Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈԽՎՈՒՄ Է... ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

altԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարություն էր տվել խիստ ուշադրություն դարձնել դպրոցներում վերջին զանգի հետ կապված դրամահավաքության կանխարգելմանը: Ողջունելի քայլ: Սա կարող է հանդիսանալ ներկայիս կրթօջախներում դատապարտելի այս երևույթի դեմ պայքարի սկիզբը: 
Դպրոցները մի տեսակ վերածվել են առևտրի ու ՙնորաձևության՚ յուրօրինակ թատերաբեմի: Աշակերտների մոտ, ցավոք, մրցություն է ընթանում ոչ թե գիտելիքների մակարդակի բարձրացման, ինչը ճիշտ ու տրամաբանական կլիներ, այլ ժամանակակից հագուկապի, բջջային հեռախոսների, թանկարժեք բրենդային արդուզարդի, կոսմետիկ միջոցների ու օծանելիքի և այլ ՙարժեքների՚ կրման ուղղությամբ: Նվազ եկամուտ ունեցող ծնողները բողոքում են, որ իրենց զավակները դասարանում դասընկերների կողմից ծաղրուծանակի են ենթարկվում միայն այն բանի համար, որ չունեն ժամանակակից կյանքին ՙհարիր՚ արտաքին տեսք: Եվ եթե ծնողն ինքն իրեն տարբեր անհրաժեշտ կենցաղային պարագաներից զրկելով, ի վերջո, երեխայի համար ձեռք է բերում, ասենք, բջջային հեռախոս, ապա դրանից հետո էլ չեն դադարում երեխային քննադատելուց. տեսեք-տեսեք` այն ամենավերջին արտադրության չէ կամ՝ այնքան էլ մեծ հնարավորություններ չունի: Երևույթը շարունակական ու անվերջանալի է, քանզի, ինչպես գիտենք,  նորաձևությունը կանգ չի առնում. փոխվում է առնվազն վեց ամիսը մեկ: 
Ցավոք, եթե անգամ աշակերտների միջև մրցությունն ընթանում է գիտելիքների յուրացման մասով, այնուամենայնիվ, այստեղ ևս գործում է միայն  արտաքին ձևը. այն է ` ով է ավելի հեղինակավոր մասնագետի մոտ պարապում: 
Իհարկե, կարելի է մեղքը բարդել միայն ժամանակակից կյանքի շուկայական հարաբերությունների վրա ու ոչ մի բան չձեռնարկել երևույթի դեմ, սակայն հասարակության բոլոր անդամներն էլ պարտավոր են իրենց լուման ներդնել չարիքն արմատախիլ անելու գործում: Ի վերջո, փոքրուց է սկսվում անձի ձևավորումը, ուստի այն սխալ ու կեղծ հիմքերի վրա թողնելը ճիշտ չէ: Այսօրինակ հոգեբանությամբ հասունացած անձնավորությունը տարիների հետ  ձեռք կբերի շատ ավելի վտանգավոր անձնային գծեր: Հետևաբար,  չարիքների կծիկը գնալով կմեծանա, ինչի դեմն առնելը այլևս անհնար կլինի: Մի՞թե պետք է ջայլամի պահվածք ընդունել` չնկատելուն տալով ցավալի իրողությունը: Ճիշտ է, չնայած հոգեբանության մեջ երբեմն ջայլամի ՙռազմավարությունն՚ օգնում է սթրեսներին  դիմակայելու համար, բայց որդեգրել այն որպես վարքի մշտական նորմ` անընդունելի է, հատկապես խնդրո առարկայի պարագայում: Չէ՞ որ նման հարցերում միայն ակտիվությունն ու համատեղ աշխատանքը կարող են դրական արդյունք տալ: 
Նախևառաջ, դպրոցի տնօրենությունը պետք է արգելքներ դնի նմանօրինակ շքեղությունների առաջ: Սահմանափակ հնարավորություններով ընտանիքների երեխաները չպետք է ինչ-ինչ արտաքին հանգամանքներից ելնելով, իրենց  նվաստ  զգան մյուսների առջև, հատկապես եթե ուսման մեջ շատ ավելի առաջադեմ են: Պետք է մշտապես խրախուսվեն լավ սովորողները, որպեսզի աշակերտների մոտ աստիճանաբար փոխվեն արժեքները. կեղծ ու անցողիկ շքեղությանը փոխարինելու գան մնայուն գիտելիքներն ու բարոյական արժեքները: 
Ըստ իս։ Ճիշտ կլիներ, եթե վերականգնվեր նաև անցյալի բարի ավանդույթը, երբ դպրոցականները միանման սև ու սպիտակ հագուկապով էին ներկայանում դպրոց: Բոլոր երեխաներն էլ սիրում են անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի հանրահայտ ՙՀարրի Պոտեր՚ վեպը, որի հիման վրա էլ նկարահանվել են գունեղ ֆիլմեր, որոնցում ցույց է տրվում, որ  անգլիական քոլեջներում սաները միանման են հագնվում: Նրանք, մյուս բոլոր յուրահատկություններից զատ, այս առանձնահատկությամբ էլ են տարբերվում մյուսներից: Մի՞թե նման գեղեցիկ ֆիլմերով դաստիարակվող երեխաները կընդվզեն այս ավանդույթի դեմ: Մի՞թե գեղեցիկ չէր լինի, եթե ունենայինք յուրահատուկ հագուստի մոդել, որոնք ծնողներն էլ կարող են ինքնուրույն պատվիրել իրենց հարմար, մատչելի  կտորներով: Ի վերջո, աշակերտներն այնքան պետք է հպարտանան իրենց դպրոցով ու ուսումնական գործունեությամբ, որ չամաչեն դպրոցական հագուստ կրելուց: Ցանկացած նորարարություն միայն սկզբում է դժվարությամբ ընդունվում: Ժամանակի ընթացքում գեղեցիկն ու բարին միշտ էլ հաղթում են: Իսկ այս ամենին հասնելու համար պետք է ջանան բոլորը` և՜ դպրոցը, և՜ ծնողները, և՜ հասարակությունը:
Ծնողը որքան էլ ընտանիքում ձգտի ճիշտ դաստիարակել իր զավակին, եթե դպրոցում այն չամրագրվի, երեխայի փխրուն հոգեկանում ծնողի ջանքերը գրեթե ցանկալի արդյունք չեն տա: Հետևաբար, և՜ ծնողների, և՜ մանկավարժների դաստիարակչական աշխատանքները պետք է միմյանց համահունչ լինեն: Կարևոր է նաև, որպեսզի խոսքն ու գործը համընկնեն իրար: Երբեմն ծնողները երեխաների ներկայությամբ հիացմունք են հայտնում տարբեր ճանապարհներով մեծ գումարներ ՙվաստակող՚ անձանց մասին: Դեռ ավելին,  հաճախ ենք ականատես լինում, երբ կանայք իրենց երեխաների ներկայությամբ թերագնահատում են իրենց արդար ու աշխատավոր, բայց քիչ վաստակող ամուսիններին: Բնականաբար, այսպիսի մթնոլորտում երեխայի մոտ չեն կարող ձևավորվել բարոյական նորմեր, ընդհակառակը: Երեխան դա տեսնելով` ինքն էլ է սկսում հիանալ  անաշխատ ճանապարհով գումարներ կուտակող անհատներով` իդեալականացնելով և ձգտելով նմանակել նրանց: 
Հասունացել է ժամանակը, որ կրկին սկսենք մեծարել ու հիանալ էական արժեքներով, որպեսզի աճող սերունդն էլ դա տեսնելով` որդեգրի ճիշտը և տուրք չտա արտաքին շքեղությանը:
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ 
Հոգեբան