[ARM]     [RUS]     [ENG]

ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված սոցիալական ծանր իրավիճակը, Ստեփանակերտի քաղաքապետարանը նախատեսել և նախատեսում է հարկերի մեղմացման քայլեր։ Այդ նախաձեռնությունների մասին զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ Սուսաննա Բեգլարյանի հետ։

Բաժնի պետը նախ անդրադարձավ ՊԵԿ-ի կողմից ՙՊատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին՚ ընդունված օրենքին, որով հարկ վճարողներին տրվել են մի շարք արտոնություններ։ Մասնավորապես՝ պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում /2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ/ գույքահարկ և հողի հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, հարկային եկամուտները չվճարելու կամ ուշ վճարելու համար տույժեր չեն հաշվարկվում։ Նշված ժամանակահատվածում չվճարված գույքահարկը և հողի հարկը ենթակա են վճարման մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ՝ փոխարեն նախկինում գույքահարկի համար գործող 2020 թվականի դեկտեմբերի 1-ի և հողի հարկի համար գործող 2020 թվականի նոյեմբերի 15-ի սահմանված ժամկետների։
Կազմակերպությունների մասով պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում գույքահարկ վճարողների համար՝ օրենսդրությամբ սահմանված 2021թ. հունվարի 20-ի փոխարեն ժամկետ է սահմանվել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ, ընդ որում տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացման ենթակա գույքահարկի հաշվարկ–հաշվետվությունների չներկայացման կամ ուշ ներկայացման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն չի կիրառվելու։
Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում գտնվող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների, ինչպես նաև հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար գույքահարկի և հողի հարկի գծով 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված (այդ թվում՝ 2020 թվականի հաշվետու տարվա համար) պարտավորությունների կատարումից։ Պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում գրանցված (հաշվառված, հիմնական բնակություն հաստատած) կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված պարտավորությունների կատարումից։

Վերոնշյալ արտոնությունները կիրառելի են Արցախի Հանրապետությունում բոլոր գույքահարկ և հողի հարկ վճարողների նկատմամբ։
Ստեփանակերտի քաղաքապետարանը նույնպես նախաձեռնել է արտոնություններ սահմանելու քայլեր՝ Ստեփանակերտ համայնքում գույքահարկ և հողի հարկ վճարողների մասով։ Այս օրերին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին մշակել է ՙԳույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին՚, ՙՓոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին՚ և ՙՀողի հարկի գծով արտոնություններ սահմանելու մասին՚ որոշման նախագծեր, որը ներկայացվել է ԱՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով։ Նշված որոշումները, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու լիազորությունների շրջանակից ելնելով, կիրառելի կլինեն միայն Ստեփանակերտ քաղաքում։ Նման նախաձեռնությունների իրավասություն ունեն նաև Արցախի Հանրապետության մնացած բոլոր համայնքները։
Ըստ Ս. Բեգլարյանի՝ վերոնշյալ նախագծերով առաջարկվում է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ զոհվածների, մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներից մահացածների ընտանիքների անդամներին (ծնողներ, կին, երեխաներ) և մարտական գործողությունների հետևանքով գերեվարված կամ անհայտ կորած անձանց սեփականության իրավունքով պատկանող Ստեփանակերտ քաղաքում հաշվառված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բոլոր շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների, ինչպես նաև հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող բոլոր հողամասերի մասով, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, տալ գույքահարկի և հողի հարկի գծով առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժերի վճարումից ազատման արտոնություն։ Հրետակոծության հետևանքով վնասված, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած փոխադրամիջոցների սեփականատերերի նկատմամբ ևս կսահմանվեն արտոնություններ՝ մասնավորապես շահագործման ենթակա վնասված փոխադրամիջոցների համար հարկ վճարողի ընտրությամբ 2020 կամ 2021 թվականների, խոտանման ենթակա վնասված փոխադրամիջոցների համար մինչև խոտանման ամիսը ներառյալ, Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած փոխադրամիջոցների համար մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված գույքահարկի գծով պարտավորությունների չափով։
Նրա հավաստմամբ՝բանավոր համաձայնությունը ստացած է, արդեն սկսված է համապատասխան փաստաթղթերի հավաքագրումը։ Նշված արտոնություններից բացի մշակվում են մի շարք այլ արտոնություններ սահմանելու նախագծեր։