[ARM]     [RUS]     [ENG]

՛՛ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ՝ ՀԱՅՈՑ ՀՈՂՆ ԻՐ ՎՐԱ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՕՏԱՐԻ ՈՏՆԱՀԵՏՔԸ՛՛

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հարցազրույց գրող, ՀՀ հանրային ռադիոյի լրագրող Գոհար ՄԱՐՏԻԿՅԱՆԻ հետ

 -Տիկին Մարտիկյան, տարբեր առիթներով Ձեր ելույթներում Դուք միշտ կրկնում էիք, որ Արցախյան ազատամարտը 20-րդ դարավերջի Հայոց պատմության Ոսկեդարն է, և որ մենք անպայման կունենանք այն Հայաստանը, որի մասին երազում է մեզնից յուրաքանչյուրը։ Ի՞նչ կարող եք ասել այսօր՝  սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ին նման խայտառակ վերջաբանով ավարտված պատերազմից հետո...

-Իմ համոզմունքը նույնն է՝ Արցախյան ազատամարտը 20-րդ դարավերջի Հայոց պատմության Ոսկեդարն է։ Եվ որքան էլ մահու չափ ցավալի լինի այսօրվա մեր կրած պարտությունը, իմ համոզմունքը դարձավ մարգարեական։

1988-1994թ.թ. Արցախյան ազատագրական պատերազմը եղավ ու կմնա պատմության մեջ որպես 20-րդ դարավերջի Հայոց պատմության Ոսկեհուռ իրողություն։ Պատմություն, որի գրական-փաստավավերագրական նկարագրությունն ամփոփված է իմ 12-հատորյա <<Ապրելու բանաձև>> մատենաշարում։

Անձամբ դառնալով հերոսամարտը կերտողների կյանքի մի մասնիկը, դառնալով նրանց նվիրումների ու ապրումների կենդանի կրողը, նրանց ապրած կյանքի ու երազանքների թարգմանը, հասկացա, որ դարեր շարունակ մնալով մուրճի ու զնդանի արանքում, մենք աղբը հանել էինք մեր միջից ու բյուրեղացած ադամանդ էինք դարձել։

Այլ կերպ չէր կերտվի այդ հաղթանակն ու լավ է, որ այդ Ոսկեհուռ ժամանակահատվածը պահպանվելու է որպես իրական պատմություն՝ հետագա հայրենապաշտների համար։

Մեր դարակազմիկ Ոսկեդարում ի զորու եղանք կերտելու միացյալ Հայաստան-Արցախ, գգված՝ բազում կյանքերի գնով ազատագրված Քարվաճառով ու Բերձորով։

…Եվ այդպես հպարտ ու ապագա երանելի օրերի երազանքով ապրեցինք 32 տարի՝ 1988-2020թ.։

…Ո՞ւր էր, թե այդպիսին էլ մնայինք…

…Բայց …ավաղ…

- Այս պատերազմում վեց հազարից ավելի զոհերի մեծ մասը 18-20 տարեկան տղաներն են, որոնք իրենց մատղաշ կյանքը տվեցին հանուն Արցախի փրկության։ Դուք՝ որպես հայրենիքի նվիրյալներին հավերժացնող մատենագիր, պատրաստվո՞ւմ եք Ձեր <<Ապրելու բանաձև>>-ի հերթական հատորներում ընդգրկել նաև նրանց...

- Առայժմ պետք է հասկանամ, թե ի՞նչ կատարվեց։

Այսօրվա իրողությունն  անվերջ հարվածում է սրտիս, մտքիս, ու ալեկոծված հոգիս  փորձում է հանգրվան գտնել՝  խաղաղվելու և իրականությանը սթափ նայելու։ Ինձ համար սա ո՛ չ թե պարտություն էր, այլ… Չէ։ Չեմ ուզում ասել՝ ինչ։ Հավատում եմ Հայի ոտքի կանգնելու և կյանքը նոր ու փառահեղ էջից սկսելու կարողությանն« ու... Կգա այդ օրը։

…Ու ես կգրեմ այս ցավալի պատերազմում՝ տառապանքի օրերին լուսավոր հետագիծ թողած մեր հերոս տղաների ու աղջիկների մասին՝ խեղդելով ինձ տանջող հարցը, թե.

-Ինչո՞ւ այսպես եղավ։

Այսպես չպետք է լիներ։

- Ձեր կարծիքով՝ այսօր վտանգվա՞ծ է մեր պետականությունը։ Որպես գրող, բազմավաստակ լրագրող և հերոսածին Մայր, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Արցախի ապագան...

- Այո։ Վտանգված է։

Վտանգված է առավել քան երբևէ։

Ի՞նչ պիտի անենք։

Պիտի՛  չընկրկենք։

Պիտի՛  միմյանց դեմ չթշնամանանք։

Պիտի՛  չնախանձենք, չստենք, չագահանանք, չբամբասենք, չանիծենք, միմյանց չտարանջատենք հայաստանցիների, հրազդանցիների, ապարանցիների, գյումրեցիների, լոռեցիների ու ղարաբաղցիների, այլ այս ամենը համարենք մեր հարստությունն ու հզորությունը։

Միով բանիվ՝ սիրենք միմյանց այնքան անկաշառ ու նվիրվելու պատրաստ սիրով, որ այս հավատամքին հակառակվողներն ինքնըստինքյան վտարվեն, հեռանան, մաքրվեն մեր շարքերից ու մնան ղարաբաղցի, հայաստանցի, լոռեցի, ապարանցի… Հայերը՝ պատրաստ ապրելու և կյանքը՝ Հանուն Հայրենիքի Զոհաբերելու...

Ո՛ չ թե խոսքով, այլ՝ գործո՛ վ։

Մենք դեռ տոնելու ենք մեր ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Չվհատվե՛ ք...

Ես հավատում եմ՝ Հայոց հողն իր վրա չի հանդուրժի օտարի ոտնահետքը։

Հողը, որը ներկված է մեր զավակների արյամբ, պաշտպանված է աստվածային զորությամբ ու ՏԵՐԸ գիտի, թե երբ է այն դառնալու իրական տիրոջ սեփականությունը։ Հենց այդ հավատով եմ ես այսօր գրկած՝ փայփայում հողի այն պատառիկը, որ իմ խնդրանքով՝ Քարվաճառից բերեց իմ հարազատ արցախցին՝ վերջին պահին լքելով Աշոտիս Բարձունքը։

Աշոտիս թափած հայրենանվեր արյան վրա չի՛  դաջվի օտարի ոտնահետքը։