ԱՐԴՅՈ՞Ք ԽԱԹԱՐՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օրերս սոցցանցերում բարձրացված աղմուկը՝ ՙՓոքր Ջերմաջուր՚ հանքային աղբյուրի կամ ՙՏաք ջուր՚ անունով հայտնի հուշարձանի կապակցությամբ չէր կարող չանհանգստացնել հասարակությանը։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում՝ այս մասին պարզաբանումներ է տվել ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Գաբրիելյանը։
Շահումյանի շրջանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող ՙՓոքր Ջերմաջուր՚ հանքային աղբյուրը կամ ՙՏաք ջուր՚ անունով հայտնի հուշարձանը դեռևս խորհրդային շրջանից օգտագործվում ու ենթարկվում էր փոփոխությունների, մասնավորապես՝ բնական հորատանցքի ներքևի մասում բնակչության կողմից ստեղծվում էին արտահոսող ջրի օգտագործման ենթակառուցվածքներ (փոսեր), սակայն տարիներ հետո, երբ այն ընդգրկվեց բնական հուշարձանների ցանկում, յուրաքանչյուր փոփոխություն թույլատրվում է միայն անձնագրով սահմանված կարգով։ Մինչ այդ՝ ներքևի հատվածում արդեն ստեղծված էր որոշակի չափեր ունեցող լողավազան, որտեղ հավաքվում էին բնական հորատանցքից արտահոսող ջրերը:
Ա. Գաբրիելյանի խոսքով՝ տարածքում պարբերաբար մաքրման աշխատանքներ են իրականացվում: Տեխնիկայի միջոցով մաքրվում է նաև այդ ջրավազանը: Մաքրման աշխատանքներ նախավերջին անգամ իրականացվել է չորս ամիս առաջ, իսկ վերջին անգամ՝ 20 օր առաջ, որի կատարման արդյունքների վերաբերյալ նյութերն առկա են:
ՙՆերկայումս ԱՀ բնապահպանության կոմիտեի բնապահպանության և ընդերքի պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է համապատասխան ուսումնասիրություն։ Եթե պարզվի, որ նմանատիպ աշխատանքների իրականացման ընթացքում խաթարվել է հուշարձանի արտաքին տեսքը, ապա մեղավորներն օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվելու են պատասխանատվության՚,- ասաց Արթուր Գաբրիելյանը։