ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՇԽԱՏԵՑԻՆ ՀՀ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Անցած շաբաթ՝ ապրիլի 19-24-ը, ԱՀ առողջապահության նախարարության մասնագիտական խորհրդի առաջնորդության ծրագրի շրջանակներում Հանրապետական բժշկական կենտրոնում (ՀԲԿ) ՀՀ ՙԷրեբունի՚ և ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնների առաջատար մասնագետներն իրականացրեցին անվճար խորհրդատվություններ, ուլտրաձայնային հետազոտություններ, վիրաբուժական անհետաձգելի միջամտություններ, հետվնասվածքային բարդությունների վերականգնողական վիրահատություններ։ Բուժսպասարկման ծրագրին զուգահեռ շաբաթվա ընթացքում կայացան նաև սեմինար-դասընթացներ՝ նեղ մասնագիտական թեմաներով։
ԱՀ առողջապահության նախարարության միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության գծով խորհրդական, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի պլաստիկ և միկրովիրաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ., պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Արցախի մասնագետների հետ համատեղ իրականացվեցին փափուկ հյուսվածքների նորագոյացությունների հեռացումներ, վերջույթների հետվնասվածքային բարդությունների վերականգնողական վիրահատություններ, դաստակի և անհետաձգելի վիրաբուժական այլ միջամտություններ։ Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ հերթական անգամ Արցախում համատեղ աշխատեցին տեղի բժիշկների հետ՝ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելով արցախցիներին։ ՀՀ բժիշկ-մասնագետների թիմը բավականին ծանրաբեռնված էր աշխատում, միայն ուլտրաձայնային հետազոտությունների համար նախօրոք հերթագրված էր շուրջ 600 քաղաքացի։ ՙՕրական զննել, հետազոտել եմ 15-20 հիվանդի, անհրաժեշտության դեպքում օրվա ընթացքում կատարել 2-3 վիրահատություն։ Շաբաթվա վերջում մեզ՝ ՀՀ 4 բժիշկներիս, միացան նաև ԱՄՆ-ի և Մոսկվայի օրթոպեդները՝ տեղի բնակչությանը բարձրակարգ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մեր մասնագիտական աջակցության ծրագրերն Արցախում շարունակական են լինելու՚,- նշեց Ա. Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է տեղի բժիշկների մասնագիտական կարողություններին, պլաստիկ վիրաբույժը շատ բարձր գնահատեց, մանավանդ այս վերջին պատերազմի ընթացքում կատարած նրանց աշխատանքի արդյունքին ու որակին շատ մասնագետներ են ականատես եղել Երևանի կլինիկաներում։ Անդրադառնալով ՀԲԿ-ի սարքավորումների հագեցվածությանը, բժիշկը վստահեցրեց, որ ստեղծված են բոլոր պայմանները տեխնոլոգիապես բարդ վիրահատություններ կատարելու համար։
ԱՀ առողջապահության նախարարության մասնագիտական խորհրդի առաջնորդության ծրագրի շրջանակներում ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ., ուռուցքաբան-վիրաբույժ Արամ Բադալյանի և բժիշկ-սոնոգրաֆիստ, բ.գ.թ. Աննա Խաչատրյանի կողմից իրականացվեցին վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների, միզասեռական համակարգի, գինեկոլոգիական օրգանների և կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություններ, ինչպես նաև վահանաձև գեղձի, թքագեղձերի, բերանի խոռոչի նորագոյացությունների և ավշային հանգույցների հիվանդությունների խորհրդատվություններ, վահանաձև գեղձի և թքագեղձերի հիվանդությունների վիրահատություններ։ Ա. Բադալյանի պարզաբանմամբ՝ էնդոկրինոլոգների, վիրաբույժների և սոնոգրաֆիստների համար կազմակերպված սեմինար-դասընթացները վերաբերում էին վահանաձև գեղձի հիվանդությունների ճիշտ ախտորոշման, ուռուցքային հանգույցների հայտնաբերման թեմաներին, ինչպես նաև այդ խնդիրների լուծման տարբերակների նոր մեթոդներին։ Իսկ բնակչության շրջանում հետազոտությունների արդյունքում հայտնաբերված խնդիրների ախտորոշումից հետո անհրաժեշտ դեպքերում ՀՀ մասնագետները կատարել են վիրահատություններ։ Քանի որ բուժօգնության ծավալը բավականին մեծ էր, ուստի բժիշկները մտադրվել են աշխատանքները շարունակել հաջորդ այցի ժամանակ՝ նախօրոք հերթագրությամբ։ ՙՄենք այստեղ ենք ոչ թե փոխարինելու մեր արցախցի գործընկերներին, այլ օգնելու, միասին աշխատելու համար։ Նրանք արհեստավարժ մասնագետներ են և մենք միասին ենք կատարել հիվանդների զննումները, ախտորոշումներն ու վիրահատական միջամտությունները։ Պարզապես ոլորտի նորագույն մեթոդներն ենք ներկայացրել, համատեղ քննարկել և նոր եղանակներով լուծել խնդիրները։ Մեր այցերը շարունակական կլինեն, իսկ տարվա վերջում ի մի կբերենք արված աշխատանքները և ըստ վերլուծությունների կունենանք հիվանդությունների վիճակագրություն։ Դրանով կօգնենք առողջապահության ոլորտին` առկա խնդիրների համակարգային լուծման հարցում՚,- հավելեց ուռուցքաբան-վիրաբույժը։
Նույն ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և աուդիոլոգիական ծառայությունների ղեկավար, բ.գ.թ., քիթ-կոկորդ-ականջաբան Գնել Անանյանի գլխավորությամբ Արցախի մասնագետների հետ համատեղ իրականացվեցին հետազոտություններ, խորհրդատվություններ, վիրահատական միջամտություններ:
Հաջորդ շաբաթ սպասվում է հերթական մասնագետների այցն Արցախ։