«Մենք ենք մեր սարերը» հուշակոթող տանող մայթը նոր տեսք կունենա
Վերանորոգվում է Ստեփանակերտի Մ. Մաշտոց փողոցի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթող տանող ճանապարհահատվածի 725 մետր երկարությամբ մայթը:
Պատվիրատուն քաղաքաշինության նախարարությունն է, իսկ շինարարական աշխատանքերն իրականացնում են «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շինարարները: Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով, «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողը հանդիսանալով Արցախի յուրօրինակ խորհրդանիշերից, մեր հանրապետության զբոսաշրջային երթուղու պարտադիր հանգրվաններից է: Բացի այդ, հատկապես ամառային այս օրերին, քիչ չեն մեր հայրենակիցները, ովքեր նախընտրում են հանգստյան օրը «Տատիկ-Պապիկ»-ի մոտ անցկացնել:
Շինաշխատանքերը նպատակաուղղված են մայթի լայնացմանը՝ տեղ-տեղ՝ 3 մետր 70 սանտիմետրից մինչև 4 մետր , ինչպես նաև մայթեզային կանաչ գոտու ստեղծմանը: Մեզ հետ զրույցում «Քարավան» ՍՊԸ-ի աշխղեկ Արշավիր Ազատյանը տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքերը 10 օր է ինչ մեկնարկել են: Այս ընթացքում ամբողջությամբ քանդվել է հին ասֆալտը , կատարվել են հարթեցման ու հողային աշխատանքեր, իսկ ներկայումս ընթանում են խճապատման ու կանաչ գոտու եզրաքարերի տեղադրման աշխատանքերը: Այնուհետև նախատեսվում է ասֆալտապատում: Աշխղեկ Ա. Ազատյանի հաղորդմամբ, շինաշխատանքերը կավարտվեն առավելագույնը 10-15-օրյա ժամկետում:
Վան Նովիկով