ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ԱՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման, ինչպես նաև Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ հռչակման, Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի և Սահմանադրության հիշարժան օրերի կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի վճարվում է միանվագ դրամական օգնություն։
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ հռչակման օրվա կապակցությամբ հանրապետությունում օգոստոսի 26-ից սկսված է առանձին խմբերին տրամադրվող միանվագ դրամական օգնության գործընթացը։ Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 73 մլն 807 հազ. դրամ։ Որոշման համաձայն՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 16-հազարական դրամ, Արցախյան գոյամարտի հաշմանդամ զինծառայողները՝ 10-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց` 16-հազարական դրամ, նույն պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց՝ 13-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքներին և այդ ժամանակաշրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին՝ 11-հազարական դրամ։
Մեր զրուցակցի պարզաբանմամբ` կառավարության որոշմամբ անցած տարվանից կատարված որոշակի փոփոխությունների համաձայն, գումարներ են հատկացվելու նաև ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) և հետմահու ՙՄարտական խաչ՚ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին։ Այդ առումով 40-հազարական դրամ կհատկացվի 226 հոգու։ Որոշման մեկ այլ լրափոփոխմամբ՝ ՙՄարտական խաչ՚ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամները ևս կստանան 40-հազարական դրամ։ Ըստ այդմ դրամական օգնություն կստանա 5 հոգի։ Բացի դրանից« 50-հազարական դրամ կստանան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած 42 պատգամավորներ։
Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն կստանա 5067 հոգի։
Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների այն անդամները, ովքեր ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։
Ս. Իսրայելյանի խոսքով՝ ԱՀ մշտական հաշվառում ունեցող անձանց դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Վճարումներն իրականացվում են ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ¬ի կապի բաժանմունքներում, իսկ շրջաններում՝ համապատասխան շրջանային մասնաճյուղերի միջոցով։ Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։