ՆՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՏԱՆԻՔԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ
Անի Մանգասարյան
Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված ընտանիքների համար Աստղաշենի տարածքում հիմնադրվող նոր բնակավայրում սկսվել են մի շարք առանձնատների տանիքների կառուցման աշխատանքները։ <<Ազատ Արցախ>>- ի հետ զրույցում ասաց <<Կապավոր>> ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արայիկ Աբաղյանը։
<<Այս պահին ընթանում են 4 առանձնատան տանիքների կառուցման, ինչպես նաև շարունակվում են 16 առանձնատան պատերի շինարարության ու տանիքների պատրաստման աշխատանքները։ Բացի այդ, ներկայումս մոտ 140 առանձնատան հիմքերի կառուցման աշխատանքներն են ընթանում։ Ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել 211 առանձնատուն>>,-ասաց շինարարական ընկերության գործադիր տնօրենը՝ հավելելով, որ նոր բնակավայրի բոլոր առանձնատները նախատեսված է շահագործման հանձնել մինչև 2022թվականի տարեվերջ։ Անդրադառնալով ենթակառուցվածքների շինաշխատանքներին, Արայիկ Աբաղյանը հայտնեց, որ ներկա փուլում փողոցների հողային աշխատանքներ են կատարվում։