[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ COVID-19 ՎԱՐԱԿԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Հայստանում գրանցվել է նոր վարակի 19 157, իսկ Արցախում՝ 96 դեպք։

Հունիսի 19-ի ժամը 11։00¬ի դրությամբ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի ևս 2 դեպք, իսկ ընդհանուր՝ 96 վարակակիր։ Վերջին վարակակիրները Հադրութի շրջանում օրերս հաստատված նոր կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների շփման շրջանակից են։

Ընդհանուր առմամբ՝ COVID-19 ախտորոշմամբ Արցախում ապաքինվել է 58 քաղաքացի։ Ներկայումս մեկուսացված է 93 անձ, ընդհանուր  իրականացվել է 1553 թեստավորում։

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ծրագրերի շրջանակում ԱՀ առողջապահության նախարարության Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները բուժհաստատություններում և մեկուսացման վայրերում պարբերաբար իրականացնում են հակահամաճարակային միջոցառումներ։

Իսկ հունիսի 15-ից Արցախի Հանրապետությունում բացվել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի եզակի լաբորատորիա։ Այստեղ հնարավորություն է ընձեռվել կարճ ժամկետում կատարել ոչ միայն տարբեր մանրէների և վիրուսների, այլև՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ։ Լաբորատորիան համալրված է անհրաժեշտ գույքով, նորագույն սարքավորումներով։ Արդեն տեղում իրականացվում են փորձանմուշների թեստավորումներ և դրանք այլևս չեն ուղարկվում Հայաստանի Հանրապետության նույնաման լաբորատորիա։ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի տնօրեն Օֆելյա Գրիգորյանի տեղեկատվությամբ՝ հունիսի 18-ի տվյալներով Արցախում ընդհանուր կատարվել է 115 փորձանմուշի թեստավորում։ Հետազոտվողներից 27-ը մինչև 18 տարեկաններ էին, իսկ արդեն Արցախում հաստատված  ընդհանուր 94 վարակակիրներից 42-ն արական, 52-ն՝ իգական սեռի ներկայացուցիչներ էին։ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում տեղակայված  պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիայում անվճար հիմունքներով հետազոտվում են միայն էպիդ ցուցումով քաղաքացիները։ Օ. Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքները սկսվել են ֆորսմաժորային իրավիճակում, կենտրոնի մասնագետները հետազոտական նոր մեթոդին տիրապետելու համար շարունակ կատարելագործվում են օնլայն տարբերակով։

ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը բարձր գնահատեց իրականացված աշխատանքն ու ներդրված ջանքերը և շնորհակալություն հայտնեց առողջապահության ու քաղաքաշինության ոլորտի մասնագետներին՝  կարճ ժամանակահատվածում իրականացված շինարարական ու կահավորման աշխատանքերի համար։ Նման լաբորատորիան խիստ կարևոր դերակատարում ունի նոր կորոնավիրուսի տարածման և կանխարգելման աշխատանքներում։

Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են նաև արագ թեստավորման լաբորատորիաներ։ ԱՀ մուտք գործող անձինք պարտադիր տեղում պետք է թեստավորվեն կամ ունենան ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի կամ արագ թեստի պատասխանները։

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները   Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված Նոր Խարխափուտ և Աղավնո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները պարբերաբար վերահսկում են և ցուցաբերում մեթոդաբանական օգնություն։

Այսուհետ Արցախի Հանրապետություն կարող են մուտք գործել միայն պարետի թույլտվություն ունեցող և թեստավորված քաղաքացիները։

Հայաստանում հունիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 459 նոր և ընդհանուր 19157 դեպք։ Ապաքինվել է 8266 հիվանդ, ցավոք, մահերի թիվը հասել է 319-ի։ Վերջին օրվա ընթացքում նոր կորոնավիրուսից առողջացել է 706 քաղաքացի, մահացել՝ 10 մարդ։ Մահացածները եղել են 50¬ից  94 տարեկան քաղաքացիներ։ Նրանք հիմնականում ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 9 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է։ Ներկայումս Հայաստանում COVID-19 վարակից բուժում է ստանում 10462 վարակակիր։ Կատարվել է 91943 թեստավորում։

Իսկ աշխարհում« Worldometer համաշխարհային վիճակագրական կայքէջի տվյալներով« նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8,5 միլիոնը։ Հունիսի 19-ի դրությամբ` COVID-19 կորոնավիրուսային վարակով գրանցվել է 8 մլն 583 հազար 838 դեպք։ Համավարակից մահացել է  456 428 մարդ, ապաքինվել  4 մլն 532 հազար 547 հիվանդ։ Վարակվածության ցուցանիշով շարունակում են առաջինը լինել ԱՄՆ–ն, Բրազիլիան և Ռուսաստանը։

Չորրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, հետո Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Իտալիան, Չիլին, Իրանը, Գերմանիան, Թուրքիան։ Վարակի բռնկման երկիր հանդիսացած Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում։

COVID-19-ի տարածման առումով Հայաստանն այժմ 49-րդ տեղում է։