[ARM]     [RUS]     [ENG]

Տեղահանված հադրութցիների հրատապ խնդիրների շարքում է կացարան գտնելը

Արցախի Հադրութի շրջանի բնակավայրերից տեղահանված  բնակչության առաջնահերթ խնդիրների շարքւոմ է կեցության պայմանների ապահովումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի տեղեկատվական շտաբի Հադրութի շրջանի գրասենյակի աշխատակցուհի Լիանա Պետրոսյանը: Նրա խոսքով, Հադրութի շրջանի 3500 տնտեսությամբ բնակավայրերից տեղահանվել է մոտ 14 հազար մարդ:  

«Նրանց մեծ մասը՝ մոտ 75 տոկոսը, ապաստանել  է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում,Կոտայքի և Արարատի մարզերի բնակավայրերում: Արցախի՝  Երևանում գործող տեղեկատվական  շտաբի Հադրութի  գրասենյակն այս օրերին աշխատում է արտակարգ ժամանակացույցով՝ առանց հանգստյան օրերի: Այս ընթացքում շարունակել ենք հաշվառել ՀՀ-ում  հանգրվանած հադրութեցիների փաստացի բնակվելու վայրերը, ընտանիքների կազմերն ու կարիքները: Այս պահին տեղահանված և Հայաստանում հանգրվանած հադրութցիների  հաշվառման գործընթացն իրականացվել է 85 տոկոսով: Տեղահանված հադրութցիներին մտահոգող խնդիրներից առաջնահերթը շարունակում է մնալ կացարան գտնելու խնդիրը: Հադրութցիներին ժամանակավոր կացարաններով ապահովելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում Հայորդաց տունը: Հարկ է նշել, որ կան ընտանիքներ, որոնց կացարանային ապահովման խնդիրը, հրատապ լուծման կարիք ունի: Ըստ այդմ՝ առաջին փուլում մեզ մոտ հաշվառվածներից, կարողացել ենք կարճաժամկետ կտրվածքով ժամանակավոր կացարաններ գտնել ավելի քան 20 ընտանիքի համար: Ընդ որում՝ արվում է հնարավորը ձմեռային ժամանակահատվածում նրանց կեցության նվազագույն պայմաններով  ապահովելու համար: Մասնավորապես տրամադրվում են նաև անկողնային պարագաներ,տաք հագուստ, ծածկոցներ»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ առանձին բնակարաններ առայժմ չեն տրամադրելու հնարավորություն չկա, իսկ դիմողների թվում կան քաղաքացիներ, որոնք հրաժարվում են ընդհանուր կենցաղային պայմաններով ժամանակավոր կացարաններից: 

Երևանում և Ստեփանակերտում ստեղծվել են նաև Հադրութի շրջանի բնակիչներին անհրաժեշտ  փաստաթղթեր ու տեղեկանքներ  տրամադրող պաշտոնական գրասենյակներ: 

«Մասնավորապես՝ Երևանի Վարդանանց 16/1 հասցեում դեկտեմբերի 1-ից գործում է Հադրութի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, որտեղ տրամադրվում են կորցրած ծննդյան վկայականների ու փաստաթղթերի կրկնօրինակներ, տեղեկանքներ և այլն: Բացի այդ, հաշմանդամներին հենաշարժողական աջակցության միջոցներ են տրամադրվում, որի համար Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները կարող են դիմել Ծարավ աղբյուրի 55 ա հասցեով»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով,որ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան 99 հասցեում էլ գործում է հադրութցիներին սպասարկող սոցիալական ծառայության բաժինը:

Ներկայում աշխատանքներ են տարվում նաև Հադրութի շրջանի և Հին Թաղեր և Խծաբերդ համայնքերի բնակիչներին ևս պետական և այլ աջակցության ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ: Ըստ կարիքի հրատապության՝  առաջնահերթ կարգով աջակցություն է ցուցաբերվում նաև սննդով ապահովելու հարցում:

«Շաբաթական կտրվածքով մեզ մոտ գրանցված 20 ընտանիք տարբեր մասնավոր կազմակերպությունների և պետական միջոցներով ապահովում է սննդով»,-մանրամասնեց Լիանա Պետրոսյանը: