[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Սիրվարդ Մարգարյան

 Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում 84 բնակարանով թաղամաս է կառուցվում: Կապալառու` ՚՚Շին-վեր պլյուս՚՚ ՍՊ ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանի տեղեկատվությամբ, բնակելի թաղամասի շինաշխատանքների մեկնարկը տրվել է ս. թ. մայիսի 5-ին: Թաղամասը բաղկացած է լինելու 12-բնակարանանոց 7 մասնաշենքից, այն եռահարկ է ու երկու մուտքով: Շենքերն ունեն նկուղային հարկ, այն ծառայելու է որպես ապաստարան, որի ողջ մակերևույթը գտնվում է հողի մակերեսից զրո նիշից 3 մետր խորության վրա: Նախատեսվում է նաև թաղամասի բարեկարգում, ցանկապատում, խաղահրապարակ և խանութի առկայություն` 3-րդ և 4-րդ շենքերի արանքում: Թաղամասն ունի ընդլայնվելու տարածք, հետագայում հնարավոր կլինի այդտեղ կառուցել նոր շենք ու շինություններ: Ներկա փուլում կատարվում են հիմքային աշխատանքներ, նախատեսում են մինչև տարեվերջ ավարտել շենքերի արտաքին հարդարումը և սկսել ներքին հարդարման աշխատանքները: Երկու շենքերն էլ շահագործման կհանձնվեն 2022 թվականի դեկտեմբեր ամսին: Ն. Հարությունյանի դիտարկմամբ, բնակարանները կառուցվում են  Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով  տեղահանվածների համար՝ ըստ առկա ցուցակի և առաջնահերթության: Դպրոց, բուժկետ, մանկապարտեզ և այլ ենթակառուցվածքներ դեռևս չեն նախատեսվում, սակայն չի բացառվում, որ թաղամասի ընդլայնմանը զուգահեռ`  այդ ուղղությամբ ևս նորություններ լինեն: ՍՊԸ տնօրենի կարծիքով տարածքն ընտրված է շատ ճիշտ, այն առաջնային գծում է, արևոտ մայրուղու վրա, ինչը թույլ է տալու ակտիվ տեղաշարժ` իր բոլոր դրական կողմերով ու լիարժեք հնարավորություններ է ընձեռելու բարեկեցության ապահովման առումով: Շինարարական աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, աշխատուժը բավարար է, տեխնիկայի, շինանյութերի պակաս նույնպես չկա, սահմանված ժամկետներում տեղավորվում են և դեռ մի քայլ էլ առաջ են նախատեսվածից: Ն. Հարությունյանի համոզմամբ, այսօր, բնակարանաշինությունը թիվ մեկ խնդիր է երկրի համար և նրանք անում են ամեն հնարավորը, իրենց վերապահված աշխատանքները ժամանակին և որակով կատարելու համար: Նրանք ողջ կոլեկտիվով 12 ժամ աշխատելով, բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են ժամ առաջ, օր առաջ մարդկանց տանիք պարգևել և այդ կերպ գոնե մի փոքր թեթևացնել նրանց բազմաթիվ նյութական կորուստների չափը: Նրանք շինաշխատանքներում առաջնահերթ ընդգրկում են տեղահանված բնակիչներին, որոնք ժամանակին ապահովվում են բարձր աշխատավարձով, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև ժամանակավոր կացարանով, մինչև որ նրանք տանիքով կապահովվեն նույն շենքերում:  ՚՚Շին-վեր պլյուս՚՚  ՍՊԸ-ի հարևանությամբ շինաշխատանքներ են կատարում նաև ՚՚ Քարավան՚՚  ՍՊԸ-ն, և ՚՚ Արմեն-շին՚՚ կազմակերպությունը: Աշխատանքները կատարվում են ՚՚Հայաստան՚՚  համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցներով: