[ARM]     [RUS]     [ENG]

Խնդրի հետքերով

Սրբուհի Վանյան

Սեպտեմբերի 16-ին ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Հեքիմյան 2, 4, 6 շենքի բնակիչների հետ: Հանդիպման առիթը, պարզվել է, բնակիչների բողոքներն են՝ կապված շենքի բակում և հարակից տարածքում տեղակայված մեծածախ ու մանրածախ առևտրի կետերի գործունեության պատճառով առաջացած անհարմարության հետ: Բնակիչները բողոքում են, որ գիշեր ու ցերեկ հանգիստ կյանք չունեն այդ ամենի առաջացրած աղմուկից, մեքենաների հոսքից ու խցանումներց, չեն կարողանում երեխաներին բակ թողնել և այլն:
Խնդիրը մեկ օրում չի առաջացել և բնակիչերը մի քանի դիմում-բողոք հասցրել են ուղարկել պատկան մարմիններին: Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առաջարկվող լուծումները չեն գոհացրել կամ բնակիչներին, կամ այդ տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողներին և նրանք դիմել են հանրապետության նախագահին: Արայիկ Հարությունյանն անձամբ այցելել է՝ տեղում ծանոթանալու խնդրին: ՙ Ես իհարկե հասկանում եմ տնտեսվարողներին, և ուզում եմ , որ հասկանալի լինի. մեր բողոքը նրանց դեմ չէ, այլ մեր հանգիստ կյանքի համար: Ես երեք թոռ ունեմ, որոնք զրկված են բակ դուրս գալու հնարավորությունից: Նույնիսկ երբ խանութները փակվում են, այստեղ նման բազմաթիվ բեռնատար ու մարդատար մեքենաներ են լինում կայանած՝ տեղ չթողնելով շենքի բնակիչների ելումուտի համար,- ասում է Հեքիմյան թաղամասի բնակիչ Գավրուշա Բաղդասարյանը: -Տպավորություն է, որ մենք ապրում ենք շուկայի մեջ : ՙՇտապ օգնության մեքենան մի քանի օր առաջ չէր կարողանում մոտենալ շքամուտքին՚,- պատմում է մեկ ուրիշ բնակիչ: ՚ Առավոտյան աշխատանքի գնալիս ստիպված եմ լինում կես ժամ շուտ դուրս գալ, որպեսզի կարողանամ անցնել մեքենաների արանքով: Վիճակն աննկարագրելի է: Հարցը բարձրացրել ենք իշխանությունների առաջ և լուծում ենք ակնկալում, այլևս նման ձևով ապրել չի լինի՚,-ասում է թաղամասի բնակիչ Սոս Արզումանյանը: Տնտեսվարողները հասկանում են բնակիչների մտահոգությունը, բայց դրան զուգահեռ մատնացույց անում այն հանգամանքը, որ պահեստներն ու խանութները, որ վարձակալել են իրենք, մեծամասամբ հենց այդ թաղամասի բնակիչներին է պատկանում: Բացի այդ, իրենք վարկային և հարկային պարտավորություններ ունեն պետության և բանկերի առաջ, և անարդարացի կլինի բարձրացնել գործունեությունը դադարեցնելու կամ գործունեության վայրը փոխելու հարց: Բնակիչները նման պահանջ չունեին էլ և հարցի օպտիմալ լուծումը ակնկալում են իշխանություններից: Բնակիչները բարձրացրին նաև նախկինում քաղաքապետարանի կողմից տրված շինարարական թույլտվությունների արդյունքում տեղի-անտեղի կառուցված շինություններին, շենքի բոլոր կողմերից բացված խանութ-կրպակներին, որոնք էլ հանգեցրել են նման արդյունքի: Լսելով կողմերին, նախագահը հանդիպմանը ներկա Ստեփանակերտի քաղաքապետ Դ. Սարգսյանին, Ոստիկանության պետ Ա. Հակոբջանյանին հանձնարարել է եռօրյա ժամկետում օպտիմալ տարբերակներ գտնել խնդրի լուծման համար: Խնդրի հետագա ընթացքի մասին ևս կտեղեկացնենք մեր ընթերցողներին: