ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՈՐ ԳՈՐԾԸ. ՀԱՑԸ՝ ՀԱՅԻ ԱՐԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Շուշիից տեղահանված Առնոլդ Հովսեփյանը Ստեփանակերտում հացի արտադրամաս է հիմնել։ Ձեռնարկատիրական ոլորտում նա փորձի պակաս չի զգացել։
«Ծնվել և մեծացել եմ Շուշիում։ Ամուսնացել, տուն կառուցել։ Ձեռնարկատիրական երկար տարիների փորձ ունեմ։ Զբաղվում էի առևտրով. 2 խանութ ունեի՝ տնտեսական և մթերային, որով կարողանում էի հոգալ ընտանիքիս ապրուստը»,- պատմում է Առնոլդ Հովսեփյանը
Նպատակները կապված էին Շուշի քաղաքի հետ, իսկ ա՞յժմ։
«Պատերազմի ավարտից հետո առանց վարանելու կնոջս և երկու երեխաներիս հետ հաստատվել եմ Ստեփանակերտում։ Արցախում ապրելն ու արարելն ինձ համար պատիվ է, և շարունակելու եմ գործել Արցախում, քանի դեռ կամ, քանի դեռ կարող եմ ծառայել երկրիս և նրա բարօրության համար։
Հացի արտադրամասն անվանել եմ երեխաներիս անունով՝ Անգելինա և Դիանա (այս նույն անուններն էին կրում Շուշիում գործող 2 խանութը)։ Աջակցություն եմ ստացել «Հայաստան» հիմնադրամի կողմից։ Այժմ «Անգելինա և Դիանա» հացի փուռը գործում է Ստեփանակերտի Վահան Տերյան 23 հասցեում։ Ստեփանակերտում 10 տարի աշխատել եմ հացի փուռում։ Կարելի է ասել՝ դժվարություններ չեն եղել, ծանոթ էի գործին։ Դժվարությունը՝ զրոյից սկսելու մեջ էր, հոգեբանական էր, քանի որ պիտի սկսեի գործել հայրենի հողում, բայց առանց ծննդավայրի»,- նշում է Առնոլդ Հովսեփյանը, հավելում, որ իր այս քայլը կոչ է հայրենակիցներին՝ ապրել ու մաքառել հայրենի հողում և ցույց տալ ամբողջ աշխարհին քարից հաց քամող հայի տեսակը։
Հացի արտադրամասը հիմնելը նաև խորհրդանշական է, քանի որ Առնոլդ Հովսեփյանը հավատում է հացի զորությանը և կարևորում այն հայ մարդու համար։
«Հացն իր զորությամբ միշտ եղել է հայերի ուղեկիցը։ Այդ է վկայում, որ զինանշանում ունենք հասկերի խուրձ, կամ հայերը շատ հաճախ ճաշելն ասում են հաց ուտել, ունենք նաև թևավոր խոսք՝ հացով մարդ, աղ ու հաց կիսել, աղ ու հացով դիմավորել և այլն»,- ասում է նա։
Հացի զորությանն հավատալով էլ Առնոլդ Հովսեփյանը շարունակում է գործել. «Նպատակ ունեմ հացի արտադրամասն ընդլայնել խմորեղենի տարբեր տեսակներով, սակայն այս պահին աշխատողի խնդիր ունենք։ Ընդամենը 4 աշխատող ունենք։ Ընտանիքիս անդամներն ազատ ժամերին օգնում են ինչով կարող են, սակայն աշխատուժի պակաս չենք կարող ասել, որ չունենք»,- նշում է Առնոլդ Հովսեփյանը։
Նանիկ ԱՂԱՍՅԱՆ