ԿՀԱՐՈՒՑՎԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
Լաուրա Գրիգորյան
Հանձնաժողովի հերթական նիստում
Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանը։
Օրակարգի առաջին հարցը, որ ներկայացրեց Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պատասխանատու Կարեն Բեգլարյանը, վերաբերում էր կառույցի 2016թ. նոյեմբերի 24-ի 46Ա որոշման մեջ փոփոխություն կատարելուն։ Այդ առնչությամբ ՙԾովինար-Նարեկ՚ ՍՊԸ տնօրինությունը դիմել է Հանձնաժողովին՝ ընկերության ՙԱկունք՚ փոքր հիդրոէլեկտրակայանի վերակառուցման ժամկետը երկարաձգելու համար։ Ըստ զեկուցողի՝ ընկերությունը չի հասցրել ժամանակին ավարտել փոքր հէկ-ի կառուցման աշխատանքները։ Կառույցի ստորաբաժանումների կողմից ուսումնասիրություններ են կատարվել, ինչի արդյունքում առարկություններ չեն եղել։
Հիմք ընդունելով ՙԷներգետիկայի մասին՚ օրենքը՝ Հանձնաժողովը բավարարեց ընկերության հայտը՝ համապատասխան փոփոխություն կատարելով նախորդ որոշման մեջ՝ 6 ամիս ժամկետով երկարաձգելով լիցենզիայով ամրագրված կառուցման ժամկետը (սահմանելով մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը)։
Նույն որոշման մեկ այլ կետով ՙԱկունք՚ փոքր հիդրոէլեկտրակայանի պատասխանատուներին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում 250 հազար դրամը փոխանցել ԱՀ պետական բյուջե՝ Կենտրոնական գանձապետարան, և փոխանցումը հավաստող փաստաթղթի բնօրինակը ներկայացնել Հանձնաժողովին։
Նիստին ներկա գտնվող ՙԱկունք՚ փոքր հէկ-ի ներկայացուցիչը խնդրեց տուգանքը վերացնել՝ նշելով, որ կառուցման աշխատանքների ուշացումի պատճառը համավարակի հետևանքով պարետի կողմից սահմանված սահմանափակումներն են։
Օրակարգի 2-րդ հարցով Հանձնաժողովի 2017թ. նոյեմբերի 20-ի N 57-Ա որոշման մեջ կատարվել են փոփոխություններ` կայանի փաստացի տեղակայված հզորությունն ու կայանում տեղակայված սարքավորումների տվյալները լիցենզիայում ամրագրելու վերաբերյալ` ճշգրտելով նաև լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածները։
Նիստը սահմանել է նաև ՙՍԱՀՄԱՆ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՙՍահման՚ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 23,536 ՀՀ դրամ/կիլովատ ժամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 28,243 ՀՀ դրամ/կիլովատ ժամ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Օրակարգի վերջին հարցը ՙԱրցախգազ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին էր։ Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի խոսքով՝ նշված ստորաբաժանման մասնագետների կողմից օգոստոսի 24-ին Ստեփանակերտում՝ սեղմված գազի ապրանքային շուկայում իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ 1 մետր խոր. սեղմված գազի համար տեղի է ունեցել 20 դրամ գնաճ՝ նախկին 220 ՀՀ դրամի փոխարեն կազմելով 240 ՀՀ դրամ։ Ըստ Ս. Գրիգորյանի՝ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ընկերության գնային քաղաքականությունը սեղմված գազի իրացման ոլորտում կարող է պարունակել գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներ։
Հիմք ընդունելով ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հանձնաժողովը որոշել է ՙԱրցախգազ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ։
;