[ARM]     [RUS]     [ENG]

Ռեանոմոբիլներ՝ Արցախին

 Անի Մանգասարյան

Այսօր` դեկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողություն, որին ներկա էր ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Թվով 5 թանկարժեք ռեանոմոբիլները` հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորումներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը: Տեղում ռեանոմոբիլների նվիրատվության գործընթացն իրականացնելու համար լիազորված է ԱՀ առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանը.

-Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները պատերազմական օրերին են հատկացրել այս մեքենաները, սակայն որոշ խնդիրների պատճառով ուշացումով տեղ հասավ: Բոլորովին նոր այս ռեանոմոբիլները տրամադրվելու են Արցախի առողջապահության նախարությանը:

Անդրադառնալով ավտոմեքենաները շահագործման հանձնելու ժամկետներին, Ա. Բաղրյանը տեղեկացրեց.

-Մեքենաները կարող են այսօրվանից էլ շահագործվել: Որոշ տեխնիկակական խնդիրներ կան, որոնք պայմանավորված են պետհամարանիշների տրամադրման և ապահովագրության հետ:Այդ խնդիրները լուծվելուց հետո ռեանոմոբիլները կծառայեն քաղաքացիներին բուժսպասարկման համար:

Արցախի պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում: