[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԱՆ. ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ, ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Մարտունու շրջանի Աշան համայնքում ընթանում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։

-Ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, այնպես էլ մեր գյուղում ընթանում են բազմաբնույթ շինաշխատանքներ` պայմանավորված մեր տեղահանված հայրենակիցների վերաբնակեցման խնդրով։
Այս պահին ընթանում են համայնքային նոր կենտրոնի եւ հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները։ Համայնքային կենտրոնի կառուցումը կարևոր նշանակություն ունի Աշանի ու աշանցիների համար։ Զուգահեռ՝ մեր գյուղում բնակություն հաստատած, տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար ընթանում են համայնքի ազատ բնակֆոնդի վերանորոգման աշխատանքներ,- այս մասին ՙԱԶԱՏ ԱՐՑԱԽ՚-ին ասաց Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը` հավելելով, որ սեպտեմբերին կսկսվեն նաև նոր արտեզյան ջրհորի հորատման աշխատանքները։
Խոսելով տեղահանվածների մասին` փորձեցինք համայնքի ղեկավարից տեղեկանալ, թե քանի ընտանիք է բնակություն հաստատել Աշանում.
- 5 ընտանիք` ընդհանուր թվով 17 հոգի, մշտական բնակություն է հաստատել մեր գյուղում, անձամբ ես և մեր բոլոր համագյուղացիներն անում ենք հնարավորը, որպեսզի մեր տեղահանված հայրենակիցները իրենց լավ զգան Աշանում: Համոզված եմ, որ կարճ ժամանակ անց Աշանում բնակություն հաստատած ընտանիքները ևս կհամոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարել` իրենց համար նոր բնակության հասցե ընտրելով Աշան գյուղը։
Գյուղի կրթօջախի մասին ևս խոսեցինք Արմեն Բալասանյանի հետ։
- Մինչև պատերազմը գյուղի դպրոց էր հաճախում 69 աշակերտ, տեղահանված ընտանիքների վերաբնակության արդյունքում այդ թիվը այսօր 74-է։
Բալասանյանի հետ մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաև ներհամայնքային և Բերդաշեն-Աշան-Նոր Շեն միջհամայնքային ճանապարհների հնարավոր բարեկարգմանը համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին, ՙՎԱՐԱՆԴԱՇԻՆ՚ ՓԲԸ-ի կողմից կմեկնարկեն այդ ճանապարհների խճապատման աշխատանքները` նշելով, որ սա բավականին կարևոր գործընթաց է։
Ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ երրորդ պատերազմում աշանցիները հայրենիքի համար մղվող մարտերի ամենաթեժ կետերում էին, վկան Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված աշանցի 5 հայորդիներն են:
-Մենք սիրում ենք մեր գյուղը, մեզնից յուրաքանյուրը անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի բարգավաճի ու շենանա Աշանը, մեր տղերքը մեզ նորից հնարավորություն են տվել ապրելու այս հողում և մենք պարտավոր ենք նրանց արյամբ շաղախված հող-հայրենին դարձնել ամենաուժեղն ու ամենաանվտանգը,-ասաց Բալասանյանը։

Հավատանք, որ Աշանն ու Աշանցին կարճ ժամանակ հետո հաղթահարելով բոլոր մարտահրավերները, նոր ծրագրեր և նոր նպատակներ իրագործելու հայտ կներկայացնեն։