[ARM]     [RUS]     [ENG]

Պահանջատեր ենք. Վարդան Գաբրիելյան

 

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր, Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան և Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: Ֆրանսահայ համայնքի բազմամարդ հավաքին մասնակցել և ելույթներ են ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բոաեն, ֆրանսահայ համայնքի անվանի գործիչներ: Ֆրանսահայ համայնքի կողմից ձեռնարկվող ցույցերի ու միջոցառումների նպատակն այն է, որ  Ֆրանսիան դառնա առաջին երկիրը, որը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին մեզ հետ զրույցում նշել է համայնքային գործիչ Վարդան Գաբրիելյանը.

-Պարոն Գաբրիելյան, պատմեք, խնդրեմ , Ֆրանսիայում հայ համայնքի կողմից ձեռնարկվող քայլերի և միջոցառումների մասին:

- Ֆրանսիայում հայկական համայնքը և հատկապես հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն այս օրերին ցույցեր են կազմակերպել՝ Ադրբեջանի դեսպանատան և Թուրքիայի դեսպանատան դիմաց. առաջինը, որպեսզի Ադրբեջանի մեղադրանքը կարողանան հասցնել, երկրորդը՝ բնականաբար, գիտենք, որ Թուրքիայի մասնակցությունն ու մեղսակցությունը կա այս պատերազմի հրահրման մեջ և Ֆրանսիայի խորհրդարանի դիմաց, որպեսզի Ֆրանսիայի պատգամավորներից, Ազգային ժողովի անդամներից պահանջել, խնդրել՝ ճանաչեն Արցախը որպես անկախ հանրապետություն և դիմեն նախագահ Էմանուել Մակրոնին՝ Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու: Բացի քաղաքական լոբբիստական աշխատանքներից կա նաև մամլո և ընդհանրապես հանրային կարծիք ձևավորելու աշխատանք: Կարելի է ասել, որ մենք հաջողել ենք նաև մեդիա, մամլո հարթակներում: Շատերը հասկացան, որ հայերն արցախյան հողում ապրելու իրավունք ունեն և իրենց պայքարն արդար է: Հայկական համայնքն այսօր կարողացել է քաղաքական և քարոզչական աշխատանքը պատվով կատարել: Պետք է ընդգծեմ, որ հայ համայնքը և երիտասարդությունը շատ ակտիվ են ներկայացել այս ցույցերին՝ գիտակցելով , որ իրենց տարեկից եղբայրները մարտի դաշտում են պայքարում, իրենք էլ իրենց ձայնն են հասանելի դաձնում Լիոնում, Մարսելում և հայաշատ այլ քաղաքներում: Սա ապագայի համար շատ կարևոր է, կնշանակի՝ վերազարթոնք ենք ապրում: Բոլորի մոտ ցավ կա, ներքին տառապանք, բայց միաժամանակ հասկանում ենք, որ սա այն դաժան գինն է, որ պետք է վճարենք, որպեսզի հաղթենք մեզ պարտադրված պատերազմում: Ահավասիկ, այս զորաշարժային ակտիվ հավաքի մեջ է համայնքը և տարբեր կառույցներ, անհատներ իրենց ֆինանսական աջակցությունն են նվիրաբերում Արցախին:

-Որքանո՞վ է իրատեսական Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճամաչումը:

-Գիտեք, Հայոց ցեղասպանության ճանաչման համար նույն հարցադրումը կար տարիներ, տասնամյակներ առաջ՝ նկատի ունենալով Թուրքիայի ուժը, նրա հետ առևտրական հարաբերությունները և այլն: Երկար տարիների աշխատանքների արդյունքում միայն հնարավոր դարձավ օրենքի ուժով Ֆրանսիայում հաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Արցախի ճանաչումն ունի այլ նրբություններ՝ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող պետություն է, կան քաղաքական, ռազմավարական, իրավական խնդիրներ: Դժվար է, բայց… անհնար չէ: Միանգամից դա չի լինելու: Մենք արդեն տեսանք, որ որոշ քաղաքապետարաններ, ինչպես Ալֆորվիլը, Վյենը, Լիմոնեն իրենց քաղաքապետարարնների վրա դնում են ոչ միայն ՀՀ եռագույնը, այլ նաև ԱՀ եռագույնը: Նրանք ճանաչման որոշումներ են կայացնում իրենց քաղաքապետական խորհրդի մակարդակով և ցանկություն հայտնում, որ Ֆրանսիայի կառավարությունը ևս ճանաչի: Մենք ցանկանում և ջանք ենք գործադրում, որ Ֆրանսիան Արցախի անկախությունը ճանաչող պետություններից առաջիններից լինի:

-Պարոն Գաբրիելյան, հայ համայնքն ինչպե՞ս արձագանքեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային:

-Սկզբնական շրջանում մարդիկ մտածում էին, որ Ապրիլյան պատերազմի նման մի քանի օր կտևի և համաձայնություն ձեռք կբերվի բանակցային սեղանի շուրջ: Բացի այդ, վրդովվմունքն ու զարմանքն էր մեծ, որ ինչո՞ւ և ինչպե՞ս պատահեց: Արցախը յուրքանչյուր հայի օջախն է: Մարդիկ, որոնք նույնիսկ Արցախում չեն եղել, Արցախն իրենց տունն են համարում: Այսինքն, յուրաքանչյուր հայի մոտ այն զգացումն է, որ թշնամին հարձակվել է հենց իր տան վրա: Այս զգացումը կա այստեղ ու դրա համար եմ ասում, որ բոլորս զորակոչի ենք ընդգրկված, որովհետև զգում ենք Արցախի ցավը: Ֆրանսիայից էլ մարդիկ եղան, որ առանց վարանելու շտապեցին ճակատ: Հակառակ դժվարության՝ հայ ժողովուրդը գիտի, որ այս անգամ էլ է հաղթելու, քանզի հայի ոգին անպարտելի է:

-Ի աջակցություն Արցախի ի՞նչ եք նախատեսում առաջիկայում:

-Ցույց տալ ֆրանսիայի հանրությանն ու մեդիայի քաղաքական դասին, որ Ֆրանսիայում ապրող հայերը պահանջատեր են և կա նաև ահազանգ հնչեցնելու անհրաժեշտություն: Մենք վտանգի տակ ենք: Հայ համայնքն առաջին իսկ օրվանից ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ իր պարտքն է կատարում. դեղորայք, սնունդ, հագուստեղեն է ուղարկում: Նաև մի քանի խումբ հայ և ֆրանսացի բժիշկներ են ժամանել Երևան:

-Ձեր ուղերձը՝ Արցախի սահմանի զինվորներին:

-Ինչպես կասեր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ես Ձեր ցավը տանեմ: Գիտեմ, Դուք գերազանց աշխատանք եք տանում , հաջողություններ ու հաղթանակներ եք ունենում՝ դժվարության ու ցավին զուգահեռ: Յուրաքանչյուրդ արժեք եք մեզ համար: Խոնարհումս մարտնչող զինվորի ոգու առաջ:

Վան Նովիկով
Անի Մանգասարյան