.. ԵՐԲ ԶՈՐԵՂ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏԱՆ ԿԱՆՉԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մարտակերտի շրջանային բուժմիավորման թերապևտ Աշխեն Դանիելյանը շուրջ յոթ տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել ու հաստատվել է շրջկենտրոնում... Որոշում կայացնելը հեշտ չի եղել, մինչ այդ տասը տարի աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում, երեք տարի՝ Շուշիի շրջանային բուժմիավորումում, սակայն հայրենական տան կանչը զորեղ է գտնվել։ Այր ու կին չեն փոշմանում, և օր-օրի համոզվում են, որ այստեղ իրենց ներկայությունն ավելի կարևոր է։
Մարտակերտի հիվանդանոցը տիպային է, հագեցած ժամանակակից բուժսարքավորումներով, սակայն կադրերի պակաս ունեն։ Խնդրին արմատական լուծում տալու համար միջոցներ են ձեռնարկվում, բժշկուհին լավատես է, նրա կարծիքով հեռու չէ այն օրը, երբ բժշկական հաստատությունը կհամալրվի անհրաժեշտ մասնագետներով։
Շրջկենտրոնի ու հարակից 20 գյուղերի բնակչությանը սպասարկող միակ թերապևտն է Ա. Դանեիլյանը, ու չնայած նման մեծ ծանրաբեռնվածությանը, չի հոգնում, չի դժգոհում Հիպոկրատի անխոնջ նվիրյալը, մարդկանց օգնելը, հարեհաս լինելը նա իր պարտքն է համարում։ Ծանրաբեռնվածություն, իրոք, կա, չի ժխտում, բայց Աշխենը սիրում է իր ընտրած մասնագիտությունը, հարազատի պես հոգ է տանում հիվանդների մասին և նրանց սպեղանի ու բալասան է նաև իր վերաբերմունքով։ Հիվանդ մարդիկ միշտ լարված ու դյուրագրգիռ են լինում, ահա թե ինչու նա ջանք չի խնայում անհատական վերաբերմունքով ու մոտեցմամբ օգնել ու հասնել յուրաքանչյուրին։ Խոստովանում է, որ փոխարինել է հիվանդների համար սիրտն ու հոգին չխնայող /ավաղ, արդեն լուսահոգի /, բժշկության ու մարդկային ջերմ հարաբերությունների գաղտնիքների քաջ գիտակ Միլետա Հովհաննիսյանին, ում հետ բախտ է ունեցել 2 տարի աշխատել, և ով ոչ միայն բարի անուն ու համբավ է թողել, այլև այնպիսի մի դրվածք, որ շատերի նախանձը կարող է շարժել։ Աշխենը ձգտում է շարունակել բարի ավանդույթները և ուժերի ներածին չափով բազմապատկել այն։
Անդրադառնալով բնակչության հիվանդացության վիճակագրությանը, բժշկուհուց տեղեկացանք, որ այն այնքան էլ մխիթարական չէ... Հիվանդների մեծ հոսք ունեն, մեծ թիվ են կազմում հիպերտոնիա և շաքարային դիաբետ ունեցող հիվանդները, օր-օրի աճում է ուռուցքային հիվանդություններով տառապողների թիվը։ Նրանց մոտ կատարվում են բոլոր լաբորատոր հետազոտությունները, չունեն միայն ԿՏ / համակարգչային տոմոգրաֆիա /, ու բարձրադաշտ ՄՌՏ, որոնց անհրաժեշտության դեպքում ուղեգրում են Ստեփանակերտ՝ հետագա ընթացքավորման ու բուժման համար։ Տեղամասային բժիշկը տնային կանչեր էլ հաճախ է ունենում, արագ արձագանքում է բոլոր կանչերին, բացի դրանից տարվա ընթացքում մասնագետների թիմով երկու անգամ լինում են շրջանի բոլոր գյուղերում, և տեղի բուժկետներում կատարում բողոքներ, գանգատներ ունեցող բնակիչների ընդունելություններ։ Սեզոնային կամ այլ բնույթի համավարակների ժամանակ հնարավորություն ունեն այլ բաժանմունքների հաշվին տեղավորելու բոլոր բժշկական օգնության կարիք ունեցողներին։ Կիսվելով մտահոգություններով, Ա. Դանիելյանն ասում է, որ վերաբնակները շատ են, մեծ թիվ են կազմում սպայական ընտանիքները, ոչ բոլորին են հասու գյուղական անարատ մթերքները, հողակտոր ունեցողների մի զգալի մասն էլ գերադասում է հեշտ ապրուստը։ Բժշկուհու կարծիքով՝ հիվանդությունների աճը պայմանավորված է նաև անհասցե, պատահական աղբյուրներից առաքվող, անառողջ սննդի առկայությամբ։ Նա հուսով է, որ նման մոտեցումը երկար կյանք ունենալ չի կարող, և հեռու չէ այն օրը, երբ մարդիկ կապավինեն հողի անարատ բարիքներին ու գյուղմթերքներին / նման միտումներ արդեն նկատելի են /, և կապրեն առողջ ու ղարաբաղցու երկարակեցությամբ։
Իմ այն հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են յուրացնում բժշկական բնագավառի նորություններն ու տեղայնացնում նորամուծությունները, զրուցակիցս ասում է, որ իրենց առաջին օգնականը համացանցն է, կենդանի և օնլայն շփումներն են և, իհարկե, մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված նպատակային սեմինարները։ Ա. Դանիելյանը անհամբերությամբ սպասում է երկրորդ մասնագետի գալստյանը, միայն այդ դեպքում նա հնարավորություն կունենա և՜ վերապատրաստման, և՜ թե արձակուրդի մեկնելու։ Իսկ առայժմ նա ստիպված է օրական ընդունել 30-50 հիվանդ։ Չի դժգոհում, դեռ ավելին՝ ոգևորված են հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից, որն արդեն քայլ առ քայլ իրագործվում է։ Սպասելիքները բարեփոխումներից շատ են, որից ոչ միայն բժիշկներն են շահելու, այլև հանրապետության ողջ բնակչությունը։