ՔԵՐԹԸ ԿՈՒՆԵՆԱ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ, ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԵՆՔ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
Բարերար Աշոտ Ջիվանյանի միջոցներով ընթանում են Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի ժամանակակից լուծումներով հիմնանորոգման աշխատանքները։ Նշենք, որ նրա կողմից նախորդ տարիներին ևս բավականին աշխատանք է կատարվել այստեղ, սա հերթականն է։ Այս տարի դպրոցում ընթացիկ ուսումնականն սկսեցին շինարարական եռուզեռով։
Բարերարի փոխանցմամբ՝ նախատեսված է մինչև 2021թ. սեպտեմբերի 1-ն ամբողջությամբ ավարտել և հաջորդ նոր ուսումնականը սկսել լրիվ վերափոխված, ժամանակակից կահավորմամբ ու արդի կրթական պահանջներին համապատասխան դպրոցական շենքում՝ կից ունենալով մանկապարտեզի հարմարավետ մասնաշենք։ Դպրոցական շենքի հիմնանորոգումը կիրականացվի բարերարի, իսկ կահավորումը՝ պետական միջոցներով։ Մանկապարտեզի պարագայում հիմնանորոգումը և կահավորումը կիրականացվի միայն բարերարի միջոցներով։
Ա. Ջիվանյանը նախ ծանոթացավ արդեն իսկ իրականացված աշխատանքներին։ Այնուհետև շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի, աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Զորիկ Ղուլյանի, Քերթ համայնքի ղեկավար Գեղամ Լալայանի, դպրոցի տնօրեն Ժիրայր Հայրապետյանի և ուսուցիչների, մանկապարտեզի տնօրենի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։
Ա. Ջիվանյանը մանրամասն ներկայացրեց իր մոտեցումները, այնուհետև լսեց դպրոցի, մանկապարտեզի պատասխանատուների և մասնագետների առաջարկություններն՝ ինչպես շինարարության, այնպես էլ հետագա կահավորանքի վերաբերյալ։
Բարերարը հանգամանորեն կանգ առավ կաբինետների, Փառքի սրահի, համակարգչային սենյակի, անվտանգության համակարգի, արվեստի դպրոցի գյուղի մասնաճյուղի, դպրոցական շենքում տեղակայված մանկապարտեզի հետ կապված, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վրա։
Դպրոցին կից նախատեսվում է կառուցել բաց մարզադաշտ՝ հարմարեցված վոլեյբոլի, ֆուտբոլի և բասկետբոլի համար, որը գյուղի երեխաների ու երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպման համար լավագույն հնարավորություն կլինի։
Աշխատանքների ավարտին նաև կասֆալտապատվի ու կբարեկարգվի դպրոցի տարածքը։
Խորհրդակցության ընթացքում շրջվարչակազմի ղեկավարն ու շրջանի կրթության ոլորտի պատասխանատուն, կարևորելով բարերարի կողմից իրականացվող աշխատանքը, պատրաստակամություն հայտնեցին աջակցել անհրաժեշտության դեպքում և միասին ամեն ինչ անել, որպեսզի շրջանում ունենանք ևս մեկ հարմարավետ ու ապահով, արդի պահանջներին համապատասխան ենթակառուցվածքներով դպրոց։
Բոլոր զարգացումների հիմքը դպրոցում է, և յուրաքանչյուրը գիտակցում է, որ երկրի ապագայի, ինչպես և անվտանգության երաշխավորը դպրոցն ու նրանում իրականացվող աշխատանքն է։ Սա թելադրում է, որ պետական և հովանավորչական սույն ներդրումը միայն ու միայն միտված են դրան։ Մնում է սիրով ու գիտակցումով մոտենալ աշխատանքին ու սեփական պարտականություններին: