ՙԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՊԱՏՄԵԼՈՒ ԵՄ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ ԾՈՎ ԿԱ՚
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր ծանոթի հրավերով վերջերս ընտանիքով հյուրընկալվեցինք Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում: Հրավերը վաղուց էր, և ծրագրի այն մասը, որը ներառում էր հանգիստ Սարսանգի ափին, ուղղակի կիկոսյան մտքեր էին առաջացնում ինձ մոտ: Բայց հուլիսի 19-ի այդ կիրակին Վարդավառի տոնն էր, որի գլխավոր ժողովրդական արարողությունը ՙՋրոցին՚ է, և մտովի պատկերացնելով մեծ ջրի մոտիկության հաճույքը` միանգամից վճռեցի գնալ:
Ինքս առաջին անգամ չէ և ոչ էլ հազվադեպ եմ անցնում այդ ճանապարհներով, կարելի է ասել՝ տարվա բոլոր եղանակներին: Բայց ամեն անգամ հետաքրքրությամբ եմ դիտում շրջակայքը: Գուցե դա ավելի շատ կյանքի շարժընթացը տեսնելու ցանկությունի՞ց է: Խոստովանեմ. երբ տեսնում եմ անմշակ հողեր, քարուքանդ ճանապարհներ, անմարդաբնակ տներ, ակամայից վերապրում եմ ՙՍամվել՚ վեպի ՙԱրարատյան դաշտի առավոտը՚ տեսարանի զգացումը: Բայց, փառք Աստծո, տարեցտարի գնալով այդ տեսարանները պակասում են, տիրոջ ներկայությունն ավելի շատ է զգացվում: Ճանապարհի աջ ու ձախ կողմերի հարթություններում քիչ չեն շեկ տարածքները. չոր խոզանը հուշում է, որ ցորենը, գարին արդեն հնձված են: Տեղ-տեղ արտերը կանաչ են. եգիպտացորենն է: Ճամփեզրերին արդեն ինքնաշեն տաղավարներ կան: Մարդիկ սովորել են եգիպտացորենի բերքը տեղում եփած կամ հում վիճակում վաճառել ճամփորդներին: Առևտուրը բոլոր ժամանակներում առաջմղիչ ուժ է եղել, պատմությունից գիտենք, որ այն բնակավայրերը, որոնք գտնվել են առևտրական խաչմերուկներում, աճել-զարգացել են: Մեկ այլ դաշտում արևի ծով է. արևածաղկի արտերն են` Վան Գոգի վրձնին արժանի տեսարան: Ոսկե գլխիկների ՙկեցվածքն՚ այնքան զմայլելի է, որ անդիմադրելի է դառնում նրանց մեջ կանգնած լուսանկարվելու ցանկությունը:
Արևային էներգիայով լիցքավորված` ընկնում ես կանաչ թագավորություն, ճանապարհը երկար շարունակվում է երկկողմ անտառների ուղեկցությամբ: Որքան էլ հատվի, մեղմ ասած, անբարեխիղճ քաղաքացիների կողմից, այն տարածված է շքեղությամբ, ճամփեզրյա մասերում` հողին ամուր կառչած արմատներով, հորիզոնում` սարերին փարված կանաչ փարթամությամբ: Այդ վեհության առաջ մարդ ուղղակի զգում է իր փոքրությունը:
ճանապարհին հանդիպում են տղամարդիկ, կանայք, երեխաներ: Անտառի՝ այդ սեզոնի բարիքն են հավաքում. դույլերի բերաններն արդեն սևին են տալիս մոշից:
Ընդհանրապես, աշխատող մարդկանց հաճախ կհանդիպես ճանապարհներին. ճանապարհաշինարարներն ամառվա այս շոգին էլ իրենց գործն անում են: Տարբեր մեծության տեխնիկա կտեսնեք: Ղեկին նստածները, ինչպես նաև ձեռքով աշխատողները հիմնականում երիտասարդներ են: Մի ժամանակ այդ աշխատանքները կատարում էին տարիքով տղամարդիկ: Հարգանքով ես լցվում արևից սևացած այդ երիտասարդների հանդեպ, որոնք անհարմար չեն զգում ասֆալտապատման աշխատանքներ կատարել, ի տարբերություն նրանց, որոնք հայրենիքում խուսափում, բայց մեկնում են հեռուներ` այդ նույն գործն անելու:
Ճանապարհին երիտասարդ հովիվների էլ կհանդիպես, դարձյալ` նոր երևույթ:
Ասֆալտապատ ճանապարհը հասնում է մինչև Հաթերք գյուղի տակը: Շինաշխատանքներն այստեղ շարունակվում են: Զագլիկի ճանապարհը սպասում է իր հերթին:
Մեզ հյուրընկալած Սլավիկ Վերդյանի` երկու ամուսնացած որդիներով բազմանդամ ընտանիքն ասես իր մեջ խտացնում է համերաշխությամբ առանձնահատուկ Զագլիկ գյուղի դիմագիծը, բայց դա մեկ այլ թեմա է: Նրա գողտրիկ բակում փոքր-ինչ հանգիստ վայելելուց հետո տանտիրոջ առաջարկությամբ շարժվում ենք դեպի գյուղի այն հանգստավայրը, որը կառուցել է ծնունդով զագլիկցի` ռուսաստանաբնակ բարերար Գառնիկ Գալստյանը: Գյուղից հազիվ դուրս եկած` սկսվում է անտառը: Կարելի է ասել՝ գյուղի վերջն անտառի սկիզբն է: Ճանապարհն այնուհետև անցնում է անտառամիջի նեղ ծառուղիով: Հանգստի գոտի տանող` ոչ այնքան երկար ճանապարհն անցնում ես դժվարությամբ, քանի որ ծառերի ճյուղերն իջել և գրեթե փակել են ճանապարհը: Հանգստավայրն անտառի բացատում է` բարձունքի վրա, որն իրենից ներկայացնում է բացօթյա հարմարավետ սեղանատուն: Դիմացը շատ գեղեցիկ խաչքար է, որը բարերարը կանգնեցրել է հոր հիշատակին: Ծառերի արանքից ծիկրակին է տալիս կապույտ հայելին` Սարսանգի ջրամբարը, որն այստեղ ոչ ավել, ոչ պակաս` ծով են կոչում: Երեխաների` զառիվերից գլորվելու հավանականությունը դարձյալ կիկոսյան մտքեր են առաջացնում…
…Հետճաշյա հանգիստն ամենասպասվածն էր` Սարսանգի անմիջապես ափին: Այնտեղ ուրիշ հանգստացողներ էլ կային` Հաթերքից, Ստեփանակերտից, շրջակա գյուղերից: Մեզ հյուրընկալողները կատակով պատմում են, որ մշտական ՙվեճ՚ կա զագլիկցիների ու հաթերքցիների միջև, թե ում է աշխարհագրորեն պատկանոմ ծովը: Զագլիկցիները գտնում են, որ ծովն իրենցն է, քանի որ իրենց գյուղին ավելի է մոտիկ: Ի դեպ, ինչպես զագլիկցիները, այնպես էլ մերձակա գյուղերի բնակիչները« լավ լողորդներ են: Սլավիկ Վերդյանն, օրինակ, յուր ժամանակին գրազով լողացել է ափից ափ, որի երկարությունը շուրջ 12 կիլոմետր է:
Տանտերերի խոսքով` լողանալու համար դա Սարսանգի դեռ ամենալավ ափը չէ: Ամենահարմարը ՙՊլյաժ՚ կոչվող տեղամասն է, որն այդպես է կոչվել դեռևս խորհրդային ժամանակներից:
Սարսանգի նշանակությունն, իրոք, դժվար է գերագնահատել տնտեսական ներուժի առումով: Ջրային այս հսկան իր կառուցումից ավելի քան չորս տասնամյակ անց էլ մնում է Արցախի էներգետիկ համակարգի գլխավոր դերակատարը: Մյուսը` ոռոգման մեծ հնարավորությունն է. այսօր Արցախի Հանրապետության կառավարության կողմից մշակվում է Սարսանգի ջրերի տեղափոխման և նոր հողատարածքներ ոռոգելու խոշոր նախագիծ, որը պետք է իրականություն դառնա կարճ ժամանակաընթացում:
Սարսանգը կարող է ունենալ նաև զբոսաշրջային նշանակություն: Ջրամբարի կառուցումը, որը տևել է 15 տարի, անցել է մեր զրուցակից Սլավիկ Վերդյանի աչքի առաջ: Պատմում է, որ նրա կառուցմանը մեծ մասնակցություն են ունեցել Հայաստանից հրավիրված մասնագետները: Ջրամբարը կառուցելուց հետո ինքն աշխատել է այդտեղ ստեղծված հիմնարկում, որը ֆիննական մի տնակ էր և իր ծառայություններով սպասարկում էր ՙՊլյաժ՚-ին:
- Հատուկ լողափ էր` անհրաժեշտ հարմարություններով: Ջրասուզակներ էին աշխատում, որոնք մոտորանավակներով շրջում էին ծովում, ապահովում անվտանգությունը: Ես բոցման էի աշխատում, բայց պատահել է, որ հարբած վիճակում ջուր մտած խեղդվող ադրբեջանցու էլ եմ փրկել: Աներս մոտորիստն էր: Չորս օրը մեկ հերթապահում էինք: Հերթապահը մոտորանավակով հսկում էր, որ լողացողները վտանգավոր սահմանը չանցնեն: Աշխատավարձը Ստեփանակերտից էինք ստանում: Տարին երկու անգամ վերապատրաստվում էինք Բաքվում, քննություն հանձնում: Պետությունն ամեն ինչ անում էր, որ մարդիկ հանգիստ լողանան այստեղ: Մեր ժամանակ շատ լողացողներ կային: Ավազ կար, արևահարվում էլ էին: ՙՊլյաժ՚ բառն այդտեղից է առաջացել: Նավակներ կային, մարդիկ զբոսնում էին ջրի վրա, հետաքրքիր ժամանցի վայր էր,- պատմում է Սլավիկը:
Իսկ կինը` Նուրվարդը, որը նույն գյուղից է, հիշեցնում է ձկնաբուծության մասին: Հարևան Ումութլու (ներկայումս` Ականաբերդ) գյուղի կոլտնտեսությունը, որի մեջ էր նաև Զագլիկը, զբաղվում էր ձկնաբուծությամբ:
- Ծովում ցանցավանդակներ էին տեղադրված, կերատաշտեր կային, 6 մետր լայնությամբ մոտ 500 մ երկարության խողովակների վրայով մեքենաները կարպ, ծածան տեսակի ձկներ էին բերում լցնում դրանց մեջ, բուծում: Դրանք լավ բազմանում են այստեղ: Բնական կերով էլ ձուկն այստեղ լավ աճում է:
Հիմա էլ եթե ՙՊլյաժը՚ սարքեն` ամեն տեղից այստեղ հանգստանալու կգան: Եկողները չեն էլ ուզում ջրից դուրս գալ, այնքա~ն ջերմ է ջուրը, որ կարծում են« թե հատուկ է տաքացրած:
Ս. Վերդյանի համոզմամբ, կարելի է գալ այստեղ հանգիստն անցկացնել և նույն օրը վերադառնալ: Բայց եթե տնակներ լինեն, մարդիկ կարող են նաև շաբաթ-կիրակի, ինչու չէ, ավելի շատ օրեր անցկացնել: Զագլիկի զարգացման ուղիներից մեկը դա կլիներ, հատկապես, որ առաջիկայում ճանապարհն ասֆալտապատելու ծրագիր կա: Հաճելի ժամանցի ևս մի հնարավորություն է ձիով զբոսնելը, որը շատ հարմար է առափնյա լայնարձակ տարածքում:
Զագլիկցիները բնույթով հյուրասեր են, և այս հանգամանքը նույնպես կարող է կարևոր դեր խաղալ ավելի շատ հյուրեր ընդունելու համար:
…Դեպի Ստեփանակերտ տունդարձի ճանապարհին լուռ, երբեմն էլ բարձրաձայն կիսվում էինք օրվա տպավորություններով` յուրաքանչյուրս առանձնացնելով մեզ համար կարևորները: Բոլորիս մտքերը պտտվում էին Զագլիկ դիտարժան գյուղի« առավել ևս` նրա բնակիչների համերաշխության ու սրտացավության շուրջ: Երևանում բնակվող առաջին դասարանցի թոռնիկիս անջնջելի տպավորությունը, որն ամփոփված էր` ՙԳնալու եմ ընկերներիս պատմեմ, որ Ղարաբաղում էլ ծով կա՚ նախադասության մեջ, ասես ընդհանրացնում էր Արցախի ջրային հսկայի նշանակությունը: