[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՊՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Պատերազմական արհավիրքներից մեզ ընդամենը օրեր են բաժանում...Դժվարությամբ, սակայն կյանքը բնականոն հուն է վերադառնում՝ քայլ առ քայլ խոչընդոտները հաղթահարվում են։ Ըստ առաջնահերթության՝ բոլոր փոքր ու մեծ խնդիրներն իրենց լուծումն են գտնում, երբեմն էլ՝ իրենց լուծման հերթին սպասելով...

Առաջնահերթությունների շարքում է նաև միջպետական ու ներհանրապետական տրասպորտային կապի ապահովումը։ ՙԿենտրոնական ավտոկայան ՓԲԸ՚ շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանի՝ մեզ տրամադրած տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ և՜ միջպետական, և՜ թե ներհանրապետական տրասպորտային կապը վերականգնվել է, բնակչության տեղափոխման աշխատանքները կարգավորվել են բոլոր հնարավոր երթուղիներով՝ բացառությամբ մեկ-երկու բնակավայրի։ Ուղևորափոխադրումներն իրականցվում են ըստ սահմանված չվացուցակների, պահի դրությամբ առկա է ուղևորների պակաս, սական դրական աճի դինամիկան հուշում է, որ մոտ ապագայում այն կկարգավորվի։ Ս. թ. նոյեմբերի 23-ից վերականգնվել և գործում է միջպետական տրանսպորտային հաղորդակցությունը Երևան և Հրազդան ուղղություններով օրական 3-4 երթուղիներով՝ ըստ պահանջարկի։ Իսկ դեկտեմբերի 1-ից արդեն վերականգնվել է տրանսպորտային կապը շրջկենտրոնների և հարակից բնակավայրերի հետ, բացառություն են կազմում միայն Մարտակերտի շրջանի Հաթերք ու Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղերը։ Իրավասուները վստահեցնում են, որ շուտով այդ երկու բնակավայրերի երթուղային փոխադրամիջոցի հարցն էլ դրական լուծում կստանա։ Իսկ Ստեփանակերտ-Գորիս -Սիսիան-Կապան կապը, ըստ մեր զրուցակցի, դեռևս հայտնի չէ, թե երբ է վերականգնվելու։ Շ. Գասպարյանի հավաստմամբ՝ 25 համայնքների հետ ամենօրյա կապը վերականգնված է: Նոր հանգամանքներով պայմանավորված՝ Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոբուսը փոխել է ընթացուղին, որի պատճառով կան տոմսերի, գնային և ժամանկային փոփոխություններ։ Տրանսպորտային միջոցները գտնվում են բարվոք վիճակում, ավտովարորդները հիմնականում վերադարձել են աշխատանքի, եղանակային պայմաններն էլ, դեռևս, խիստ չեն, և ավտոբուսներն աշխատում են ըստ սահմանված գրաֆիկի՝ ապահովելով կապը հանրապետության ներսում և հանրապետությունից դուրս։
Շ. Գասպարյանի վկայությամբ՝ նման ուղևորահոսքի պայմաններում շատ դժվար է լինելու ՙԿենտրոնական ավտոկայան ՓԲԸ՚-ի ֆինանսատնտեսական կարիքներն ու ծախսերը հոգալը, սակայն հուսով են, որ կառավարությունն իրենց ձեռք է մեկնելու, և իրենց խնդիրների հետ մենակ չեն մնալու։ Փաստորեն, մինչև իրավիճակի կտրուկ փոփոխությունը, իրացված տոմսերի 10 տոկոսի գումարով կարողանում էին հոգալ ընկերության ծախսերը, պահի դրությամբ այդպես արդեն չի ստացվելու, ուստի այլ մոտեցումներ են անհրաժեշտ։ Հնարավոր է, որ հունվար ամսից լինեն նաև հարկադիր կրճատումներ։
Մենք հետաքրքրվեցինք նաև թե արդյո՞ք Կենտրոնական ավտոկայանը տուժել է հրթիռահրետակոծության հետևանքով, պատասխանը մխիթարական էր. ընդամենը մի քանի ապակի է ջարդվել, լիարժեք աշխատանքի համար մնացած պայմանները բավարար են, իսկ տրանսպորտային միջոցներից տուժել է միայն Ավետարանոցի ավտոբուսը։
Կենտրոնական ավտոկայանի կոլեկտիվն անում է հնարավորը՝ բնակչության տեղաշարժը հավուր պատշաճին կազմակերպելու համար։