ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2021թ. ԲՅՈՒՋԵՆ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվեցին հունվարի 20-ին և ըստ հաստատված ժամանակացույցի կայացավ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Վարում էին նշյալ հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Արթուր Հարությունյանը։
Նիստի օրակարգում ՙԱՀ 2001թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության նպաստների, բյուջետային ոլորտների վարձատրության և առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերն էին։ Զեկույցով առաջինը և առաջին անգամ ԱԺ նիստերի դահլիճում սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեի հատկացումների պարզաբանումներով հանդես եկավ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով` ինքը մեծ պատասխանատվությամբ հոժարեց դժվարին այս ժամանակահատվածում ստանձնել ԱՀ սոցիալական ոլորտի աշխատանքների համակարգումը, հավելելով, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի լուծել Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրները և վերացնել մեզ պարտադրած պատերազմի հետևանքով առաջացած բազմաբնույթ հարցերը։ ՙՄեր ժողովուրդը պատվով դուրս կգա և կդառնանք ավելի ուժեղ, հզոր և այլևս անխոցելի մեր թշնամու համար։ Ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով մեկնարկել են մի շարք ծրագրեր, որոնք միտված են եղել հումանիտար ճգնաժամի թիրախում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների հրատապ լուծմանը։ Այդ ծրագրերը շարունակվում են ցայսօր և կկրեն շարունակական բնույթ նաև այս տարվա ընթացքում և այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերը կունենան այդ աջակցության կարիքն ու անհրաժեշտությունը՚,- ընդգծեց Մանե Թանդիլյանը։ Նա վստահեցրեց, որ պատերազմի հետևանքով ծագած սոցիալական խնդիրները շարունակելու են մնալ նախարարության ուշադրության կենտրոնում և այս տարվա բյուջեով հնարավորինս արտացոլվել են դրանց լուծմանն ուղղված ծրագրերում։
2021թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 31,5 մլրդ դրամ
(աճը` 4,4 մլրդ)
2021թ. ԱՀ պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղված հատկացումները դեռ կփոփոխվեն և առաջիկայում առկա հիմնահարցերի շուրջ կայանալիք քննարկումների արդյունքում կձևավորվի ավելի հստակեցված բյուջե։ Սոցիալական պաշտպանության ոլորտի համար միջոցառումներն ուղղվելու են բնակչության սոցիալական պաշտպանության հիմնական գերակա ուղղություններին՝ պետական կենսաթոշակային ապահովմանը, սոցիալական աջակցությանը, աշխատանքի, բնակչության զբաղվածության, ընտանիքի, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների սոցիալական պաշտպանության և տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ու դրա իրականացման ապահովմանը։
2021թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 31,5 մլրդ դրամ, որը 2020թ. բյուջեի համեմատ ավելի է 4,4 մլրդ դրամով։ Մ. Թանդիլյանը, ներկայացնելով իրականացվելիք ծրագրերը, փորձեց դրանք համեմատել անցած տարվա սոցիալական ոլորտի բյուջեի հետ։ Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտի 7 հիմնական խմբերի ծախսերին` նախարարը տեղեկացրեց, որ վատառողջության խնդիրների լուծման ծրագրով նախատեսվել է շուրջ 131մլն դրամ, գործատուի մոտ աշխատողի աշխատանքային գործընթացների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության և այլ վնասման հետ առաջացած խնդիրների ծրագրերով նախատեսվում է 15,2 մլն դրամ։ Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման և աչքի պրոթեզավորման ծրագրով նախատեսվում է շուրջ 90 մլն դրամ, ինչը մոտ 40 միլիոնով աճել է, կապված պատերազմի հետևանքով այս պարագաների կարիք ունեցող քաղաքացիների թվի աճի հետ։ Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնին նախատեսվում է 263,5 մլն դրամ, ինչը մի փոքր նվազել է զուտ ծախսերի ճշգրտման պահով, իսկ ընդհանուր առմամբ կառույցի ծախսատարությունը համարյա կմնա նույնը։
Շուրջ 18,7 մլրդ դրամ կհատկացվի տարեցների խմբում ներառված քաղաքացիների կենսամակարդակի այս կամ այն կերպ բարելավմանը։ Այդ գումարը հիմնականում նախատեսված է կենսաթոշակների հատկացմանը։ Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների առումով նախատեսվում է 1,2 մլրդ դրամ, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների մասով՝ 21,7 մլն դրամ։ Այստեղ ներառված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նման կարգավիճակ ստացած քաղաքացիները։ Սոցիալական կենսաթոշակների ծրագրով նախատեսվում է 842 մլն դրամ։ Ծրագրից օգտվում է 2600 մարդ։ Օրենքով և ԱՀ նախագահի հրամանով սահմանված կենսաթոշակների ու դրամական պարգևատրումների առումով կհատկացվի 217 մլն դրամ։
Ստեփանակերտի տուն-ինտերնատին այս տարվա բյուջեով նախատեսվել է 125 մլն դրամ։ Ներկայումս նշյալ կառույցի շենքում բնակվում են տեղահանված քաղաքացիներ, իսկ տեղի տարեցները գտնվում են ՀՀ Նորքի տուն-ինտերնատում։ Մ. Թանդիլյանը տեղեկացրեց, որ ինքն այցելել է նրանց և ծանոթացել կեցության պայմաններին, ու քանի չի լուծվել Ստեփանակերտի տուն-ինտերնատում ապաստանած տեղահանված 131 բնակիչների կացարանի խնդիրը, տարեցները դեռ կմնան ՀՀ-ում։ 2021թ. բյուջեով աշխատանքային կենսաթոշակների գումարը կազմում է 11 մլրդ դրամ։ Նախարարը նշեց, որ միջին աշխատանքային կենսաթոշակը ներկայումս 47 հազար 500 դրամ է, որը 2020 թ. համեմատ փոքր-ինչ, բայց ոչ էական բարձրացել է։ Հարազատներին կորցրած անձանց կհատկացվի 240 մլն դրամ։ Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող մահվան նպաստը կազմում է 200 հազար դրամ և այս տարվա կտրվածքով հաշվարկվել է շուրջ 1200 հոգու նպաստ։ Այդ ծրագրի հետ կապված փաստաթղթային ընթացակարգը պարզեցվել է։ Արցախի պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ ունեցած ընտանիքներին տրվող դրամական օժանդակության ծրագրով նախատեսվել է 48,6 մլն դրամ, անցած տարվա 36 մլն-ի դիմաց։ Աճը պայմանավորված է պատերազմի արդյունքում շահառուների թվի աճի հետ։ Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական և փրկարարական ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ու փրկարար զինծառայողների ընտանիքների դրամական աջակցության համար կհատկացվի 40 մլն դրամ։ Իսկ պետական նպաստների ծրագրով նախատեսվել է 4,1 մլրդ դրամ, 2020թ.` 2,7 մլրդ-ի դիմաց։ Աճը կազմում է 1,3 մլրդ՝ կապված պատերազմի հետևանքով զոհված անձանց մինչև 18 տարեկան երեխաների թվի աճով և մյուս խմբերի նպաստառուների թվի ճշտմամբ։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պետական աջակցության ծրագրով նախատեսվել է 45 մլն դրամ, ինչն անցած տարվա համեմատ մնացել է անփոփոխ։ Նույնն է մնացել նաև սոցիալապես անապահով քաղաքացիներին տրվող դրամական աջակցության ծրագրով նախատեսված 90 մլն դրամի բյուջեն։
Ներկայացնելով ծնելիության խթանման ծրագրերը` Մ. Թանդիլյանը նշեց, որ ընտանիքի 1-ին, 2-րդ երեխայի ծննդյան դեպքում հատկացվող միանվագ 100 հազարական դրամի նպաստների չափը դարձել է 300 հազար, իսկ հաշմանդամություն ունեցող ծնողի պարագայում՝ 500 հազարական դրամ։ Պատերազմի հետևանքով ավելացել է հաշմանդամություն ունեցող ծնողների թիվը։ 2021թ. այս ծրագրով նախատեսվել է 1,1 մլրդ դրամ՝ շուրջ 2600 երեխայի հաշվարկով։ Ինչ վերաբերում է ընտանիքի 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող 500-700 հազարական դրամներին, դրանք մնացել են անփոփոխ։ Սակայն ըստ նախարարի՝ տարվա ընթացքում հնարավոր են փոփոխություններ նաև ծնելիության խթանման ծրագրերի մասով։
Այս տարի Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության ծախսերը կկազմեն 60,8 մլն դրամ, ինչը փոքր-ինչ նվազել է անցյալ տարվա համեմատ։ Ներկայումս գիշերօթիկ դպրոցի 22 երեխա գտնվում են ՀՀ-ի սոցմանկական գյուղերում և ստանում են համապատասխան խնամք։ Մ. Թանդիլյանն այցելել է նաև նրանց և տեղում ծանոթացել կեցության պայմաններին։ ՙՄենք ուզում ենք կյանքի կոչել Արցախն առանց մանկատուն գաղափարը, որպեսզի երեխաներն իրենց լավագույն շահից բխող հանգամանքով պայմանավորված վերադառնան կենսաբանական ընտանիք։ Ընդհանուր առմամբ երեխաների թիվը նվազել է, որովհետև նրանք վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիք։ Ու մենք պատրաստ ենք աջակցել, որ այդ երեխաները մեծանան իրենց ընտանիքներում։ Դիտարկում ենք նաև մնացած երեխաներին ևս իրենց ընտանիքներին վերադարձնելու հանգամանքը, և եթե սոցիալական աջակցության կարիք կա, մենք պատրաստ ենք աջակցել։ Հույս ունենք, որ այս հարցում դրական արդյունք կարձանագրենք և Արցախում մանկատներ չեն լինի՚,- նշեց նախարարը։
Զբաղվածության խթանման նպատակով նախատեսվել է 69 մլն դրամ։ Պատերազմական գործողությունների հետևանքով տարվա ընթացքում նախատեսված ոչ բոլոր ծրագրերն են հնարավոր եղել գործարկել։ Ոլորտի մյուս մշտական ծրագրերով նախատեսված հատկացումները հիմնականում պահպանվելու են։ Իսկ ԱՀ հիշարժան օրերի կապակցությամբ տրամադրվող գումարների ծրագրի բովանդակության առումով տարվա ընթացքում կլինեն փոփոխություններ, որպեսզի պահպանվի նաև դրամական աջակցության գործընթացը։ Այս և այլ ծրագրերի առումով կլինեն վերանայումներ և վերաբաշխումներ, որպեսզի դրանք լինեն հասցեական ու միտված առկա խնդիրների լուծմանը։
ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը հույս հայտնեց, որ սոցիալական ոլորտին ուղղված բոլոր ծախսերը կլինեն հասցեական և այս բարդ ժամանակաշրջանում համատեղ ուժերով կհաղթահարվեն մեր ժողովրդի առջև ծագած բազմաբնույթ խնդիրները։ Մ. Թանդիլյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին միանվագ աջակցության, սոցիալական անապահովության, ընտանիքի կարիքի գնահատման, գույքի փոխհատուցման, բարեգործական ու ՀՀ-ի հետ իրականցվող 11 նոր ծրագրերին և դրանց հետ առնչվող հարցերին։
Առողջապահության բնագավառին նախատեսվում է 8մլրդ 588մլն 200 հազար դրամ (աճը` 1 մլրդ 303 մլն դրամ)
2021թ. պետական բյուջեի նախագծով առողջապահական համակարգի հատկացումների վերաբերյալ հանդես եկավ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Քանի որ առողջապահության բյուջեն նույնպես կփոխփոխվի, նախարարը հակիրճ ներկայացրեց ոլորտի հիմնական ուղղություններով նախատեսվող ծախսերը։ Նրա պարզաբանմամբ՝ 2021թ. բյուջեի նախագիծը ձևավորված է նախորդ տարվա բյուջետային ծախսերի համանմանությամբ, բացառությամբ որոշ ծրագրերի, որոնք նախորդ տարվա ընթացքում մնացել են անկատար կամ թերի՝ տեղափոխվելով 2021թ. տարեկան բյուջե, իսկ առանձին նախագծերի մասով էլ կատարվել են լրացումներ: Ընդհանուր առմամբ պետբյուջեով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսը (առանց ԱՀ առողջապահության նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կազմում է 8մլրդ 588մլն 200 հազար դրամ: 2020թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերն ավելացել են 1մլդ 303մլն 200 հազար դրամով կամ 17,9 տոկոսով, ինչը հիմնականում ձևավորվել է աշխատավարձի բարձրացման հաշվին:
Այս տարի շարունակվելու է անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղամիջոցների տրամադրման գործընթացը։ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շահառուների թիվը կավելացվի և նախորդ տարվա 25-ի փոխարեն կներառվի 150 զույգ: Ծրագիրը մշակման փուլում է. նախարարը հավաստիացրեց, որ ստեղծվելու են հնարավորություններ այդ ծրագրով նախատեսված հետազոտությունների հիմնական մասը կազմակերպել Արցախում։ Եթե 2020թ. փոխհատուցվել էր ԱՀ-ից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ծախսի 50 տոկոսը, ապա 2021թ. նախատեսվում է լրիվ փոխհատուցում, որի համար կանխատեսվում է 395մլն 500 հազար դրամ: Նույն ծավալով կպահպանվի կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման ծրագիրը: Անգիոգրաֆիկ ծառայությունների մասով հիվանդների ծախսի մասնակի փոխհատուցումը կդառնա լրիվ, ինչի համար նախատեսվում է 84 մլն 500 հազար դրամ: Հեմոդիալիզի ծառայություններից օգտվողների թիվն ավելացել է 20-ով. արդյունքում պահանջվող գումարի չափը կազմել է 88մլն 200 հազար դրամ: Ավելացվել են նաև աուտիզմի և մանկական ուղեղային կաթվածով տառապող հիվանդ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի ծախսերը: Պահպանվել է Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
ՙՀաշվի առնելով, որ բյուջեի նախագծի պլանավորման հիմնական աշխատանքները մեկնարկում են արդեն բյուջետային տարվա վերջին եռամսյակից, իսկ 2020թ. չորրորդ եռամսյակում, մեղմ ասած, բավարար աշխատանքային մթնոլորտ չունեինք, այդ պատճառով դեռևս շարունակվում են առողջապահական համակարգի՝ ընթացիկ տարվա ռազմավարական ուղղությունների ու առաջնահերթությունների մշակման և պլանավորման աշխատանքները: Մենք արդեն ունենք նախատեսված նոր ծրագրեր, ինչպես նաև ներկայացված ծրագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի դատին ու քննարկմանը։ Քանի որ ներկայումս պատգամավորների ուսումնասիրության առարկան նախապես ներկայացված նախագիծն է, ուստի ակնկալում եմ, որ այն հավանության կարժանանա երկրորդ ընթերցման ժամանակ մեր կողմից առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները վերստին քննարկման առարկա դարձնելու հնարավորությամբ՚,- հավելեց Մ. Հայրիյանը։
Պատգամավորների հարցադրումները վերաբերում էին արտամարմնային բեղմնավորման ռազմավարական նշանակության ծրագրի, տեղահանված բնակիչների ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների, ստոմատոլոգիական մասնավոր կլինիկաներին տրվող պետպատվերների շուրջ ծագած խնդիրների առումով։