[ARM]     [RUS]     [ENG]

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԱԽՆԴԻՐ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Անցած ամառ մեր բնակչությունը բախվեց խմելու ջրի սակավության խնդրի հետ, ինչը դարձավ կառավարության համար օրախնդիր։ Հարցի լուծման ուղիների, ինչպես և բնակչությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ զրուցեցինք <<Ջրմուղ-կոյուղի>> ՓԲԸ-ի տնօրեն Մարտիկ Հայրապետյանի հետ։

-Պարոն Հայրապետյան, հունիսի 11-ին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է խմելու ջրի խնդիրը։ Ընկերությունը մշակե՞լ է խնդրի լուծման ծրագիր։
-Քաղաքում առկա խմելու ջրի վերաբերյալ խնդիրները վաղուց ուսումնասիրված և համապատասխան լուծման տարբերակով մեր կողմից բազմիցս քննարկվել և պարբերաբար վերլուծության են ենթարկվում քաղաքպետի անմիջական հսկողությամբ։ Լուծման այն տարբերակները, որոնք մեր Ընկերության կամ քաղաքապետարանի միջոցներով հնարավոր է լուծել, այսինքն՝ փոքր կամ միջին ծավալի ներդրումներ են պահանջում, անմիջապես կյանքի են կոչվում, իսկ այն տարբերակները, որոնք ըստ ներդրումների ծավալի գերազանցում են հնարավորությունները, համապատասխանաբար քաղաքապետը ներկայացնում է ԱՀ պետնախարարին կամ նախագահին։ Ձեր նշած հարցը. <<ԱՀ նախագահի կողմից հնչեցրած խնդիրը>>, I, II, III ջրամատակարարման գոտիներում մատակարարվող խմելու ջրի ավելացման մասին էր։ Համաձայն նախագահի ցուցմուքի, ստեղծվել է հատուկ խումբ՝ քաղաքաշինության նախարարի տեղակալների ղեկավարությամբ։ Հանձնախումբը տեղում ուսումնասիրել է <<26>> դիրք կոչվող տեղամասի մակերևութային աղբյուրաջրերի տեղափոխման, ֆիլտրացման և I գոտու ՕԿՋ-ի միացման հարցը։ Մասնագիտական քննարկումներից հետո քաղաքաշինության նախարարի տեղակալ Գ. Հայրիյանը տվել է համապատասխան առաջադրանքներ՝ նախագծման զուգահեռ աշխատանքները շտապ իրականացնելու մասով։ II, III գոտիների ջրի համալրման աշխատանքները քաղաքաշինության կողմից իրականացման ընթացքում են։
-Խորհրդակցության ժամանակ հարց բարձրացվեց նաև բնակչության կողմից խմելու ջուրը որպես ոռոգման օգտագործելու մասին, ինչը, անշուշտ, ազդում է խմելու ջրի ծավալի պակասեցմանը։
-Խմելու ջրի օգտագործումը բնակչության կողմից ոռոգման նպատակով օգտագործելն իրոք մեծ ծավալների է հասնում։ Ընդհանրապես, նորմատիվներով քաղաքին մատակարարվող խմելու ջրի միայն 20-30% կարող է օգտագործվել արտադրական նպատակներով, այն էլ՝ հիմնականում սննդի արդյունաբերությունում, տեխնիկական կամ ոռոգման նշանակության հարցերը Ընկերության գործունեության տիրույթից դուրս են։
-Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի բոլո՞ր թաղամասերն են մատակարարվում շուրջօրյա ջրով, եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման համար։
-Ամբողջ քաղաքը օգտվում է շուրջօրյա ջրամատակարարման ծառայությունից, բացառություն են կազմում I գոտու Կրկժան թաղամասի մոտ 15 բնակելի տներ, որոնց ջրամատակարարումը իրականացնում ենք <<Սանմաքրում>> ՀՈԱԿ-ի ավտոմեքենաներով՝ քաղաքապետի անմիջական հսկողությամբ։
-Անցած տարվա ամռանը ջրի սակավության պատճառով մայրաքաղաքի որոշ փողոցներում դադարեցվել էր շուրջօրյա ջրամատակարարումը։ Ջրի պակասություն կարո՞ղ է լինել նաև այս տարի։
-Ընդհանրապես, ջրի սակավության հարցը հիմնականում պայմանավորված է կոնկրետ եղանակից և, ինչպես Դուք նշեցիք, խմելու ջրի ոչ կենցաղային նպատակով օգտագործման ծավալների աննախադեպ աճից։ Համեմատած նախորդ տարվա հետ, ջրի ծավալների ավելացման զգալի աշխատանքներ են կատարվել ինչպես Ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության կողմից։ Ժամանակավոր, մասնակի ջրանջատումների դեպքում, ցավոք, զգալի տեղ է գրավում նաև մարդկային գործոնը։
-Անդրադառնանք ջրահեռացման և կոյուղու համակարգերի խնդրին։ Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այս ուղղությամբ։
-Յուրաքանչյուր տարի, ըստ ֆինանսական հնարավորության, կատարվում են աշխատանքներ՝ քաղաքի թաղամասերի բարեկարգմանը զուգընթաց նոր ջրահեռացման և կոյուղու համակարգեր կառուցելու հարցով։ Միաժամանակ, ըստ ֆինանսական հնարավորությունների, նոր հատվածներ են կառուցվում նաև քաղաքապետարանի կողմից։