ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿՈՄԻՏԵ՝ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ ԿՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի հիմնական նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը՝ ավելացնելով, որ այդ գործառույթն իրականացնելիս կարևորագույն պայման է սոցիալական արդարության ապահովումը։ Հետագայում կոմիտեն զբաղվելու է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց բոլոր տեսակի նյութական վնասների հարցերով։
Կոմիտեի նախագահից տեղեկացանք, որ ներկայում նյութական վնաս կրած անձանց աջակցությունն առավելագույնս կանոնակարգվում է։ Առաջնահերթությունը տրվում է նախ Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, այնուհետև մյուս սոցիալական խոցելի խմբերին։ Վ. Ղահրամանյանի խոսքով՝ կոմիտեն գործում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով, իսկ կառույցը տարբեր առաջարկություններ է ներկայացնում՝ այն ավելի կատարելագործելու վերաբերյալ։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ աջակցության հիմնական նպատակը քաղաքացիների և իրավաբանական անձանց կրած նյութական վնասը ինչ-որ չափով վերականգնելն է։ Կառավարության որոշումներով սահմանվել է աջակցության տրամադրման 6 ուղղություն.
1. հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն,
2. ութից ոչ ավել, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա,
3. բեռնատար ավտոմեքենա, ինը և ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկա,
4. հիմնական միջոցների հետևյալ տեսակներ՝ կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա, հաշվողական և համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, գործիքներ, ինչպես նաև պաշարների հետևյալ տեսակներ՝ նյութեր, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, արագամաշ առարկաներ (այսուհետ բոլորը միասին՝ նյութական ակտիվներ),
5. կաթնատու և մսատու կենդանի, մեղվաընտանիք,
6. պտղատու այգի և խաղողայգի։
Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ որոշ ուղղություններով փոխհատուցում է իրականացվում, որոշների դեպքում՝ աջակցություն։
«Ավտոմեքենաների և կորցրած գյուղատնտեսական տեխնիկայի մասով շուկայական գնահատում է կատարվում։ Այս առումով, կարելի է ասել, որ լիարժեք փոխհատուցում է իրականացվում։ Հիմնական և շրջանառու միջոցների (նյութական ակտիվներ) ուղղությամբ աջակցությունը տրամադրվում է բալանսային արժեքի չափով. կորսված գույքը՝ 80 տոկոսով, մասնակի վնասվածը՝ 20 տոկոսով։ Հասարակական նշանակության շենք-շինությունների դեպքում կադաստրային արժեքի եռապատիկի չափով է տրամադրվում աջակցություն, իսկ արտադրական նշանակության շենք-շինությունների դեպքում՝ յոթնապատիկի։ Մեզ համար լուրջ քննարկումների տեղիք է տվել ռազմագործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների հարցը, որի մասով աջակցություն է տրամադրվում կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով։ Այս հարցին սկզբունքայնորեն համաձայն չենք և առաջարկությամբ հանդես կգանք, որպեսզի մասնակի վնասված շենք-շինությունները վերականգնվեն։ Այստեղ պետությունը կշահի, քանի որ մեր նպատակն է նաև՝ հնարավորինս խնայել պետության հնարավորություններն ու միջոցները»,-մանրամասնեց Վ. Ղահրամանյանը։ Կոմիտեի նախագահից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ ստացել են շուրջ 9500 հայտ։ Աջակցության պետական հանձնաժողովի որոշման համաձայն՝ շահառու է ճանաչվել 1364 անձ, իսկ ճանաչման փուլում է 123-ի հայտը։ Ըստ մեր զրուցակցի՝ ոչ բոլորը կարող են շահառու ճանաչվել։ «Այս պահին մեծ թվով անճշտություններ կան՝ կապված կորսված անասունների տվյալների հետ։ Ցավոք, որոշ ոչ բարեխիղճ քաղաքացիներ ներկայացրել են կեղծ տվյալներ, ինչը խանգարող հանգամանք է։ Մենք իրավապահ մարմիններից պաշտոնական գրություն ենք ստացել կեղծ տեղեկություններ տրամադրած քաղաքացիների աջակցությունը կասեցնելու վերաբերյալ, մինչև համապատասխան մարմինները դատավարական վերջնական որոշում կկայացնեն»,-ասաց Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահը՝ նշելով, որ քաղաքացիները պետք է հասկանան, որ կեղծ տեղեկություններ տրամադրելով, կոմիտեի բնական գործունեությանը խանգարում են։ Վ. Ղահրամանյանը նշեց, որ խարդախության փորձերը կանխելու համար ակտիվ համագործակցում են իրավապահ մարմինների հետ, հատկապես՝ ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության։
Աննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ