[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵԹԵ ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ, ՄԻ ԲՌՈՒՆՑՔ ԴԱՌՆԱՆՔ՝ ԱՅՍ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ՚

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ասկերանի շրջանում կյանքն սկսել է աստիճանաբար բնականոն հուն մտնել։ Աշխատում են արտադրական ենթակառուցվածքները, կենցաղային օբյեկտները։ Անխափան գործում է տրանսպորտը. ՙԲարի երթ՚ ծառայությունը շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանի հավաստմամբ՝ անգամ պատերազմի ժամանակ Ասկերանում շատ օբյեկտներ չեն դադարել գործելուց։ Հատկապես հացի փուռը։ Դեռ ավելին՝ շրջանի 3-4 հացաթխման փուռերը (մեկը՝ Խնապատի) դարձել էին մատակարարներ՝ ինչպես պաշտպանության բանակին, այնպես էլ համայքներին։ Եվ ամենից կարևորը՝ բաժանում էին անվճար։ Հացը առաքվում էր նաև Ստեփանակերտ՝ պետական կառույցներին, իսկ պատերազմի սկզբնական շրջանում նաև Մարտունի ու Հադրութ։ ՝ 

Ինչպիսի՞ն է վիճակը՝ կապված հեռահաղորդակցության և Էլեկտրական հոսանքի հետ։ Ս. Բարսեղյանի տեղեկացմամբ՝ կապի խաթարումները, որ կար վերջին ժամանակներս, համընդհանուր բնույթ են կրել, և այսօր արդեն կարծես բարելավվում է վիճակը։
Էլեկտրականության հետ կապված խնդիրն ավելի լուրջ է. հոսանքազրկված են Փառուխը, Կարմիր գյուղը, Սզնեքը, Խաչմաչը... Միջոցներ են ձեռնարկվում հոսանքի վերականգնման ուղղությամբ« և ներկայում այն արդեն հասել է Շոշ գյուղ (այնտեղ ևս խնդիրներ կային), որտեղից էլ կհասցվի վերոնշյալ մյուս համայնքներին։
Ոչ մեր կամքով, Ասկերանն այսօր դարձել է սահմանային գիծ. հեռավորությունը շփման գծից մոտ մեկ կիլոմետր է։ Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ Ասկերանն այսօր հայտնվել է մինչպատերազմական Թալիշի կարգավիճակում։
Ինչպե՞ս է ընդունում բնակչությունն այդ իրողությունը, որքանո՞վ է դա վտանգավոր։ ՙՎտանգ միշտ էլ կարող է լինել, բայց ռուս խաղաղապահները, կարծում եմ, թույլ չեն տա սադրանքներ լինեն։ Շփման գծին առավել սահմանակից են Խրամորթ, Նախիջևանիկ, Սառնաղբյուր համայնքները, իսկ Փառուխ գյուղը պարզապես հայտնվել է փակուղում։ Խնդիր ունենք սահմանների ճշգրտման հետ կապված. թշնամին գրեթե ամեն օր լկտիաբար փորձում է առաջ գալ և ընդարձակել վերահսկվող տարածքները։ Նման իրավիճակ է վերին ենթաշրջանում՝ Սզնեքի, Շոշի համայնքների հետ կապված, Սարուշենում... Արդեն որոշում ենք կայացրել, որպեսզի Շոշի մոտ ոստիկանական հենակետ տեղակայվի։ Համայնքային սեփականության մի տարածք կա, որն այդ նպատակով տրամադրվել է ոստիկանությանը։ Նախատեսվում է արագ արձագանքման խումբ ևս տեղակայել, իսկ դեպի Շուշի տանող ճանապարհի՝ տանկ-հուշարձանից ներքև« շուրջօրյա հերթապահություն է իրականացվելու՝ ոստկականական խմբի կողմից։ Այս բոլորը, այսպես ասած, զսպող միջոցներ են՚«- ասում է շրջվարչակազմի ղեկավարը։
Բուն Ասկերանում բնակչությունը հուսալքված չէ. անգամ պատերազմական օրերին ոմանք շարունակել են զբաղվել բանջարաբուծությամբ։ Ընդհանուր տրամադրությունը, ըստ շրջվարչակազմի ղեկավարի, մարտական է։ ՙՆերքին համոզմունք կա, որ այս փորձությունը ևս կհաղթահարենք, եթե համախմբվենք, մի բռունցք դառնանք... Մի խոսքով՝ միաբան լինենք՚,- ասաց Սասուն Բարսեղյանը։