[ARM]     [RUS]     [ENG]

Նպատակային զարգացման ծրագրերը' սոցոլորտի առաջնահերթություն

 

Աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, գերատեսչության աշխատանքների բարելավմանը միտված ձեռքբերումներից, կարևոր է համարում Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումն Արցախում, թեժ գծի գործարկումը նախարարությունում, Միասնական Սոցիալական Ծառայության գործակալության տարածքային բաժինների ստեղծումը, որոնց միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում մեկ պատուհանի սկզբունքով դիմել իրենց հուզող սոցիալական բոլոր հարցերի առնչությամբ։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Արմինե Պետրոսյանն անդրադառնալով գալիք տարվա անելիքներին՝ ընդգծել է. «Նոր տարում նախարարության ծրագրային անելիքների առաջնահերթություններում կարևորում ենք գործող աջակցության ծրագրերից նպատակային անցումը դեպի զարգացման ծրագրեր, որոնք կնպաստեն բնակչության շրջանում զբաղվածության խթանմանն ու ապահովմանը՝ սոցիալական կայուն զարգացման նորագույն մեխանիզմների ներդրման միջոցով: Այս նպատակով նախարարությունում 2022թ-ին նախատեսված է կառուցվածքային փոփոխություն՝ զարգացման ծրագրեր իրականացնող նոր ստորաբաժանման ընդգրկմամբ: Բոլոր ծրագրերը, որոնք շարունակաբար կիրականացվեն առաջիկա տարվա ընթացքում ևս, և բոլոր այն միջոցառումները, որոնք կմեկնարկեն գալիք տարվանից, միտված են թոթափելու արցախցիների սոցիալական բեռը՝ հիմքում, որպես նախապայման, ունենալով սոցիալական զարգացումն անելիքների ուղենիշ ընտրելու կարևորագույն դրույթը»: Ասուլիսի ընթացքում գերատեսչության ղեկավարը նշեց,որ ԱՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի համապատասխան որոշումով դադարեցվել է «ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի գործունեությունը և մեկ այլ որոշմամբ ստեղծվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ ԲՍՓ գործակալություն): Նախարարի հաղորդմամբ' ԲՍՓ գործակալության ստեղծմամբ, գործակալության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացմամբ, կորոնավիրուսի համավարակով, 2020 թվականի պատերազմական գործողություններով պայմանավորված փոփոխություններ են իրականացվել ԼՂՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 29-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին և 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» որոշումներում: Իրականացված փոփոխություններով վերանայվել է բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման կարգը, 2021 հունիսի 10-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը սահմանվել է բժշկասոցիալական վերափորձաքննությունների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի դեպքերի) իրականացման հատուկ պարզեցված ընթացակարգ, ապահովվել է ԲՍՓ գործակալության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը: