[ARM]     [RUS]     [ENG]

«Մենք ենք» հիմնադրամը Դուք եք

Անի Մանգասարյան

 Այս օրերին Արցախի կողքին է նաև «Մենք ենք» բարեգործական հիմնադրամը, որն իր երեքամյա գործունեության ընթացքում օգնություն է ցուցաբերել Արցախում և Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, սոցիալական խնդիրներ ունեցող խմբերին։

Մեր հարցազրույցը բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ղեկավար Սոնա Ազարյանի հետ:

-Նախ՝ «Մենք ենք» հիմնադրամն ի՞նչ առաքելությամբ է Արցախում:

-Եկել ենք ես և համահիմնադիր Եվգենիա Ֆիլադովան, ում, կարծում եմ, շատերը գիտեն, որովհետև Արցախյան այս պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Ստեփանակերտում ու այսօր էլ աշխատում է Արցախին նվիրված վավերագրական ֆիլմի վրա: Այս անգամ Եվգենիայի հետ որոշել ենք հիմնադրամի հասույթը՝ գումար և նվերներ, բաժանել Արցախում մեր հիմնադարամի շահառուներին, որոնց հետ, այսպես ասած, բարեկամական կապերի մեջ ենք, հաշմանդամություն ունեցող երեխաներին և նաև Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված ընտանիքներին: Մենք եղել ենք Մարտակերտում, մի ընտանիքում, որի երեխան ուռուցքաբանականի հիվանդ էր և նրա կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց: Պարզվեց, որ ընտանիքի հայրն էլ պատերազմի մասնակից է և անհայտ է նրա ճակատագիրը: Այսպիսի ընտանիքների շատ ենք հանդիպել, որոնց մասին խոսելը դժվար ու ցավալի է: Մեզ ուրախացնում և ուժ է տալիս միայն փոքրիկների ժպիտը:


- Ո՞րն է Ձեր հիմնադրամի առանձնահատկությունը:


-«Մենք ենք» հիմնադրամը ես եմ, իմ ընտանիքը, իմ ընկերները: Հիմնադրամը կառանձնացնեի նաև իր թափանցիկությամբ, մեր բոլոր գործերը պատճեններով և այլ տարբերակներով տեղադրված են նաև մեր ֆեյսբուքյան էջում: Որպես ղեկավար ես կարող եմ հենց այդ թափանցիկությունը պահպանել և ներկայացնել, բայց «Մենք ենք» հիմնադրամը դա Դուք եք, բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են իրենց ներդրումն ունենալ: Եթե փորձեմ հաշվել ու թվարկել այն բարի մարդկանց անունները, որոնք այս տարիներին ներդրում են ունեցել, ապա՝ հարյուրավոր են, չեմ կարող, միայն կասեմ շնորհակալություն: Մարդիկ կան, որոնք ամեն ամիս պարտադիր ներդրում են ունենում և, ըստ նրանց, տվածը չնչին գումար է, որ կարող են օգնել, բայց մեզ համար շատ կարևոր է ու հատկապես, երբ հասկանում ես, թե մարդն ինչպես է այն վաստակել: Բարությունը սկսվում և տարածվում է հենց նման քայլերից: Եթե մենք կարող ենք, ուրեմն պետք է գործենք:
Պատերազմի ամբողջ ընթացքում Գորիսում եղել ենք մեր ուռուցքաբան բժիշկների կողքին, որոնք մեկ ժամվա ընթացքում լավագույն ուռուցքաբաններից դարձան ռազմատրավմատոլոգներ: Գորիսի հոսպիտալին օգնում էինք դեղորայքով և ֆինանսով: Ես կանգնած էի իմ թիմի կողքին: Այդ օրերին անհնար էր հանգիստ նստել տանը, նույնիսկ, երբ գիտես, որ դու ի զորու չես կանգնեցնել այդ արհավիրքը, դու հրաշագործ չես, բայց կարող ես տանը չնստել և ինչ-որ բարի գործով օգտակար լինել նրանց, ովքեր լծված են այդ գործին: Այսօր Արցախի պաշտպանության բանակի կողմից արժանացել եմ շնորհակալագրի, որը շատ ոգևորել և հուզել է ինձ և այն համարում եմ մեծագույն պատիվ:


-Հիմնադրամն առաջի՞ն անգամն է Արցախում նման ծրագրով հանդես գալիս:


-Անցած տարի եղել ենք Արցախում և այցելել բոլոր հիվանդանոցները: Անկեղծ ասած, ինձ զարմացրել ու հիացրել են Ստեփանակերտի Քերոլյան Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի երեխաների ձեռագործ աշխատանքները: Մենք ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, իսկ երեխաների ձեռագործ աշխատանքները վաճառել ենք Երևանում՝ հասույթը տրամադրելով ուռուցքային հիվանդություն ունեցող երեխաների բուժմանը: