[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության բնակչության համար սահմանվել է կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիր։ Համաձայն որոշման, 2020թ. սեպտեմբեր ամսից և 2021թ. կտրվածքով սահմանվել են կոմունալ ծառայությունների վճարման և փոխհատուցման առանձին սահմանումներ։

Այսպես, ԱՀ և ՀՀ տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների մասով սահմանվել են անվճար՝ մինչև 180 րոպե և մինչև 50 SMS հաղորդագրություն, իսկ ինտերնետ կապի ծառայության առումով՝ մինչև 1 Մբ/ վրկ արագություն։ Բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման մասով՝ 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար սահմանվել է մինչև 180 խմ ներառյալ բնական գազի անվճար սպառում և էլեկտրական էներգիայի մինչև 500 կվտ/ժ ներառյալ անվճար սպառում։ Փոխհատուցման աջակցության ծրագրի սահմանումներն ընդունվել են` հաշվի առնելով բնակչության կոմունալ ծառայությունների տարվա կտրվածքով և ըստ ամիսների սպառման աճի ու նվազման միտումները։ Այդ իսկ պատճառով 2021թ. ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար սահմանվել է բնական գազի անվճար սպառում՝ մինչև 120 խմ ներառյալ և էլեկտրական էներգիայի սպառման համար մինչև 400 կվտ\ժ ներառյալ։ Իսկ 2021թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսների բնական գազի անվճար սպառման համար սահմանվել են մինչև 60 խմ ներառյալ, իսկ էլեկտրական էներգիայի սպառման մասով մինչև 300 կվտ/ ժ ներառյալ։ Աջակցությունից օգտվում են Արցախի բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների հետ պայմանագիր կնքած բաժանորդները։ Սահմանված աջակցության չափերը նախատեսված են մեկ ամսվա կտրվածքով։
Իսկ սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 1-ը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, կոմունալ նշյալ բոլոր ծառայություններն անվճար են։
Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մասնագետների պարզաբանմամբ՝ նշյալ աջակցության ծրագիրը կունենա լրափոփոխություններ, մասնավորապես՝ տարհանված բնակիչների կոմունալ ծառայությունների վճարման ձևաչափի հետ կապված, քանի որ նշյալ բնակիչներից շատերն ապրում են վարձակալված բնակարաններում։ Այսօրինակ ծագող խնդիրների առումով դեռևս կլինեն պարզաբանումներ։