ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ. ԱՅՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՙԻՆՉՈՒ՚-ՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Ստեփանակերտի համար գլխավոր հատակագիծ ունենալու անհրաժեշտության մասին խոսվում էր դեռ տարիներ առաջ։ Վերջապես այն նախագծելու որոշումը կայացվել է, այդ ուղղությամբ գործնական քայլեր նույնպես ձեռնարկվում են։ Կա ԱՀ նախագահի հանձնարարականը, ստեղծվել է աշխատանքային խումբ։ Հույս կա, որ գլխավոր հատակագծի մշակմամբ Ստեփանակերտի ճարտարապետական տեսքի ու քաղաքաշինական նորմերի պահպանման շուրջ վեճերը կդադարեն, իսկ քաղաքը վերջապես կունենա իր դիմագիծը։ Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները, ե՞րբ հատակագիծն ավարտուն տեսք կունենա։ Մեր հարցերին պատասխանել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանը։
- Պարոն Սաֆարյան, կարո՞ղ եք մանրամասնել, թե ի՞նչ փուլում է Ստեփանակերտի նոր հատակագծի մշակումը։ Որքան գիտեմ, դա ԱՀ մայրաքաղաքի համար հատակագիծ մշակելու առաջին փորձը չէ։ Ի՞նչ եղան մնացած նախագծերը։
-Ստեփանակերտի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է ԼՂՀ կառավարության պատվերով՝ ՙՀայնախագիծ՚ ՓԲԸ կողմից 1998-1999թթ., հաստատվել է 2000թ.։ Ցայսօր կյանքի են կոչվել մի շարք քաղաքաշինական ծրագրեր, կառուցվել են նոր թաղամասեր և իրականացվել են բարեկարգման բազմաբնույթ աշխատանքներ։ Գլխավոր հատակագծի հաստատումից հետո քաղաքում արձանագրված դրական տեղաշարժերով հանդերձ՝ անհրաժեշտ է ընդգծել, որ ներկա ժամանակաշրջանում իրենց լուծմանն են սպասում բազմաթիվ քաղաքաշինական խնդիրներ։ 20 տարի առաջ հաստատված գլխավոր հատակագիծը գրեթե սպառել է իր ՙպիտանելիության ժամկետը՚` առաջադրված նոր գերակայությունների համատեքստում։ Մեր օրերում Ստեփանակերտի զարգացումը ենթադրում է այլ խնդիրների լուծում, որոնց կարգավորումը գործնականում նոր մոտեցումներ և ձևաչափեր է պահանջելու։ Այդ իսկ պատճառով Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պատրաստվել է գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանք, որը և հաստատվել է շահագրգիռ գերատեսչությունների կողմից։ Այժմ իրականացվում է ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը։ Հարկ է նշել, որ այս փուլում քաղաքապետարանն ակտիվ համագործակցության մեջ է ռազմավարական կարևոր այդ փաստաթղթի հեղինակների, Քաղաքաշինության նախարարության, Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի հետ։ Վերջինս արդեն ձեռնարկել է քարտեզագրման մեծածավալ աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել վեց ամսից։ Հուսանք՝ երկու տարում կունենանք նոր գլխավոր հատակագիծ։
-Ինչպիսի՞ն պիտի լինի Ստեփանակերտն՝ ըստ գլխավոր հատակագծի։ Այն մշակելիս ի՞նչ չափորոշիչներ են հաշվի առնվելու։
-Հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ՝ գլխավոր հատակագիծը պետք է համապատասխանի մի քանի պահանջների. արտացոլի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունն ու դրանց փոփոխությունները, քաղաքաշինական գործունեության հիմնական ուղղությունների մշակումն ու քաղաքաշինական օգտագործման ռեժիմների առանձնացումը, քաղաքի հատակագծային կառուցվածքի կանոնակարգումը՝ թաղամասերի, հասարակական օբյեկտների հավասարակշռված բաշխմամբ, փողոցային ցանցի ձևավորմամբ, կանաչապատման ապահովմամբ և ներքին տարածքների համապատասխան գործաբանական նշանակության սահմանմամբ։ Պիտի կանոնակարգի կառուցապատման խտությունները, ստեղծի ու վերականգնի հին ու նոր թաղամասերի օրգանական հատակագծային կապերը։ Հատակագծով պիտի կարգավորվեն սանիտարական գոտիների պահանջների պահպանումը և կանաչ գոտիների ընդլայնումը, սեյսմիկ վտանգի, սողանքների պայմաններում քաղաքի կառուցվածքային և հատակագծային հուսալիության և կայունության ապահովումը, կատարվի կենտրոնական փողոցների բեռնաթափման առաջարկությունների մշակում, նախատեսի հետիոտնի անվտանգ տեղաշարժի համար վերգետնյա և ստորգետնյա անցումներ, ապահովվի համայնքի քաղաքաշինական անվտանգությունը, քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների ծրագրերի մշակումն ու իրականացումը, նախատեսի պատմամշակութային ժառանգության պահպանության միջոցառումները։
- Ստեփանակերտի քաղաքապետրանը միշտ քննադատությունների թիրախում է հայտնվել` հաճախ անօրեն շինարարությունը պատշաճ ձևով չվերահսկելու կամ քաղաքի ճարտարապետական տեսքն ու քաղաքաշինական նորմերը խախտող հողահատկացումների ու շինթույլտվությունների համար։ Հաշվի չեն առնվել ոչ դրանց դեմ բողոքող բնակիչների կարծիքը, ոչ էլ երբեմն՝ լրատվամիջոցների արձագանքը։ Արդյունքում ունենք երկհարկ, եռահարկ ավտոտնակներ, շենքերի նկուղների ու ապաստարանների՝ ոչ նպատակային կիրառություն, խաղահրապարակների, կանաչ գոտիների տարածքում և նույնիսկ ենթակառուցվածքների վրա կառուցված խանութներ և տարբեր նպատակներով օգտագործվող օբյեկտներ։ Կարելի՞ է հույս պահել, որ գլխավոր հատակագիծը կտա այդ բոլոր ՙինչու՚-ների պատասխանները։
-Նկատենք, որ վերջին տարիներին զգալիորեն նվազել է ինքնակամ կառույցների թիվը։ Ներկայումս լինում են եզակի դեպքեր։ Դրանց համար օրինախախտները ենթարկվում են պատասխանատվության։ Վարչական հանձնաժողովում քննարկելուց հետո հարցը քննվում է ինքնակամ կառուցվող շինությունների օրինականացման հանձնաժողովում։ Եթե նշված կառույցները չեն համապատասխանում շինարարական նորմերին ու կանոններին, քանդվում են։ Սակայն քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության համապատասխան տեսչությունների կողմից պարբերաբար ստուգումներ են կատարվում՝ ինքնակամ շինությունների կառուցումը բացառելու նպատակով։ Քաղաքացիները ևս ավելի օրինապաշտ մոտեցում են ցուցաբերում նշված գործընթացին։ Բայց, անշուշտ, գլխավոր հատակագծով վերանայվելու են նախկինում կառուցված մի շարք շինությունների կարգավիճակները։
- Հիմա այսպես թե այնպես՝ նման ձևով կառուցված օբյեկտները գրանցված են որպես ինչ որ մեկի սեփականություն։ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել խնդիրը, եթե դրանք չհամապատասխանեն գլխավոր հատակագծի նորմերին։ Նախագահ Ա. Հարությունյանը հայտարարել էր, որ դրանք քանդվելու են։ Քանդվելու դեպքում կլինե՞ն փոխհատուցումներ, թե՞ ոչ։ Ո՞վ է կրելու պատասխանատվությունը։
-Այն օբյեկտները, որոնք գլխավոր հատակագծի հաստատումից հետո չեն համապատասխանի գործող շինարարական նորմերին և կանոններին, կքանդվեն, իսկ որոնք ստացել են պետական գրանցում, բայց չեն համապատասխանում գլխավոր հատակագծի պայմաններին, օրենքով սահմանված կարգով՝ կստանան փոխհատուցումներ։ Օրենքի պահանջները խախտած անձինք էլ կենթարկվեն պատասխանատվության։
- Այժմ քաղաքապետարանի կողմից հողահատկացումների գործընթաց իրականացվու՞մ է, թե ոչ։ Եթե այո՝ ի՞նչ կարգով։
-Մինչև հատակագծի պատրաստ լինելը քաղաքային իշխանությունների կողմից հողահատկացումներն իրականացվում են գլխավոր հատակագծի հեղինակի հետ համաձայնեցնելուց, բնակիչների վաղեմության իրավունքի փաստի հաստատումից հետո միայն կամ էլ համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում կառուցապատման իրավունքով։ Իսկ շինարարական թույլտվությունները տրամադրվում են այն դեպքում, եթե դրանք չեն խանգարում հատակագծի նախագծման ընթացքին։
-Ստեփանակերտի փողոցները, շարունակական աճման միտմամբ, ավտոմեքենաների թվաքանակի համեմատ, չափազանց նեղ են թվում։ Մասնագետներն է՞լ են այդ կարծիքին։ Ըստ հատակագծի՝ ի՞նչ լուծումներ են առաջարկվում։
-Քաղաքապետարանի կողմից սկսվել է քաղաքի ճանապարհների ուսումնասիրման գործընթաց։ Ավարտից հետո տվյալները կփոխանցվեն հատակագծի հեղինակին։ Նախնական տվյալներով՝ քաղաքի բեռնաթափման նպատակով պետք է լայնացվեն Ազատամարտիկների, Վ. Սարգսյան և Ալ. Մանուկյան փողոցները։ Գլխավոր հատակագծում ներառվելու են նաև տրանսպորտային հանգույցների, ստորգետնյա ու վերգետնյա անցումների, կամուրջների և փողոցների կառուցման աշխատանքները։