[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԱԾԱՆՑՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Շուրջ 32 տարի լինելով լինելով ժողովրդի կողքին՝ ԱՀ ՚՚ Մայրություն ՚՚  հասարակական կազմակերպությունը շատ փորձություններ է հաղթահարել, սեփական ժողովրդի հետ ունեցել է վայրէջքի ու վերելքի տարիներ, արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, իրականացրել տարաբնույթ ծրագրեր:

Օրերս ՚՚ Մայրություն ՚՚ ՀԿ նախագահության հերթական նիստը նվիրված էր վերջին իրադարձություններին՝ դրանից ածանցվող նոր իրողություններին ու զարգացումներին… Ներկայացնելով առկա իրավիճակն ու նորացված մարտահրավերները՝ ՚՚ Մայրություն ՚՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը կազմակերպության ակտիվիստներին կոչ արեց հանդես բերել նախաձեռնողականություն, մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները դիմագրավելու օրավուր խնդիրներին: Նոր, կշռադատված քայլերով, կառուցողական մոտեցումներով ու անձնական մասնակցությամբ նպաստել ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական կայունությանը: Մարտահրավերները շատ են, բազմաբնույթ ու բազմաբևեռ, ուստի անհրաժեշտ է առանց ժամանակ կորցնելու ծրագրել, նախանշել կատարվելիք քայլերն ու անհապաղ գործի լծվել: Հ. Միքայելյանի կարծիքովª անհապաղ ինքնակազմակերպվել է պետք… Երկրում իրավիճակ է փոխվել, ուստի անհրաժեշտ է նոր իրավիճակում որդեգրել նոր աշխատաոճ, նոր ու թարմ մոտեցումներով՝ ըստ առաջնահերթության, գտնել խնդիրների լուծման բանալին: Շեշտվեց նաև, որ անհրաժեշտ է թիկունք կանգնել կառավարությանը, չտրվել խուճապային տրամադրություններին, հասարակության հետ աշխատելիս ունենալ ստույգ տեղեկատվություն, բռնել ապատեղեկատվություն տարածողների ձեռքը: Հանդիպումների միջոցով վեր հանել մայրերի ու կանանց /և ոչ միայն նրանց/ հիմնախնդիրներն ու հուզող հարցերը ու հետամուտ լինել դրանց լուծմանը:

Կազմակերպության անդամները, կիսվելով կարծիքներով ու հանդես գալով կոնկրետ առաջարկություններով, փորձեցին նախանշել այն արդյունավետ ճանապարհը, որով հնարավոր կլինի թոթափել անորոշությունն ու հուսահատությունը, վստահ քայլել դեպի կայունություն՝ մոբիլիզացնելով բոլորի ու յուրաքանչյուրի հնարավորություններն ու կարողությունները: Նրանց բնորոշմամբ, որքան էլ պարտություններն ու անհաջողությունները դառը լինեն, միևնույն է, անհրաժեշտ է անցյալից դասեր քաղել և առաջ ընթանալ: Վերանայելով նախկին ծրագրերն ու մոտեցումները` նախաձեռնել հանդիպումներ, վեր հանել խնդիրները, դրանք ներկայացնել պատկան մարմիններին և օգտագործելով մայրերի ու կանանց ներուժը, փորձել համատեղ ուժերով անկասելի դարձնել այն կայուն ընթացքը, որը բուժելու է երկրի վերքերը, սպեղանի է դառնալու մարդկանց ցավերին: Նրանք բարձրաձայնեցին իրենց տագնապների մասին, կիսվեցին ունեցած տեղեկություններով ու փորձեցին միակամվել ոչ միայն խոսքով, այլև նպատակներով. այսօր Արցախն ունի բոլորիս կարիքը և անհրաժեշտ է նոր ճանապարհի սկիզբը դնել հույսով, հավատով, ամոքել վերքերը և ուժերն ու միջոցները չվատնել անտեղի: Քննադատելիս լինել կառուցողական, իսկ ծրագրեր իրականացնելիս՝ հետևողական… Մեր ապագան մենք ենք կերտելու, մեր տունը մենք ենք կառուցելու, մեր ցավերին մենք ենք բալասան գտնելու, մենք ենք Արցախին նոր շունչ ու ոգի հաղորդելու, այլընտրանքը ոչ միայն անհարիր է մեր հոգեկերտվածքին, այլև վտանգավոր է ու կործանարար: