ԱՐՑԱԽՈՒՄ ՙՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ՚ Է ԲԱՑՎԵԼ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Այն ստեղծվել է մի խումբ սակրավոր մասնագետների, Արցախյան պատերազմի մարտական սպաների նախաձեռնությամբ։ Կազմակերպության ղեկավարը Սամվել Մեսրոպյանն է, ով զինվորական ծառայության մեծ փորձառություն ունի։
Մինչ այդ Արցախում ականազերծման աշխատանքներով զբաղվող միակ կազմակերպությունը միջազգային ՙThe Halo Trust՚-ն էր, որը շուրջ 20 տարի արդյունավետ գործունեություն է ծավալում։
Վերջին շրջանում այս կազմակերպությունն սկսել է սակրավոր մասնագետների հաստիքների կրճատումներ իրականացնել։ Հաշվի առնելով այս հանգամանքը, և այն, որ Արցախում դեռևս ականազերծման ենթակա հսկայական տարածքներ կան, և ՙThe Halo Trust՚-ը միայն նախկին ԼՂԻՄ տարածքում է գործունեություն ծավալում, մի խումբ պահեստազորի սպաներ հանդես են եկել նման տեղական կազմակերպության հիմնման նախաձեռնությամբ։ ՙԿառավարությունը, և անձամբ հանրապետության նախագահն ընդառաջել են, արդյունքում՝ արդեն մեկ ամիս է, ինչ ականազերծման աշխատանքներ է կատարում նաև ՙՀումանիտար ականազերծման կենտրոն՚ հիմնադրամը,- ասել է Ս. Մեսրոպյանը։
Նման կառույցի բացման անհրաժեշտություն իրականում կար վաղուց։ Չնայած Արցախյան պատերազմի հրադադարից շուրջ 30 տարի է անցել, մասնագետները պնդում են, որ ականապատված տարածքները չափազանց շատ են։ Դրանց մի մասը առայսօր մնում է չհայտնաբերված։ Ականի պայթյունից դժբախտ դեպքեր էլ հաճախակի են գրանցվում, և լինում է նաև այնպես, որ հենց այդ դեպքերն են հիմք հանդիսանում՝ ականապատ նոր տարածքներ հայտնաբերելու և հետազոտելու համար։
Ս. Մեսրոպյանը մեզ հետ զրույցում ասել է, որ գաղափարն իր մոտ ավելի քան 10 տարի առաջ է ծագել, բայց իրականացման նախադրյալ և հնարավորություն հիմա է ստեղծվել։ Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանը հանդիպել է նախաձեռնող խմբի անդամներին, հավանության արժանացրել ներկայացված ծրագիրը։ Առաջին ֆինանսավորումը կատարվել է արդեն, որի շնորհիվ ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ, մեքենաներ։ ՙՍակրավորական համազգեստը, գործիքները, տեխնիկան պահելը թանկ հաճույք է. այսօրվա դրությամբ ապահովված ենք այն նվազագույնով, որ սակրավորն անվտանգ կարողանա աշխատել՚,-ասաց մեր զրուցակիցը։
Ս. Մեսրոպյանը նշել է, որ ծրագրերը շատ են. ներկա պահին ավելի քան 70 հոգի գրանցված սպասում է կազմակերպությունում աշխատելու հրավերի։ Ֆինանսավորումից կախված՝ նոր խմբեր կավելացվեն։ Ապագա ծրագրերի մասին խոսելիս Ս. Մեսրոպյանը նշել է, որ եթե հաջողվի կարգավորել ֆինանսական հարցերը, նախատեսում են 200-250 սակրավոր ընդունել աշխատանքի։ Այդ պարագայում կկարողանան առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը՝ տնտեսելով ռեսուրսները։ Պատրաստվում են նաև կանանց խումբ ընդունել, արդեն 5 հոգի ցանկություն է հայտնել ընդգրկվել այդ խմբում։
Ներկա պահին կազմակերպությունն ունի երեք հոգուց կազմված մեկ հետախուզական և 10- հոգանոց սակրավորական խումբ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 7-10 տարվա ստաժ, աշխատել են ՙThe Halo Trust՚ կազմակերպությունում։ Հումանիտար ականազերծման կենտրոնում սակրավորները աշխատել սկսում են մեկշաբաթյա դասընթացից հետո, որին տնօրենը ՙհիշողության կուրս՚ անունն է տվել։ Սակրավորների համար կան հստակ կանոններ, որոնք առաջին հերթին իրենց իսկ անվտանգության ապահովման համար են. այստեղ սակրավորի անվտանգությունն ամենաառաջնայինն է։ Կա նաև տարիքային սահմանափակում. 55 տարեկանը լրացած սակրավորներն այլևս չեն աշխատում։ Աշխատավարձը բարձր է, սակրավորները վարձատրվում են նույնքան, որքան ՙThe Halo Trust՚-ում։ Գործուղումային և այլ ծախսերը հաշվարկվում են առանձին։ ՙԱնվտանգության կանոնների խախտման դեպքում միանգամից ազատում ենք աշխատանքից։ Ինքներդ եք հասկանում՝ աշխատանքը ռիսկային է, ապահովագրության համակարգ առայժմ չի գործում, այն ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց աշխատանքներ ենք տանում այդ հարցը ևս կարգավորելու համար՚,- ասաց Ս. Մեսրոպյանը։
Կազմակերպությունը բաց է համագործակցելու բոլոր կառույցների հետ։ Արդեն իսկ արդյունավետ սերտ համագործակցություն կա ՙThe Halo Trust՚ կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Տարածքային կառավարման և զարգացման, Ռազմահայրենասիրության, տուրիզմի և սպորտի նախարարության, ՏԻ և այլ մարմինների հետ. կազմակերպվում են աշխատանքային հանդիպումներ, կատարվում է տեղեկատվության փոխանակում։
Կազմակերպությունն ունի առաջնահերթությունների պլան, որոնց համաձայն էլ աշխատում է։ Դրանք նախ բնակելի տարածքներն են, գյուղտնտեսական նշանակության հողերը, արոտավայրերը, ապա անտառներն ու տուրիստական նշանակության վայրերը։
Մեր հարցին, թե՝ հումանիտար ականազերծողը ի՞նչ կարգավիճակ ունի, որքանո՞վ է պաշտպանված, Ս. Մեսրոպյանը պատասխանել է, որ օրենսդրությամբ նրա գործունեությունը կարգավորված չէ և ուզում են առաջարկություն անել, որ հումանիտար ականազերծում իրականացնող սակրավորների մասին օրենք ընդունվի, կամ մեկ այլ օրենսդրությամբ կարգավորվի այդ ոլորտը։ Նա տեղեկացրել է, որ նման օրենք չկա անգամ ՀՀ-ում, և օրենսդրական այդ բացթողումը պիտի շտկվի։