[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ԹԱՂԱՄԱՍ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո Արցախում ակտիվ ընթացք ստացավ առանձնատների, բազմաբնակարան շենքերի կառուցումը: Նպատակը, բնականաբար, անօթևան մնացած մեր տեղահանված հայրենակիցներին հնարավորինս կարճ ժամկետներում բնակարանով ապահովելն է:

Այսօր մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել բազմաթիվ շինհրապարակների, որտեղ նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ իրենց ամբողջ ներուժով աշխատում են շինարարները:

Տարբերող արտաքին տեսքով բոլորի ուշադրությունը գրավում է Տիգրան Մեծ փողոցում կառուցվող թաղամասը, որտեղ կառուցվող տները բացառապես նրբատախտակից են: Շինարարական տարբերվող լուծումներով կառուցվող թաղամասը ոչնչով չի տարբերվելու մյուսներից, պատասխանատուները պնդում են, որ այսօրինակ տների կառուցումը վաղուց աշխարհում ընդունելի տարբերակ է:

Մեզ հետ զրույցում աշխղեկ Սմբատ Գալոյանն ասաց.

-Թաղամասի կառուցման աշխատանքների 60-70 տոկոսն արդեն կատարել ենք, ներկա պահին ընթանում են տանիքների թիթեղապատման`զուգահեռ ներքին հարդարման աշխատանքներ: Աշխատում ենք հնարավորինս արագ, որպեսզի որքան հնարավոր է շուտ ավարտենք թաղամասի կառուցումը:

Գալոյանի փոխանցմամբ`աշխատանքները կավարտեն երեք ամսից: