ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՍՏԵՓԱՆԱԿԵ՜ՐՏ
Անի Մանգասարյան
Մեր բակում աքաղաղ չկա, բայց արևածագի մասին տեղեկանում ենք Ջեյսի անունով շան զիլ ձայնից։ Մի խոսքով, լուսադեմին արթնանալու համար զարթուցիչ լարելու կարիք ամենևին չկար։ Որոշեցի տնից հրապարակ տանող կենտրոնական ճանապարհը ոտքով անցնել՝ տեսնելու առավոտյան արթնացող Ստեփանակերտը, քաղաքի անցուդարձը, և պատմել այդ մասին։
Ստեփանակերտն օր-օրի բարեկարգվում, նկատելիորեն գեղեցկանում և ընդլայնվում է։ Վաղարշյան փողոցում բարեկարգվում է դեպի մայրաքաղաքի հ. 5 դպրոց տանող ճանապարհը։ Այսօր աշխատանքային օրը համեմատաբար շուտ է սկսել։ Պետք է հնարավորինս արագ աշխատել։ Ուսումնական տարին սկսվել է, իսկ դպրոց տանող ճանապարհը պետք է անվտանգ լինի։ Դպրոցական Դավիթն, ով այսօր նույնպես սովորականից վաղ է արթնացել՝ այս ուստարվա առաջին դասին գնալու համար, ասում է. ՙ ՈՒրախ եմ, որ մեր փողոցի ճանապարհներն ասֆալտապատում են և անվտանգ մայթերով ենք դպրոց գնալու՚ ։
Ստեփանակերտին բնորոշ մաքուր օդով, գունավոր աշնանային առավոտներից է։ Ժամը 6-ն անց է 47 րոպե։ Քանի որ ամեն ինչ տրամադրում է, ապա անկեղծանամ. առաջին անգամ եմ այս ժամին մեն- մենակ շրջում հրապուրիչ մաքուր, սիրուն մեր մայրաքաղաքում։ Արցախի տարածքում, երբ 2014-ին երկրաքիմիայի ուսումնասիրություն է արվել, ըստ փորձագետի՝ վերջին տասնհինգ տարվա գիտական փորձի ընթացքում առաջին դեպքն է եղել, երբ հետազոտվող քաղաքում չեն հայտնաբերվել անտրոպոգեն սթրեսի նշանակալի հետևանքներ։ Ուրեմն՝ Արցախում լոխ լյավա։
Ահա և հերթական հանդիպումը՝ Լուսյա տատիկի հետ։ Ինձ համար լույսը դեռ նոր է բացվել, իսկ մաքրուհի տատիկը գործը համարյա ավարտին է հասցրել.
-Առավոտյան ժամը 4-ից մինչև 8-ն ենք աշխատում։ Արդեն 30 տարի է քաղաքի մաքրությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ Ստեփանակերտը։ Կիրովաբադից ենք այստեղ տեղափոխվել։ Ես ռուսախոս եմ, էլ ինչ ասեմ, -ծիծաղում է Լուսյա տատիկը և, իբր գրական հայերենին չտիրապետելու պատճառաբանությամբ, շտապում հրաժեշտ տալ։ -Գործս պետք է շուտ վերջացնեմ, որ գնամ աղջկաս օգնեմ։
Անհնարին է չնկատել Ստ. Շահումյանի անվան Օղակաձև պուրակի /Պյատաչոկում/ ծաղկազարդ պուրակը։ Ո՞վ է խնամում՝ Էլմիրան։
- Առավոտյան ժամը 6-ից աշխատում եմ։ Ցանկացած աշխատանք պետք է սիրով անես։ Ծաղիկները քաղաքն ավելի են գեղեցկացնում։ Արդեն չորս տարի է այս գործով եմ զբաղվում։ Ծաղիկները երեխաների նման են, պետք է սիրել և հոգ տանել ,-ասում է մատները հարդարած բարետես տատիկը և զամբյուղների մեջ աճեցրած ծաղիկները շոյելով ջրում, զգուշությամբ էլ՝ հեռացնում չորացած թերթիկները։
Առավոտյան, արթնացող քաղաքի փողոցում մանկան ձայն լսե՞լ եք։ Ժպտադեմ պապիկը թոռանը մանկասայլակով զբոսանքի է բերել ։ Ասում է՝ պապիկի ժամն է։ Դիմացի մայթի նստարանին նստած Էդիկ պապիկի և իր ընկերների զբոսանքի ժամն էլ է.
- Ամեն առավոտ , ժամը 8-ի կողմերը այստեղ ենք հավաքվում։ Նորություններ ենք իրար փոխանցում, դեսից-դենից խոսում, տարբեր թեմաներ ենք քննարկում։ Հայաստանի իրավիճակից, Արցախում արտակարգ իրավիճակը երկարաձգելուց էինք խոսում։ Տանը պարապ չեմ կարողանում նստել։ 75 տարեկան եմ, հուլիսի 1-ից չեմ աշխատում։ Երիտասարդներին պետք է տեղ տալ։ Այդ առումով, ճիշտ եմ համարում, որ թոշակառուներին տուն են ուղարկում։
-ժամը 6-ից պուրակում եմ,-նստարանին հարմար տեղավորվելով ասում է Վազգեն պապիկը ,-մեր Պյատաչոկն ուրիշ է։ Նստում ենք, զրուցում։ Ամեն տեղ գնացել եմ, բայց չեմ կարողանում ուրիշ տեղ ապրել։ Այստեղից լավ տեղ չկա։
Մյուս նստարանին նստած պապիկները, որպես տեղեկատվության աղբյուր, թերթից են օգտվում։ ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթը որոշ ժամանակ չէր տպագրվում։ Մտահոգ էին։ Հետո պարզեցին, որ պատճառը համավարակն էր և թերթի հրապարակումներին միայն համացանցում կարող էին հետևել։ Էլեկտրոնային լրատվամիջոցներից չեն կարողանում օգտվել։ Ռադիո լսում են, բայց չգիտեին, որ Արցախի հանարայինն արդեն անցել է 24-ժամյա եթերի։ Ուրախացան։
Ստեփան Շահումյանի անվան պուրակն աստիճանաբար մարդաշատ է դառնում։ Հեծանվորդ Ալեքսանդրը առավոտյան հերթական պտույտն է կատարում. քանի ավտոմեքենաները չեն աշխուժացել։ 12-ամյա Արենը Հանրապետական մարզադաշտ է շտապում։ Ապագա հայտնի ֆուտբոլիստը շուտով Հայաստանի առաջնությանն է մասնակցելու։ Քայլերս ուղղում եմ դեպի մարզադաշտ։ Խաղը դեռ չի սկսել, երեխաներն աղմկում են։ Մոտենում է մարզիչ Սարգիս Աղաջանյանը.
-Արդեն երկրորդ տարին է մասնակցում ենք Հայաստանի առաջնությանը։ Համավարակի պատճառով երկարաձգվեց։ Չորս թիմով ենք խաղում։ Շաբաթը 5 օր մարզադաշտում պարապում ենք։ Կարանտինի պատճառով մեր պարապմունքները չեն դադարել։ Երեխաների մարզավիճակը լավ է։
Մեր թիմին հաջողություն ու հաղթանակ ենք մաղթում, ապա վերադառնում Պյատաչոկի ճանապահով։ Այս փողոցում, անպայման, գրեթե յուրաքանչյուր առավոտ, կարելի է հանդիպել Արցախի պետական կամերային նվագախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանին։ Առավոտյան զբոսանքը մաեստրոն բարի ավանդույթ է դարձրել.
-Մանկուց սիրում եմ առավոտյան միայնակ քայլել։ Զբոսանքը ոչ միայն առողջարար է, այլև ինքդ քեզ հետ կիսվելու լավագույն առիթ։ Այն միաժամանակ օգնում է օրվան լավ տրամադրվելուն։ Բարեմաղթանքս էլ ավանդական է. խաղաղություն մեր երկրին և ամենուր։ Այս համաճարակն էլ շուտ անցնի՝ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին ու գործերին, որովհետև շարժիչ ուժը գործն է։
Սեպտեմբերի 14-ն է այսօր, երկուշաբթի։ Արտակարգ իրավիճակի պայմաններում նոր ուսումնական տարվա առաջին օրը։