ՙԹՈՒՖԵՆԿՅԱՆ՚-Ի ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
ՙԹուֆենկյան՚ հիմնադրամն այսուհետ ևս իր հայրենանվեր առաքելությունը կշարունակի հանրապետությունում։ Բարեգործական այս հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին՝ ձեռներեց Ջեյմս Թուֆենկյանի կողմից: Արցախում է 2003 թվականից։ Կառույցի անմիջական մասնակցությամբ կյանքի են կոչվել բազմաթիվ պահանջված ծրագրեր՝ մեծամասամբ Քաշաթաղում։ Պատերազմից հետո ՙԹուֆենկյան՚-ն իր գործունեությունը կենտրոնացնելու է հիմնականում Մարտունու շրջանում։ Հիմնադրամի Արցախյան ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանի հետ զրուցել ենք հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում և բնակավայրերում նախատեսվող աջակցության նրանց ծրագրերից։
-Պարոն Սարգսյան, ներկայում հիմնադրամը ի՞նչ ծրագրեր է իրականացնում Արցախում։
-Պատերազմից հետո մեր ծրագրային նպատակները չեն փոփոխվել։ Գործնական քայլերն ուղղված են վերաբնակեցմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, առողջապահության զարգացմանը։ Այն ծրագրերը, աշխատանքները, որ մինչև պատերազմն իրականացնում էինք Քաշաթաղում, այսօր տեղափոխել ենք Մարտունու շրջան։ Դեռ դեկտեմբեր ամսից՝ Հերհեր, Ծովատեղ և Խերխան համայնքներում իրականացնում ենք հումանիտար աջակցության շարունակական ծրագիր՝ սննդի և ֆինանսական աջակցության տեսքով։ Հաջորդ օգնությունը նախատեսում ենք տրամադրել հունվարի 20-21-ին։ Մասնավորապես՝ Հերհեր, Ծովատեղ համայնքներում կսկսվեն նաև պատերազմի հետևանքով վնասված տների վերանորոգման աշխատանքներ։ Պատերազմի ժամանակ ակտիվ աշխատում էինք, և այժմ մեր հոգաբարձունների խորհրդով որոշում ենք կայացրել համապատասխան ֆոնդ հայթհայթել, որպեսզի կարողանանք առավել ակտիվ շարունակել մեր գործունեությունն Արցախում։ Պետության հետ համատեղ կաջակցենք վիրավորների և զոհված ազատամարտիկների բնակարանային պայմանների բարելավմանը և տեղահանված բնակչության վերաբնակեցմանը։
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց Մարտունու շրջանը։
-Խորհրդակցելով հանրապետության իշխանությունների ու Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի հետ, որոշել ենք ընտրել այդ շրջանի 5 համայնք, որտեղ առաջիկա 3-4 տարիներին կիրականցնենք զարգացման նշված ծրագրերը։
Մենք փորձում ենք օգնել պետությանը ու մեր համեստ ռեսուրսները ներդնել այնտեղ, որտեղ, իսկապես, կարիք կա։ Ծրագրերի մոտ 90 տոկոսը, որոնք իրականցրել ենք Քաշաթաղի տարածքում՝ նպատակաուղղելով տնտեսական զարգացմանը, վերաբնակեցմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, պատմական հուշարձանների վերականգնմանը, ամբողջն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Վերջերս նաև մեծ ներդրում ենք ունեցել Առաջամուղ համայնքի ստեղծման գործում։ ՙԹուֆենկյան՚ հիմնադրամն Արցախում, սկսած 2003 թվականից, շուրջ 4 մլն դոլար ներդրում է կատարել։
-Սփյուռքահայ բարերաները շարունակո՞ւմ են նույն կերպ սատարել Արցախին ուղղված հումանիտար աջակցությանը։
-Մեր հիմնադրամը հովանավորում են այն մարդիկ, որոնց հետ երկար ճանապարհ ենք անցել, և նրանք մեզ լիովին վստահում ու շարունակում են մասնակից լինել մեր ծրագրերին։ ՙԹուֆենկյան՚-ի աջակիցները մտահոգություններ չեն արտահայտել։ Բոլորն էլ սրտացավ են ու լծված մեկ նպատակի։