Քարվաճառը մայրուղուն կապող ճանապարհի ասֆալտապատումն սկսված է
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
Սեպտեմբերի 22-ին մեկնարկել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց ԱՀ Շահումյանի շրջանի շրջկենտրոն` Քարվաճառ տանող մոտ 17 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
ԱՀ կառավարության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվող ասֆալտապատման աշխատանքների նախապատրաստական փուլն ավելի վաղ էր մեկնարկել։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանը, նախապատրաստական աշխատանքներն ընթացել են առանց խոչընդոտների։
ՙԵթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, նախատեսվում է ճանապարհի ասֆալտապատումն ավարտել մինչև այս տարվեվերջ՚,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։ Նշենք, որ արվում է երկշերտ ասֆալտ, առաջին շերտը՝ 6, երկրորդ շերտը՝ 4 սմ հաստությամբ։
Ըստ վարչակազմի ղեկավարի՝ Քարվաճառը մայրուղուն կապող ճանապարհի ասֆալտապատումը նպաստելու է մի շարք ոլորտների, մասնավորապես՝ վերաբնակեցման ու զբոսաշրջության ոլորտների ակտիվացմանը։
ՙՀաճախ զբոսաշրջիկները չէին թեքվում դեպի Քարվաճառ քաղաք՝ հենց քանդված ճանապարհի պատճառով։ Ասֆալտապատման արդյունքում քաղաքը մեծապես կաշխուժանա՚,- վստահ է Հայկ Պետրոսյանը։ Նախատեսվում է ասֆալտապատել նաև Քարվաճառ քաղաքի գլխավոր՝ Ազատամարտիկների փողոցը, իսկ քաղաքի երկրորդական փողոցներում իրականացվում են սալահատակման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավարը՝ Քարվաճառը ՀՀ Վարդենիս քաղաքին կապող մոտ 30 կմ-անոց, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ ՙկարճ ճանապարհը՚ այս պահին գործածելի է։
ՙՃանապարհի արհեստական խոչընդոտը, որն ստեղծվել էր համավարակի պայմաններում Արցախ կատարվող մուտքն ու ելքը վերահսկելու համար, վերացվել է։ Քանի որ ճանապարհը երկար ժամանակ չէր օգտագործվել, այժմ հարթեցման աշխատանքներ են կատարվում, և գրունտային ճանապարհը նախկինի նման օգտագործելի է՚,- նշեց Հայկ Պետրոսյանը։