ՇԻՆԱՐԱՐ ՊԱՊԻ ԱՋԸ
Վան ՆՈՎԻԿՈՎ
Փողոցով երթևեկող ավտոմեքենաները դանդաղեցնում են փութկոտ ընթացքը՝ անպայման հպանցիկ, բայց և հետաքրքրասեր հայացք նետելու լրագրողի հետ զրուցող շինարարին` Վալերի պապին։ Ինչո՞վ էր գրավել լրագրողի ուշադրությունը՝ ամառային արևից շիկացած ճամփեզրին աշխատող, գրեթե ասֆալտագույն դեմքով 67-ամյա շինարարը։ Աջ ոտքն անհաղորդ է ժրաջան շարժումներին։ Եզակիները կնկատեն, որ շինարար պապի համար աշխարհի ծանրության կենտրոնը միայն ձախ կողմ ունի։
Խորհրդային ժամանակներում Վալերի (Գալստյան) պապն էլեկտրիկ էր, հետո՝ շինարարության բրիգադիր։ Հետխորհրդային արցախյան իրականությունը՝ 88-ին, պապը դիմավորեց Կրկժանում՝ թուրքերի հետ քարումահակով կռիվ տալով, ավելի ուշ նաև ինքնաշեն զենքով ու ինքաձիգով ազատամարտում։ Պատերազմը Վալերի պապի համար ավարտվեց Ակնայում, որի ազատագրմանը մասնակցում էր ինքնապաշտպանության ուժերի 3-րդ գումարտակի կազմում։
Այնքան կարևոր աջն ականի պայթյունի հետևանքով մնաց այնտեղ։ Մարտադաշտում։ Չորս զավակ պիտի մուրազի հասցներ։ Ուստի քիչ է ասել՝ չհանձնվեց։ Վիրավորվելուց հետո զինվորական ծառայությունը շարունակեց շուրջ 10 տարի՝ որպես զորամասի էլեկտրիկ։ Մասնագիտական աշխատանքը շարունակեց նաև քաղաքացիական կյանքում մինչև թոշակի անցնելը։
-Վալերի պապ, էլեկտրիկի՞ գործն է դժվար, թե՞ շինարարի։
- Էլեկտրիկի աշխատանքը շատ վտանգավոր է։ Շինարարությունը համեմատաբար անվտանգ է, բայց, իհարկե, դժվար։ Նաև հմտություններ ու որոշակի մասնագիտացում է պահանջում, բայց մարդու մտքին որ եղավ՝ դժվար չի սովորելը։ Մեր կազմակերպությունում և, ընդհանրապես շինարարությունում, աշխատող ընկերներ ունեմ, ովքեր նույնպես վիրավորվել են ազատամարտում։ Թեթև աշխատանք չկա։ Աշխատավարձից գոհ եմ։ Ժամանակին տալիս են։ Ուրիշ ինչո՞վ կարող էի զբաղվել։ Թոշակառու եմ։ Հիմնական մասնագիտությամբ չեն ընդունի աշխատանքի։ Դե, հասկանալի է, երիտասարդների հերթն է։ Մինչդեռ շինարարությունում աշխատող ձեռքերի պակաս միշտ լինում է։ Տես քաղաքում քանի՛-քանի շինարարություն է գնում…
Ամաչում եմ։ Նախկին ու ներկա բոլոր ծուլություններիս համար։ Շինարար Վալերի պապի տեսակը, շարժմունքը, խոհն ու խոկումը կենարար է։ Աղբյուրի պես …
- Աշխատանք կամ աշխատավարձ չլինելու մասին դժգոհությունները մասամբ նաև չաշխատելու տրամադրության արդարացում է,- շարունակում է պապը,- օրինակ մեր կազմակերպությունում, հիմա էլ աշխատող ձեռքերի կարիք է զգացվում։ Բայց դե մարդ կա՝ ուզում է գնա նստի, պառկի, վեր կենա ու աշխատավարձ ստանա։ Այդպիսի աշխատանք չկա,-համոզված ասում է պապն ու շարունակում,-որքան ողջ-առողջ եմ, այնքան պետք է աշխատեմ ու օգնեմ զավակներիս։ Արդեն 8 թոռ ունեմ, բա ամեն մեկին ծննդին գոնե 10 հազար չտա?մ։ Չհաշված, կոմունալ վճարումները։ Աստված պահի բոլորին, 2-րդ կարգի հաշմանդամության թոշակ են սահմանել։ Չեմ դժգոհում, բայց ամեն դեպքում, պահանջվող բոլոր ծախսերին չի բավարարի։ Փորձում եմ որքան հնարավոր է նաև զավակներիս ընտանիքներին օգնել։ Արդեն ամուսնացած թոռ ունեմ, շուտով մյուսի հերթն է։ Աշխատանքն էլ համ առողջություն է, համ կենցաղային խնդիրները լուծելու ևս մի հնարավորություն։ Մինչդեռ տանը նստելով ֆիզիկապես թույլ եմ զգում։ Աշխատելու ընթացքում նույնիսկ մոռանում եմ, որ մի ոտքս... Բացի այդ, դուրս ենք գալիս, հանդիպում ենք, զրուցում, վերհիշում ու պատմում գլխով անցածը, մի խոսքով` օրը ձանձրալի չի անցնում։ Հետո, վերջիվերջո, չես ամաչում, որ դատարկաձեռն ես տուն դառնում կամ հյուր գնում։ Աշխատանքից հետո, հանգստյան օրերին էլ տնամերձում բանջարանոց եմ մշակում։
- Մինչև ե՞րբ, Վալերի պապ…
-Որքան ողջ-առողջ եմ։ Սովետի տարիներին բրիգադիր աշխատելու ժամանակ հյուսնի, եռակցողի և այլ արհեստներ եմ սովորել։ Այնպես որ, ինչ գործ էլ տան` անելու եմ։
Հ.Գ.-Քաղաքակրթության արշալույսից ի վեր՝ շինարարը շարունակում է արարել: Հատկապես՝ անհանգիստ ու երերուն արժեքների մեր ժամանակներում, շինարարներն իրենց անխոնջ աշխատանքով շարունակում են կյանքի կոչել ճարտարապետական մտքի յուրօրինակ թռիչքները, բնակարանամուտ տոնելու բերկրանք պարգևել մարդկանց և ճանապարհներ հարթել։ Բոլորի ու սերունդերի համար։
Օգոստոսի երկրորդ կիրակին, ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայկական զույգ հանրապետությունների տոնացույցում նշվում է Շինարարի օր՝ որպես ժողովրդական ակնածանքի ու երախտիքի տուրք աշխարհի ամենաստեղծարար մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին։