ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Հերմինե
ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի ազատամարտիկների միության 2020թ. կիսամյակային գործունեությկն ամփոփումն սկսվեց Կրկժանից։ Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով։
Պարգևատրումն իրականացրեց միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Հայոց բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու նպատակով Արցախում բնակվող, բոլոր առաջին կարգի 142 զինվորական հաշմանդամներին տրամադրվեց գումար՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 150 000 դրամի չափով։
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Արցախում տեղի ունեցած տոնական միջոցառումներն իրենց բովանդակությամբ բավականին հագեցած էին և ոգեշնչող։ Հատկանշական է այն հանգամանքը, որ Ստեփանակերտում և ՊԲ գրեթե բոլոր զորամասերում կազմակերպված միջոցառումներն ուղեկցվում էին ոչ միայն հանդիսավոր միտինգներով ու տոնական համերգներով, այլև բանակին օգտակար լինելու հետաքրքիր նախաձեռնություններով։ Այդ առումով առանձնացման արժանի է Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կատարածը, ով, ավանդույթի համաձայն, այս անգամ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության բանակին նվիրաբերեց ՙՈՒԱԶ՚ մակնիշի ավտոմեքենա։ Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան նվիրված, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցներն առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից։
Բացի վերոնշյալից, կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական ընդօրինակման արժանի նախաձեռնություններով։ Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ` Հանրապետության 761 կին ազատամարտիկների միության կողմից հատկացվեց ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 40 000 դրամ գումարի չափով։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազատամարտիկների պուրակում երեխաների համար կազմակերպվել են միջոցառումներ, միևնույն ժամանակ առավել ակտիվներին տրվել են նվերներ։
Հունիսի 22-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի առթիվ, ՌԴ-ում շքերթների անցկացման օրը, թվով 21 վետերանների, որպես պարգևավճար հատկացվել է 50.000 ական դրամ գումար։
Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի հանդիսությունների սրահի կապիտալ նորոգումը Միության կողմից ընթացքի մեջ է, որի ընդհանուր գումարը կազմում է 15.468.000 դրամ։ Արցախի հանրապետության տարածքում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու, սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ տարեցներին սննդով ապահովելու համար հատկացվել է 6.180.000 (վեց միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ գումար։ Բարձր գնահատելով համաճարակի հետ կապված բուժաշխատողների կողմից կատարվող աշխատանքները` թվով 75 հոգու որպես պարգևավճար հատկացվել է 4.160.000 դրամ գումար։
Հաշվետու ժամանակաշրջանում միության մտահոգության կարևոր հարցերից էին ազատամարտիկների, հաշմանդամների բուժման և բժշկական սպասարկման խնդիրները։ 41 ազատամարտիկների բուժսպասարկումը կազմակերպվել է ԱՀ զինվորական հոսպիտալներում։ Ազատամարտիկների միություն դիմել է 175 ազատամարտիկ, որոնց համար ընդհանուր առմամբ ծախսվել է 13.941.600 դրամ գումար։
Մայիսյան եռատոնին ընդառաջ, Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական միջոցառումների շարքով։ Մայիսյան եռատոնի նախօրեին Արցախի ազատամարտիկների միության միջնորդությամբ 65 ազատամարտիկներ պարգևատրվեցին ՙՄարտական Ծառայություն՚ մեդալով, 1 ազատամարտիկ՝ ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալով։
Անշուշտ, Արցախի ազատամարտիկների միության այսօրինակ գործելաոճն արժանի է դրվատանքի` մանավանդ որ այն նպատակաուղղված է հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց առողջությունն ու ֆիզիկական կարողությունները կորցրած ազատամարտիկներին հնարավորինս օժանդակելու և նրանց կատարածն ըստ արժանվույն գնահատելու գործընթացի իրականացմանը։
Միությունը 69 դիմումատուների (բուժման, սոցիալ-կենցաղային և այլ հարցերի համար) ցուցաբերեց 2 մլն. 320. 000 դրամ գումար` դրանով իսկ փորձելով լուծել նրանց հուզող հարցերը։
Արցախի ազատամարտիկների միությունը օգոստոսի 1-ին հանդես է եկել հերթական բարեգործական նախաձեռնությամբ։ Արդեն մի քանի տարի է, ինչ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել, և այս ընթացքում միության կողմից նվիրաբերվել է 42 ավտոմեքենա, այս անգամ` ՙՆիվա՚ մակնիշի 10 ավտոմեքենա։ Նշենք, որ պարգևատրումներն իրականացվել են տարածքային միավորումների խորհուրդների որոշմամբ։
Արցախի ազատամարտիկների միության գրասենյակի հարևանությամբ կառուցված Ազատամարտիկների պուրակում բարեկարգման և տեխնիկական միջոցների ապահովման համար ծախսվել է 18.657.000 դրամ գումար։
Արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունը պատվով է կատարում իր առաքելությունը` փաստելով մի պարզ ճշմարտություն՝ Ազատամարտիկների միությունը հենասյունն ու ոգին է վետերանների։