ Թեմայի շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման հոգեբան Կարինե ՂՈՒԼՅԱՆԻ հետ.
- Ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում երեխաների վրա։
- Ճգնաժամային իրավիճակներին բնորոշ են այնպիսի ինտենսիվ հույզեր ու ապրումներ, ինչպիսիք են տագնապը, վախը, դեպրեսիան, ագրեսիան, հուսալքությունը, շփոթվածությունն ու անորոշությունը։ Նման իրավիճակները մարդուն հասցնում են հոգեբանական անկման։ Հոգեբանական տեսանկյունից երեխայի հենց միայն մասնակցությունը արտակարգ իրադարձությանը դիտվում է որպես հոգեբանական տրավմատիզացիայի փաստ։ Արտակարգ իրավիճակի թոհուբոհում հայտնված երեխաներն առավել կարիք ունեն հոգեբանական աջակցության։ Այս պարագայում երեխայի հոգեվիճակն առանձնանում է տարբեր զգացողություններով ու արտահայտվում վարքագծային տարբեր դրսևորումներով։
-Ինչպե՞ս օգնել նրանց` հաղթահարել իրավիճակով պայմանավորված բարդությունները։
-Միմիայն սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ։ Միշտ հիշեք, որ երեխաների մասին կարող եք հոգ տանել միայն այն դեպքում, եթե անձամբ լավ վիճակում եք։ Երեխաները հետևում են, թե դուք ինչպես եք արձագանքում լուրերին։ Նրանք պետք է տեսնեն, որ դուք հանգիստ եք և ամեն ինչ վերահսկում եք։ Ամենակարևորը` նրանց անհանգստություններին լուրջ վերաբերվելն է։ Նրանց համար դժվար է հասկանալ այն ամենը, ինչ տեսնում են հեռուստացույցով կամ լսում այստեղից-այնտեղից։ Անվտանգ ու հանգիստ միջավայր ապահովեք ձեր երեխաների համար ու փորձեք առավել շատ ժամանակ տրամադրել նրանց։
-Մի փոքր շեղվենք թեմայից՝ համացանցային կախվածությամբ պայմանավորված ՝ ժամանակակից երեխաները զրկվա՞ծ են առողջ մանկությունից։
-Ճիշտ է, հին ու բարի բակային խաղերն այսօր փոխարինվել են թանկարժեք գաջեթներով ու օնլայն խմբակային խաղերով, բայց այդպես կտրուկ ասել, որ նրանք զուրկ են առողջ մանկությունից, կարծում եմ՝ ճիշտ չէր լինի։ Ունենք ժամանակի հետ համընթաց քայլող ու զարգացող սերունդ։
-Առողջ ու կենսախինդ սերունդ ունենալու համար անհրաժեշտ է....
-...Նախ` ունենալ առողջ ընտանիքներ` շաղախված սիրով ու հոգատարությամբ։ Չէ՞ որ սերը հրաշքներ է գործում ու այն երբեք շատ չի լինում։
-Ձեր բարեմաղթանքը նրանց տոն օրվա կապակցությամբ։
-Անհոգ, երջանիկ ու բազմագույն մանկություն աշխարհի փոքրիկներին, և թող նրանց ամեն օրը տոն լինի։